
Բազմաթիվ երկրների տնտեսության մեջ էական տեղ է զբաղեցնում կինոզբոսաշրջությունը։ Բազմաթիվ երկներ զբոսաշրջիկներին գայթակղում են ոչ միայն սեփական կինոարտադրանքով, այլև կինոպատմության ուրույն բաղադրիչ դարձած նկարահանման հայտնի վայրերով։ Նման գայթակղություններից զերծ չէ նաև հայկական կինոյի պատմությունը, որը կարող է դառնալ կինոզբոսաշրջության զարգացման լավ հնարավորությունը, բայց որքանո՞վ է օգտագործվում այդ հնարավորությունը։
Կինոտուրիզմը մեծ տարածում ունի, օրինակ, Նոր Զելանդիայում, քանի որ այստեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի ֆիլմեր, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը»։ Սիրված ֆիլմի ծանոթ պատկերները տեսնելու, գոնե կարճ ժամանակով ֆիլմի հերոսը դառնալու ակնկալիքով Նոր Զելանդիա են այցելում զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից։ Այս ոլորտում ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասում է, որ այս հարցի շուրջ մտածել են երկար ու համոզվել․

«Մենք պետք է դրանից զերծ չմնանք և կինոտուրիզմն անպայման ծառայեցնենք և՛ ներգնա զբոսաշրջության զարգացման, և՛ Հայաստանը հանրայնացնելու, և՛ օտարերկյա զբոսաշրջիկներին ներգրավելու խնդրին»։

Հայաստանում կան բազմաթիվ պատմական վայրեր, որտեղ նկարահանվել են հայտնի ու սիրված ֆիլմեր։ Արայիկ Մանուկյանի խոսքով՝ շատերը դրանց մասին որևէ տեղեկություն չունեն, մարդիկ ծանոթ են հիմնականում Գյումրիում նկարահանված մի քանի ֆիլմերի` «Մեր մանկության տանգո», «Եռանկյունի» և այլն, առանձին պատմական դրվագների։
Մինչդեռ՝ այդ առումով, ըստ նրա, բավականին հարուստ պատմություն ունի նաև Լոռին։

«Լոռիում նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը», «Տերը», Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանված այլ ֆիլմեր։ Հաղպատում և Սանահինում նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը»։ Նման պատմական վայրերից է Մարմաշենի եկեղեցին, որտեղ նկարահանվել է «Հեղնար աղբյուրը»։ Վերջին տարիներին վերականգնվել և գործում է աղբյուրը՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիլմում»։
Արայիկ Մանուկյանի համոզմամբ, այս վայրերը կարող են դառնալ ներգնա տուրիզմի զարգացման հրաշալի խթաններ՝ ներգրավելով նաև կրթական ոլորտը։ Հայկական կինոտուրիզմի զարգացման հնարավորությունները Կինեմատոգրաֆիստների միությունը վերջերս քննարկել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Ասում է՝ գաղափարը վերջիններին հետաքրքրել է։

«Անշուշտ խոսել ենք նաև «Ոսկե ծիրանի» մասին, որովհետև ունենալ նման փառատոն Հայաստանում և այն չծառայեցնել կինոզբոսաշրջության զարգացմանը, մեծ շռայլություն կլիներ»։
«Ոսկե ծիրանը» զբոսաշրջային փաթեթներում ակտիվորեն ներգրավելու առաջին փորձը կիրականացվի հենց այս տարի։ Արայիկ Մանուկյանի խոսքով՝ արդեն հստակ կազմակերպված աշխատանք է տարվում, որպեսզի ոչ թե մարդկանց այցը պարզապես համընկնի «Ոսկե ծիրանի» օրերին, նրանք մասնակցեն ինչ-որ միջոցառումների, այլ որպեսզի հետագայում Հայաստան գան հենց «Ոսկե ծիրանին» մասնակցելու նպատակով։ Մանուկյանը համոզված է՝ հայկական կինոփառատոնի գայթակղիչ էլեմենտները քիչ չեն։
Զբոսաշրջային փաթեթներում նախատեսվում են՝ կարմիր գորգով անցնելու համար նախատեսված հրավիրատոմսեր, բացման ու փակման ֆիլմերը դիտելու, աշխարհահռչակ կինոգործիչների վարպետության դասերին մասնակցելու հնարավորություններ։ Արտասահմանցի զբոսաշրջիկներն այդ օրերին, այսպես ասած, հայկական կինովայրերով անցնելու հնարավորություն կունենան, նաև, հատկապես այն կինովայրերով, որոնցով նրանք հետաքրքրված են։ Առաջին հերթին խոսքը, իհարկ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին է։ Զբոսաշրջիկները նաև իրենց ծանոթ հայազգի կինոգործիչների կենսագրությանը, նրանց կինոժառանգությանը ծանոթանալու հնարավորություն կունենան։
«Պարզ է, որ շատ հայտնի է «Միմինո» ֆիլմը, Ֆրունզե Մկրտչյանը։ Նրա հետ կապված մենք շատ բան ունենք ցույց տալու, այդ թվում և՛ Գյումրու թանգարանը, և՛ Դիլիջանը»։

Զբոսաշրջիկները, առհասարակ, հայկական կինոպատմությանն ու կինոարտադրանքին ծանոթանալու հնարավորություն կունենան։ Կինոգործիչները նախատեսում են, որ զբոսաշրջային քարտեզում հետագայում իր ուրույն տեղը կունենա «Ազգային Սինեմատեքը»՝ ազգային կինոժառանգության թանգարանը՝ իր ստեղծարար-կրթական կենտրոնով և ժամանցային հատվածներով: Կինեմատորգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը «Ազգային Սինեմատեքը» համարում է երազանքի նախագիծ։

Հայկական կինոյի պատմությունն անքակտելիորեն կապված է «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ։ Զբոսաշրջիկներից շատերը գուցե կցանկանային տեսնել այն կինոֆաբրիկան, որտեղ ստեղծվել են հատկապես խորհրդային տարիների սիրված ու հայտնի ֆիլմերը։ Հայկական կինոտուրիզմի քարտեզում , սակայն, «Հայֆիլմը» որևէ կերպ չի տեղավորվում։ Ինչպես Հարություն Խաչատրյանն է բնորոշում, այնտեղ այնպիսի ջախջախված վիճակ է տիրում, շենքի ճակատագիրն էլ, այսպես ասենք, անհիշելի ժամանակներից խիստ անորոշ է։




