Գերդաստաններ

Ավանդույթներից սերող արվեստագետը․Վալմար. «Գերդաստաններ»

Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի գործունեությունն ընդգրկում է 50-ից ավելի անհատական և 130 –ից ավելի խմբակային ցուցահանդեսներ։  Այսօր էլ նա շարունակում է ցուցադրվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Միջին արևելքի և շատ այլ երկրների մշակութային կենտրոններում, պատկերասրահներում։  

Շվեյցարացի հայտնի արվեստաբան Տրիստան Մոլիեն նրա արվեստի մասին գրում է․ «Ավանդույթներից սերված այս արվեստն անցնում է մեր սրտի միջով՝ իր հետ բերելով այն, ինչ բնությունից է ու էությունից»։  

Վալմարի դուստրը՝ Հռիփսիմեն ևս շնորհալի նկարչուհի է, նրա աշխատանքները կարելի է տեսնել Կարեն Դեմիրճյանի անվան համերգային մարզադահլիճի նախասրահի պատերին, հայրիկի հետ բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների՝ ճամփորդելով տարբեր երկրներում։

10-13-րդ դարերում Կարսը  համարվում էր արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն։ Ավելի ուշ, երբ այն ընդգրկված էր Էրզրումի Կարինի նահանգում ծաղկուն քաղաք էր դարձել թե՛ տնտեսապես, և թե՛ մշակութային առումով։ Այստեղ գործում էին 12 տարբեր կարգի ուսումնարաններ, որտեղ սովորում էին նաև նկարչական արվեստ։

Կարսը, Ժողովրդական նկարիչներ Խաչատուր Եսայանի և Հովհաննես Զարդարյանի ծննդավայրն էր։ Ցեղասպանության տարիներին, կարսեցինեից շատերը հեռացան և բնակություն հաստատեցին Գյումրիում։ Մարգարյանների ընտանիքը Գյումրիում զբաղվում էր արհեստներով, առևտրով, ոմանք էլ՝ սննդամթերքների արտադրությամբ, քանի որ լավ էին տիրապետում մսամթերքների և պանրի արտադրության տեխնոլոգիային։

Հանրահայտ նկարիչ Վալմարի՝ Վոլոդյա Մարգարյանի հայրը՝ Մամիկոնը, հավանաբար իր նախնիներից էր սովորել պանրագործությունը և Գյումրիում համարվում էր շվեցարական պանրի լավագույն մասնագետը։ Մամիկոնը, սակայն չէր ուզում, որ որդին պանրագործ դառնա՝ համարելով այն ծանր աշխատանք։ Վոլոդյան նույնպես հետաքրքրված չէր այդ գործով և ամենից շատ սիրում էր նկարել։ Ուսուցչուհին՝ նկատելով տղայի նախասիրությունները, տեղեկացրեց ծնողներին, որ տղային նկարելուց բացի ոչինչ չի հետաքրքրում։

Եվ ահա՝ բացառիկ հանդիպում Երևանի Մոսկվա կինոթատրոնի հարակից սրճարանում։ Հանրահայտ Երվանդ Քոչարի հետ այստեղ ծանոթացավ Վալմարը, որը ճակատագրական նշանակություն ունեցավ իր ճանապարհն ընտրած երիտասարդի համար։ Մեծ արվեստագետի յուրաքանչյուր միտք ու խորհուրդ Վալմարի վրա մեծ ազդեցություն ունեցավ։

Գյումրու 26 կոմիսարների անվան թիվ 49 տուն հաճախ էր այցելում թաղի մանկաբույժը՝ Եվգինեն։ Նկարչի աչքից չվրիպեց գեղեցկատես, երիտասարդ բժշկուհին, որը հետագայում պիտի լիներ նաև իր ամուսնու արվեստի խորհրդատուն և օգնականը։

Բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցած, մրցանակների ու պատվոգրերի արժանացած Վալմարը, նվիրված է ազգային և համաշխարհային արվեստի հաստատուն ավանդույթներին։ Նա ուղղահայաց գծերի և հարթությունների ռիթմի միջնորդությամբ, ազատ տարածություն է բացում ու նկատելի դարձնում տիեզերքի անվերջությունը։

Պատահական չէ, որ նրա աշխատանքները բարձր են գնահատել հայ կերպարվեստի հեղինակավոր ու խստապահանջ այնպիսի անուններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Գառզուն, Ժանսեմը, Հակոբ Հակոբյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը։

Ահա մի քանի տող  հայտնի արվեստաբան Լևոն  Չուգասզյանի խոսքերից․ «Կարելի է ասել, որ նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է և այդ իմաստով ժամանակակից հայ կերպարվեստի յուրօրինակ դրոշակակիրը։ Նրա ստեղծագործական ընթացքը հղի է անսպասելի հայտնագործություններով»։

Հետևելով հոր աշխատանքներին՝ Հռիփսիմեն ևս հմայվեց այդ «կախարդական աշխարհով» և 1992 թվականին ընդունվեց «Բաց համալսարանի» հագուստների գեղարվեստական ձևավորման բաժինը, հետո գերազանց ավարտեց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, մասնակցեց հանրապետական ցուցահանդեսների, կատարեց գրաֆիկական և հրատարակչական մի շարք ձևավորումներ։

Ցուցահանդեսներ ունեցավ Եվրոպայում, Միջին արևելքի և Ամերիկայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում։ Նա ներդաշնակ կոմպոզիցիաների հեղինակ է, որի գեղագիտությունը փոխ է առված բնությունից, ինչպես նկատում  են շատ արվեստաբաններ։

Հռիփսիմեն բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել հոր հետ միասին՝ արժանանալով համակրանքի ու պարգևների։ Հռիփսիմեն ինտերիեր դիզայնի աշխատանքներ է իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՝ նախասրահը ձևավորելով ապակյա վիտրաժներով։

2012 թվականից «Վալմար» արվեստի սրահի տնօրենն է։ 2017 թվականին Ստրասբուրգում,, մասնակցել է «Կանայք արվեստով հանուն խաղաղության» միջազգային նախագծին։

Վալմարն այսօր էլ շարունակում է բազմաթիվ գործեր ստեղծել՝ ընդլայնելով իր արվեստի սահմանները և նշանակալի դեր ունենալով հայ և համաշխարհային կերպարվեստում։

Կարդացեք նաև

Back to top button