ԿարևորՄիջազգային

Ադրբեջանի նախագահի կուսակցությունը ստացել է խորհրդարանում տեղերի կեսից ավելին․ ընդդիմությունը ներկայացված չի լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ձայների նախնական հաշվարկով ստացել է խորհրդարանում 68 մանդատ։ Կառավարությանն ընդդիմացող քաղաքական ուժերը ներկայացված չեն լինի երկրի նոր խորհրդարանում։

Ձայների 91%-ի հաշվարկի արդյունքներով՝ Ալիևի կուսակցությունը խորհրդարանում ստացել է 68 մանդատ՝ 125-ից։

Մյուս մանդատները կտրամադրվեն պաշտոնապես անկախ թեկնածուներին, ովքեր փաստացի աջակցում են կառավարությանը, ինչպես նաև փոքր իշխանամետ կուսակցություններին:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 37,72 տոկոս։ Ընդհանուր առմամբ քվեարկել է գրեթե 2,2 մլն մարդ։

Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», բոյկոտել է քվեարկությունը։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը 15 տարվա մեջ առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նոր խորհրդարանում ոչ մի տեղ չի ստանում։ Նրա առաջնորդ Արիֆ Հաջիլին Reuters-ին ասել է, որ կուսակցությունը չի հավատում ընտրությունների արդարությանը, և մասնակցել է՝ «երկրում քաղաքական մթնոլորտը աշխուժացնելու համար»։

«Ընտրությունները ժողովրդավարական պայմաններում չեն անցել»,- ասել է նա։

«Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ։

Այս տարի Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են առանց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են երկրում մամուլի և իշխանության քննադատների նկատմամբ աննախադեպ հալածանքների ֆոնին։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական քաղաքական կառույցները մշտապես քննադատել են ադրբեջանական համապետական և տեղական ընտրությունները՝ նշելով, որ դրանք մրցակցային չեն, անցկացվում են իշխող ռեժիմի կողմից պարտադրված կանոններով և մշտապես ուղեկցվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով:

Կարդացեք նաև

Back to top button