
Այսօր Ադրբեջանում տեղի են ունենում խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները: Բաքվից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին (համապատասխանում Է Երևանի ժամանակին) քվեարկությանը մասնակցել Է ընտրողների մոտ 29.5 տոկոսը՝ 1 միլիոն 893 հազար 555 ընտրող։ Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի՝ ընտրողների ընդհանուր թիվը մոտ 6,5 միլիոն Է:
Միլլի Մեջլիսն Ադրբեջանի միապալատ խորհրդարանն Է, որն ընտրվում Է մեծամասնական ընտրակարգով: 125 տեղի համար պայքարում է 990 թեկնածու, որոնցից 305-ն առաջադրվել են 25 կուսակցությունների կողմից, մնացածն անկախ թեկնածուներ են։ Ադրբեջանական օրենքներով, ընտրողների մասնակցության շեմ չկա, հետևաբար, ընտրությունները բոլոր դեպքերում կհամարվեն կայացած:
Նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա հունիսի 28-ին Է հրամանագիր արձակել վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը վկայակոչել Է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բելառուսի խորհրդարանի սենատոր Դմիտրի Ժուկին, որն այսօր Բաքվում հայտարարել Է, թե «Միլլի Մեջլիսի ընտրություններն ընթանում են լավ մրցակցության պայմաններում»։
Նմանօրինակ դրական գնահատականներ են տալիս Մալայզիայի խորհրդարանի ներկայացուցիչները, Թոււրքիայից և մի շարք այլ երկրներից ժամանած դիտորդներ, մինչդեռ, Ադրբեջանի ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտում են այս ընտրությունները:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական քաղաքական կառույցները մշտապես քննադատել են ադրբեջանական համապետական և տեղական ընտրությունները՝ նշելով, որ դրանք մրցակցային չեն, անցկացվում են իշխող ռեժիմի կողմից պարտադրված կանոններով և մշտապես ուղեկցվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով:




