Կյանքին ասել այո՛

Ես երկու երեխա ունեմ, մի՛շտ երկու երեխա ունեմ․ Անուշ Մելիքյան․ «Կյանքին ասել այո՛»

Ռուբեն Պողոսյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 14 տարեկանում հորը կորցնելուց հետո մոր ու քրոջ հետ տեղափոխվում է Երևան, որտեղ էլ 2017-ին ավարտում է Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցը։

Նույն թվականին Ռուբենն ընդունվում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ։ Բանակ է զորակոչվում 2019-ի հունվարի 30-ին։ Ռուբենը ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» կոչվող զորամասում` որպես հրանոթի նշանառու։ Պատերազմի հենց առաջին օրը ոտքից վիրավորվում է, բայց շարունակում է կռվել առաջնագծի ամենաթեժ կետերում։

Ռուբեն Արսենի Պողոսյանը «Ցորի» հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկն էր, որոնք զոհվեցին հոկտեմբերի 12-ին Վարանդայի շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում։ Պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց՝ 2021-ի նոյեմբերի 2-ին, Ռուբենի և նրա 10 զինակից ընկերների աճյուններն ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին։ Ինչպես միասին մարտնչել, միասին զոհվել էին, այնպես էլ միասին հողին հանձնվեցին դեկտեմբերի 3-ին`  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Ռուբենի մայրը՝ Անուշ Մելիքյանը, նկարչուհի է, կերպարվեստ է դասավանդում Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում։ Սեպտեմբերի 12-ին Ռուբենի 25-ամյակին նվիրված նրա ցուցահանդեսը կոչվում էր «Խոստացած վերադարձ», որովհետև դեռ պատերազմից առաջ Ռուբենը խոստացել էր՝ վերադառնալու է։

Ռուբենի վերադարձը խոստացածը չէր ու ցավոտ էր, բայց Անուշի համար նա միշտ ներկա է։ «Ռուբենից հետո ապրում եմ որդուս հետ, որը երկնքում է, և՝ աղջկաս համար»,-ասում է Անուշն ու հավելում․ «Ինձ մեկը հարցրեց՝ քանի՞ երեխա ունես։ Ասացի՝ մեկ ու լացելով դուրս եկա։ Մարդը չիմացավ էլ՝ ինչ պատահեց։ Ու հետո ասացի՝ ես երկու երեխա ունեմ, մի՛շտ երկու երեխա ունեմ, ունենալու եմ երկու երեխա»։

Կարդացեք նաև

Back to top button