ՀարցուԳԻՏԱփորձ

Ինչպե՞ս երազել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մենք ուզենք-չուզենք անընդհատ պլանավորում ենք։ Դա ոչ թե ինչ֊որ գիտություն է կամ նախագծերի կառավարման մի կոմպոնենտ, այլ մեր կյանքի անբաժան ֆունկցիաներից և կարևոր հմտություններից մեկն է, որը պիտի զարգացնենք, որ կարողանանք մեր անձնական և մասնագիտական նպատակներին ավելի լավ հասնել»։

Չգրված մի օրենքով տարեվերջին ամփոփում ենք՝ ինչ արեցինք անցնող տարվա ընթացքում, որ նպատակները իրականացան, որոնք մոռացվեցին, որոնք շարունակեցին մնալ երազանք։ Եվ, մեծ մասամբ, տարեվերջին ամփոփման գոհացուցիչ արդյունք ունենում են նրանք, ովքեր տարեսկզբին պատշաճ «տնային աշխատանք»՝ պլանավորում են արել։

«Անհատական զարգացման պլանի շրջանակում մենք ինքներս մեզ հետ ենք։ Չկա դատավոր, որը կասի` մեկ օր ուշանալը խնդրահարույց է․ պետք է սկսել, օրինակ, ամսի 1-ին, ոչ թե 15-ին։ Ինքներս մեզ հետ պետք է պայմանավորվենք»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Հունվարի 8-ի թողարկմամբ մենք ուզում ենք ասել՝ դեռ ուշ չէ․ տարվա պլանը կարող է կազմվել նաև հիմա։

***

Եթե Ամանորի կեսգիշերն անցկացրել եք սեղանի տակ՝ խաղողի 12 հատիկ ուտելով ու երազանք պահելով, կամ խմել եք շամպայն, որի մեջ լողում էր ձեր երազանքներն ամփոփող թղթի մոխիրը, ապա մեծ հավանականությամբ դուք ապրել, զգալ, բացահայտել, զարմանալ ցանկացող, մի խոսքով՝ կյանքից գեղեցիկ ակնկալիքներ ունեցող մարդ եք, իրական երազող։ Բայց եթե դեպի ձեր երազանք տանող ճանապարհը սահմանափակվում է այն խաղողի հատիկների հետ ուտելով կամ թղթի վրա գրել-այրելով, ապա կա ռիսկ, որ հաջորդ տարի նույն սեղանի տակ մեկ այլ խաղող ուտելով նույն երազանքները կպահեք։ Եթե, իհարկե, հիշեք դրանք։

Երազանքը սեփական հիշողությանն ու բախտի քմահաճույքին վստահելը ամենահուսալի տարբերակը չէ։ Այդ պատճառով են պլանավորման կախարդական ուժը հասկացած մարդիկ հորդորում՝ գոնե գրեք դրանք։ Եվ եթե այս՝ նվազագույն քայլն արդեն արել եք, ապա արդարացիորեն կարող եք բարձրացնել բողոքի մեկ այլ ալիք․ պարզվում է՝ նույնիսկ նոթատետրում շարադրված երազանքները երբեմն չեն կատարվում։

Ի՞նչ անել երազանքի իրականանալու շանսերը մի փոքր բարձրացնելու համար, ինչո՞ւ են որոշ մարդիկ մեծ ժամանակ հատկացնում պլանավորմանը, ինչո՞ւ են նույնիսկ պլանավորում՝ ինչպե՞ս պլանավորել, մեր կյանքի ո՞ր բաղադրիչներն են պետք կառավարել՝ առավելագույն արդյունավետության համար։ Ինչպե՞ս երազել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Պիտի կարողանալ հնարավորինս լավ պլանավորել, մենք պիտի ունենանք հստակ սահմանված քայլեր, եթե նույնիսկ դրանց հետագայում ոչ ամբողջությամբ ենք հետևում կամ բազմիցս շեղվում ենք (ինչը նույնպես նորմալ է)։ Եթե մենք մի քիչ ավելի խորը խոսենք, կասենք՝ դա ճկուն կառավարում է, երբ դու ամբողջ ընթացքում նոր իրողությունների շնորհիվ փոփոխում ես քո պլանը։ Դա ևս պլանավորման մաս է»։

Եթե նախագծերի կառավարման մասնագետ, Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանին ինքս հարց տված չլինեի, կմտածեի, որ կյանքի առօրյա գործողությունները պլանավորելու մասին է խոսում։ Իրականում զրույցը խիստ մասնագիտական՝ նախագծերի կառավարման դաշտում էր։ Մասնագետը պատմում էր՝ ինչ քայլեր են իրականացվում մեծ նախագծերը կյանքի կոչելու, օրինակ՝ բնակելի թաղամաս կառուցելու, Եվրատեսիլ, Օլիմպիական խաղեր կազմակերպելու համար։ Պարզվում է՝ կարելի է անել նույն պլանավորումը մեր լոկալ նախագծերը՝ երազանքները կյանքի կոչելու համար․

«Մենք պիտի պլանավորենք ռեսուրսները․ ի՞նչ ռեսուրսներ ունենք, ի՞նչ ռեսուրսներ են մեզ հարկավոր, ինչպե՞ս ենք օգտագործելու այդ ռեսուրսները։ Պիտի պլանավորենք ռիսկերը․ դրանք շատ կարևոր կոմպոնենտ են ցանկացած, նույնիսկ կենցաղային պրոյեկտի պարագայում։ Բայց, ցավոք սրտի, մեր մշակույթում այդքան էլ կարևորություն չենք տալիս ռիսկերին։ Նույնիսկ մեծամասշտաբ պրոյեկտներում երբեմն այնպիսի մտածողություն կա, որ կլինի՝ մի բան կանենք։ Մենք կարծում ենք, որ եթե ինչ֊որ բան պատահի, մենք անպայման ոտքի վրա լուծում կգտնենք, բայց դա էդպես չի։ Միշտ այդ լուծումը լինում է ավելի թանկ, ոչ արդյունավետ»։

Այսպես՝ եթե ձեր երազանքները միայն գրվել են թղթի վրա ու այրվել, եթե դուք չեք մտածել՝ ինչ եք ուզում, ձեզ ինչքան ժամանակ է պետք այդ ուզածն ունենալու համար, ինչ ֆինանսական ռեսուրս է պետք, ինչ օգնություն է պետք և մի շարք այլ հանգամանքներ, ապա հաջողելու հարցում ձեզ կօգնի միայն հրաշքը։ Դիտարկենք օրինակով։ Պատկերացնենք, որ տարեսկզբին դուք բավականին խոհեմ եք գտնվել ու «ուզում եմ իմանալ աշխարհի բոլոր լեզուները» ասելու փոխարեն մտածել եք՝ ուզում եմ նոր տարում սովորել անգլերեն․

«Շատ կարևոր է մինչև պլանավորելը ժամանակ հատկացնել վերլուծության և ինքնաճանաչման համար։ Դրանք անվերջ գործընթացներ են, բայց տարվա վերջում սովորաբար փորձում եմ վերլուծել տարի՝ ինչ արեցի, ինչ կարողացա անել և դրա հիման վրա փորձում եմ հասկանալ` որն է իմ հաջորդ քայլը, որն է իմ հաջորդ ցանկությունը և ինչ նպատակներ ունեմ։ Բնականաբար, փորձում եմ հասկանալ առաջնահերթությունները, քանի որ մենք իրատես ենք և չենք կարող 10 լեզու սովորել․պիտի հասկանանք` որն է մեր համար ավելի առաջնահերթ։ Ինքնաճանաչման արդյունքում մենք պիտի հասկանանք` արդյոք ես իմ կարողություններով, իմ փորձով, իմ ռեսուրսներով կարող եմ 2 լեզուն սովորել, թե չէ։ Ռիսկերը պետք է լավ հասկանանք, եթե ես էսքան ժամանակ հատկացնեմ 2 լեզու սովորելուն, ի՞նչ խնդիրների կարող եմ բախվել։ Օրինակ` կարող է դրա պատճառով չկարողանամ սպորտի գնալ։ Այսինքն` ես պետք է ընտրեմ»։

***

ԵՊՀ Փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Աքելյանի հետ նախորդ շաբաթ փորձել էինք հասկանալ՝ ինչպես ամփոփել նախորդ տարին՝ հասնելով տվյալահեն ինքնաճանաչման նոր մակարդակի։ Այս շաբաթ նույն լեզուների օրինակով ցույց է տալիս՝ ինչպես են երազում մարդիկ, որոնք ունեն երազանքները իրականացնելու հստակ որոշում։ Դավիթը կազմում է անհատական զարգացման պլան․

«Մենք էս հետաքրքիր գրաֆիկա անվանեցինք անհատական զարգացման պլան, ու ըստ էության, ցանկացած գործողություն, որը միտված է անհատի զարգացմանը, սկզբունքորեն կարող է տեղ ունենալ գրաֆիկում։ Առաջինը մենք արձանագրում ենք հենց գործողություն, այսինքն` ինչ ենք ուզում։ Էս պարագայում, օրինակ, կարող է լինել լեզվի ուսուցում կամ անգլերենի մակարդակի բարելավում, գիտական հոդվածի կամ գիտական աշխատանքի տպագրում, կամ էդ աշխատանքի ավարտում, կարող են լինել շատ-շատ տարբեր գործողություններ։ Երկրորդը գալիս է նկարագրման հատվածը։ Փորձում եմ մի քանի նախադասություն նկարագրել` մեր գործողությունը՝ սկզբից մինչև ավարտ։ Եթե, օրինակ, ուզում ենք լեզվի ուսուցմամբ զբաղվել, ենթադրում է, որ մենք նախ պետք է չափենք մեր էս պահը առկա լեզվի կարողությունները՝ ի՞նչ մակարդակի ենք այս պահին և հետո գծենք ճանապարհային քարտեզ՝ քայլեր, որոնք թույլ կտան հասնել մինչև էն լեզվի մակարդակի, որը մեզ համար մեկ տարվա ընթացքում ցանկալի արդյունք է»։

Այսպիսով երազանքն ավելի հեշտ կիրականանա, եթե ոչ թե ասեք՝ ուզում եմ անգլերեն իմանալ, այլ՝ հիմա տիրապետում եմ B1 մակարդակի անգլերենի, իսկ տարվա վերջում պիտի իմանամ C1 մակարդակի։ Անհատական զարգացման գրաֆիկի հաջորդ կետերը նպաստելու են այս ցանկության իրականացմանը․ պետք է մանրամասն նշել՝ ինչ ժամկետներում ինչ գործողություններ է պետք անել դրա համար։ Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում գտնել ձեզ ամենահամապատասխան մասնագետին, ազատել օրվա մեջ 3 ժամ՝ պարապելու համար և այլն։ Վերջին կետը կարող է լինել լեզվի իմացության թեստ հանձնելն ու, օրինակ, C1 մակարդակի գոյությունը հավաստող սերտիֆիկատ ստանալը։ Այսպիսով երազանքը դառնում է գործողություն։

«Մի օրինակ էլ կարող եմ բերել գրքերի հետ կապված։ Մենք, օրինակ, նշում ենք, որ տարվա ընթացքում դե երևի թե մոտ 20 գիրք կկարողանանք կարդալ, դրանք արձանագրում ենք, բայց զգում ենք, որ ընթացքում մեր էդ կատարողականը բարելավվում է և տարվա վերջ կարդում ենք, օրինակ, 40 գիրք։ Այս պարագայում շատ կարևոր է ունենալ ռեսուրսների ճիշտ բաշխում և բալանսավորված մոտեցում․ շատ գիրք կարդա՞լն է էս պարագայում կարևոր, թե՞ աշխատանքում և ուսման մեջ հաջողություններ արձանագրելը»։

Երազանքները պլանավորողները իրենց համար գնահատման ցուցիչներ ևս սահմանում են։ Եթե անհատական զարգացման պլանը կազմված է շատ կետերից, ապա մեծ է հավանականությունը, որը բոլոր կետերով 100 տոկոսանոց արդյունավետություն չի արձանագրվի։ Այսպես գուցե անգլերեն սովորելու վրա ջանքերն ավելի շատ լինեն ու տարվա ընթացքում նախատեսած 20 գրքի փոխարեն 18-ն ընթերցեք։ Դավիթ Աքելյանն ասում է՝ պլանավորումը չպիտի դառնա երկաթե օղակ՝ պարանոցին։ Այն ճկուն է, փոփոխվող՝ ըստ առաջնահերթությունների։ Ուստի կարևոր է սահմանել՝ քանի՞ տոկոս հաջողելու դեպքում կհամարեք, որ տարին արդյունավետ էր․

«Բայց մի կարևոր բան կա շատ հաճախ մենք փորձում ենք մեր ողջ կյանքը բերել պլանավորման դաշտ, որը մեկ այլ ծայրահեղ միտում է պլանավորում սիրող մարդկանց մոտ, ովքեր փորձում են բոլոր հնարավոր (անգամ անկանխատեսելի) իրադարձությունները բերել պլանավորման դաշտ։ Մեր պլանավորման գործիքակազմը այնքան նեղ և սահմանափակ է, որ թույլ չի տալիս ողջ սպեկտորը ընդգրկել։ Շատ իրադարձություններ, որոնք ուղղակի հնարավոր չէր կանխատեսել, եթե տեղի են ունենում, մեր պլանավորումը սկսում է հակասության մեջ մտնել կյանքի հետ։ Պլանավորման գործընթացը պետք է օժանդակի, պետք է ցույց տա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ և ինչպես կարելի է էդ տվյալների միջոցով սովորել բարելավել մեր առօրյան»։

Խոսքը բալանսը գտնելու, բարձիթողի ու հախուռն զարգացումներից, բայց նաև գրաֆիկներից անդադար կախված լինելուց խուսափելու մասին է։ Դրա համար մասնագետները հորդորում են առանձնակի ուշադրություն դարձնել փափուկ հմտություններին, օրինակ՝ ժամանակի կառավարման ձեր ունակությանը։ Այն զարգացնելու գործքիները բազմազան են ու խիստ հասանելի, բայց անարդյունք, եթե դեռ չեք ընդունել, որ ունեք դրա կարիքը։

Կարդացեք նաև

Back to top button