ԿարևորՀասարակություն

Ռադիոլրագրության «Մայակը»՝ Կորյուն Խումարյան․ երբ անունը պրոֆեսիոնալիզմի հոմանիշն է

Կյանքից հեռացել է «Իմպուլս-Մայակ» ռադիոկայանի հիմնադիր, լրագրող Կորյուն Խումարյանը, ում 80-ամյակը կլրանար նոյեմբերի 1-ին։ Կորյուն Խումարյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։ 

Եղել է «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակիցը: 1999 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը: Կորյուն Խումարյանն 1981-ին արժանացել է ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի»։ Խորհրդային միության  այս բացառիկ մրցանակին  արժանացել է էթնիկական երաժշտության մասին պատմող ֆիլմի համար, որի սցենարի հեղինակն էր։ 1982-ին՝ արժանացել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։

Կենսագրական փաստերի կողքին գործընկերների ու ուսանողների հուշերն են ու գնահատանքի խոսերը։

«Առաջին դասախոսներիցս մեկն էր, որ լսարան մտավ, հիշում եմ՝ ձեռքին կար բանալիների մեծ կապոց, որը նետեց գետնին ու ասաց՝ գրեք սրա մասին»։

Սա լրագրող-հաղորդավար Քրիստինե Ալագուլյանի առաջին հանդիպումն էր ժուռնալիստի վարպետության դասախոս Կորյուն Խումարյանի հետ։ Այդ օրը նա գրեթե բոլոր աշխատանքները ջնջել տվեց․ ուսանողները մասնագիտական առաջին «փորձությունը» չանցան։ Հետո արդեն Քրիստինեն հաճախ պիտի հիշեր այս «մարտահրավերն» ու կիրառեր նրա տված հմտությունները՝ իրադարձություններին նայել ժուռնալիստի վարպետությամբ։ 

«Պարոն Խումարյանը նայեց մեր աշխատանքները և գրեթե բոլորինս ջնջել տվեց։ Դա մեզ համար մեծ դաս դարձավ, դրանից հետո սկսեցինք պրպտել, թե ինչ պիտի անենք, որ գոհացնենք իրեն։ Ինքն ընդամենը մեզ սովորեցնում էր, թե ինչպես է պետք տեսնել ու իրադարձային ռեպորտաժ գրել»։

Հեշտ չէր նրան գոհացնել։ Պահանջները շատ, սկզբունքները՝ խիստ, այդպես են հիշում։ Բայց նաեւ հոգատար․ գերադասում էր ոչ թե կտրել քննությունից, այլ ուսանողին հասցնել քննությունը հանձնել կարողանալու աստիճանի։ Լավ ռադիոակնարկ պատրաստելն ինչքան ժամանակ ու ջանք էր արժենում՝ ուսանողները լավ են հիշում։

«Տարբերվող դասախոս էր,  նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան  գրավում էր ուսանողներին։ Հանձնարարել էր պատրաստել ռեպորտաժ և ակնարկ։ Սկզբում ծանոթացել էր ակնարկին, բայց անձնապես չէր ճանաչում ինձ։ Հաջորդ դասին, երբ ներկայացրի ռեպորտաժս, զարմացավ, ասաց՝այ բալա, բա նման ակնարկ գրողը այսպիսի ռեպորտաժ կգրի՞։ Ակնարկը շատ էր հավանել, հետո հրավիրեց ռադիո ձայնագրվելու։ Դա իմ առաջին ռադիոռեպորտաժն էր»։

Խումարյանի հենց առաջին դասախոսությունից որոշում կայացրի, որ երբեք չեմ զբաղվի ժուռնալիստիկայով: Վախից չէի նստում իր դասերին: Իհարկե, որոշումս խախտեցի՝ գրում է լրագրող Մարինա Բաղդագուլյանը։ Տարիների հետ ավելի ու ավելի համոզվեցի, որ Խումարյանը ճիշտ էր՝ ոչինչ չէր չափազանցել: Երբեք մեզ չասաց ընդունված բաներ մեր մասնագիտության մասին, թե ժուռնալիստը պիտի ցինիկ լինի, թե ժուռնալիստին դռնից հանեն՝ լուսամուտից պիտի մտնի:

 «Ավարտելուց հետո պատահական հանդիպեցինք՝ հրաշալի հիշում էր անուն-ազգանունս. հրավիրեց իր մոտ աշխատելու: Շնորհակալ եմ այդ օրերի Ձեր վստահության համար։ Գրագետ ժուռնալիստիկայի մոհիկանը»,-գրում է Մարինան:

Իսկ Նոյեմին ափսոսում է՝ չհասցրեց վերջին անգամ հանդիպել։

Ծխում էր շատ, պահանջում՝ ավելի շատ։

«Ինձ թվում է՝ բոլոր ուսանողներն են հիշում՝ ինչքան շատ էր ծխում, և դա իր կոլորիտի մի մասն էր՝ ծխելն ու պարտադիր սուրճը»։

Խումարյանը մեզ հենց առաջին դասին պարզ բացատրեց, որ ժուռնալիստիկան դառն ու դժվար փեշակ է՝ գործդ ցավի ու պրոբլեմի հետ է, ժուռնալիստիկայում չկա գիշեր-ցերեկ՝ անընդմեջ աշխատանք է, ժուռնալիստիկան տղամարդու գործ է՝ ծանր է։

«Ամեն օր լսարան մտնելիս ցավով նշում էր, որ կուրսի մեծամասնությունն աղջիկներ են։ Ասում էր, որ այս մասնագիտությունն աղջիկների համար չէ։ Տարիներ հետո, երբ ընտանեկան հոգսերի մեջ հասկանում ես, որ աշխատանքն իրոք խանգարում է ընտանիքիդ, հասկանում ես, թե ինչքան իմաստուն ու խելացի մարդ էր»։

Կորյուն Խումարյանի ուսանողները հետագայում նրա գործընկերները դարձան։ «Ինքն առաջինն էր, որ ասաց՝ ռադիոյի ձայն ունեմ»․ Խումարյանի նկատելը որոշեց Մերիի մասնագիտական ապագան։

«Ինքն էր, որ իմ մեջ սեր արթնացրեց ռադիոյի նկատմամբ։ Եթե ինքը չլիներ, ես դժվար թե ռադիոլրագրող դառնայի։  Բացի այն, որ իմ դասախոսն էր, նաև 4 տարի իր ղեկավարությամբ աշխատել եմ «Իմպուլս» ռադիոյում։ Իրեն գոհացնելը հեշտ գործ չէր։ Մի անգամ Դուշման Վադանի մասին ակնարկ էի գրում, երեք անգամ իմ ակնարկը պատռեց ու ասաց, որ սա այն ակնարկը չի , որին արժանի է Դուշման Վարդանը։ Դրանով ինձ ստիպեց բացահայտել ինքս ինձ, ինչի եմ ես ընդունակ»։

Կորյուն Խումարյանին հեշտ չէ մոռանալ։ Հանրային ռադիոյում նրա մասին պատմում էին, որ նա գայթակղելու վարպետ էր։ Կնամոլ չէր, բայց կնամեծար էր՝ ասում են։ Կողքին՝ գեղեցկուհի կին, բայց կանանց համար նա գրավիչ տղամարդ էր ու հետաքրքիր զրուցակից։ Երբեմն անգամ նրան քայլող հանրագիտարան էին անվանում․ չկար թեմա, որից պատկերացում չունենար ու չուներ մոտեցում, որը չհիմնավորեր։  

«Ինձ միշտ զարմացնում էր, որ ինքը մեզ մեծի տեղ էր դնում ու մեծավարի էր վիճում մեզ հետ։ Ես հետո հասկացա, որ երբ վստահում և մեծի տեղ ես դնում, մարդիկ իրենք էլ սկսում են իրենց արածներին լուրջ վերաբերվել»։

Նման մաշկի գույնով տղամարդու կյանքում չեմ հավանել՝ ասում է վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը։ Բայց Կորյունի նման տղամարդու հանդեպ գայթակղությունն այնքան մեծ էր, որ միջանցքում հանդիպելիս երկար ժամանակ բաժանվել չէի կարողանում՝ պատմում է։

«Ինքը փոթորկոտ, ձայնը՝ հանդարտ։ Երբ Կորյունը խոսում էր, ինձ թվում էր՝ նա ամենաբանական տղամարդն է»,- ասում է մեկնաբան Մարիա Պապյանը։

Ռադիոլրագրության պրոֆեսիոնալիզմի հոմանիշ՝ Կորյունին բնորոշում են ընկերները։ Վաստակավոր լրագրող, մեկնաբան Վարուժան Օլքինյանը նրա մասին մեկ բառով ասում է՝ «երեւույթ»։

Ժուռնալիստների միության անդամ Կառլ Յալանուզյանը նկատում է՝ Խումարյանը տալիս էր այն, ինչին ունկնդիրը դեռ սովոր չէր։

Ժուռնալիստիկան խղճի մասին է՝ սովորեցնում էր Կորյուն Խումարյանը՝ ռադիոլրագրության «Մայակը»։

Կարդացեք նաև

Back to top button