ԿարևորՀասարակություն

Ով պետք է պաշտպանի փաստաբաններին․ վերջին չորս ամսում բռնության երեք դեպք է արձանագրվել

Երեկ հայտնի դարձավ, որ մասնագիտական պարտականությունները կատարելու համար Ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանների ու պարեկների կողմից բռնության է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին: Կարեն Ալավերդյանին նաև մեղադրանք է ներկայացվել։ Փաստաբանի հետ կատարված դեպքի առթիվ այսօր Փաստաբանների պալատում մամուլի ասուլիս էր հրավիրվել:

Փաստաբան Կարեն Ալավերդյանը պնդում է, որ հունիսի 7-ին ծեծի է ենթարկվել պարեկների ու ոստիկանների կողմից։ Դեպքից շուրջ մեկ շաբաթ անց հրավիրված մամուլի ասուլիսում փաստաբանը որոշ մանրամասներ է ներկայացնում լրագրողներին։ Ըստ այդմ՝ դատական նիստերից մեկի ժամանակ Ալավերդյանի պաշտպանյալն ու նույն գործով անցնող նրա ընկերն անձնական հարցերի շուրջ վիճել են: Որևէ հանցակազմ պարունակող դեպք տեղի չի ունեցել՝ ասում է փաստաբանը․

«Նիստից հետո ես ու պաշտպանյալս քայլում էինք, երբ մեզ մոտեցան 20-30 ոստիկանության աշխատակիցներ՝ Կենտրոնի ու Էրեբունու բաժնի աշխատակիցներ, պարեկային մի քանի անձնակազմեր։ Ոստիկանները տևական ժամանակ չէին կարողանում բացատրել մեզ մոտենալու նպատակը»:

Ի վերջո ոստիկանները ասել են, որ քաղաքացուն հրավիրում են ոստիկանության բաժին, ինչի իրավունքը, ըստ Ալավերդյանի, չունեին․

 «Պաշտպանյալս կամավոր նստեց պարեկների ծառայողական մեքենան, ինձ էլ խնդրեց ուղեկցել իրեն: Արհեստական խոչընդոտներ են հարուցել, որ չմոտենամ պաշտպանյալիս: Ի վերջո, ինձ հաջողվեց բարձրանալ, ինչից հետո 4-րդ հարկին հասնելով, լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չխփելու պահանջները: Դուռը բացելով՝ պաշտպանյալիս հայտնաբերեցի գետնին ընկած, ձեռնաշղթաներով, և 5-6 ոստիկան խփում էին նրան»։

Փաստաբանների պալատում արձանագրում են, որ  փաստաբանների  նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են․ վերջին 4 ամսում  ոստիկականության բաժանմունքներում  3 նման դեպք է արձանագրվել։

Պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հիշեցնում է  ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբաններ Էմմանուել Անանյանին ու Մարզպետ Ավագյանի ծեծի ենթարկվելու դեպքը։

«Հերիք չէ՝ ենթարկվում է բռնության, նրա նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ, որը մեզ համար անընդունելի է։ Ուրեմն, փաստաբանն արձագանքում է տիրող ապօրինություններին և դրա պատճառով ենթարկվում է բռնության»։

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ հիշեցնում է, որ Էրեբունու դեպքի առնչությամբ պալատը  պահանջել էր փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառած օպերլիազորների հրաժարականը։ Ասում է՝ այս անգամ նաև այլ պահանջներ են լինելու․

«Փաստաբանին խուզարկում են, ծեծում, ձեռնաշղթա հագցնում, հետո էլ՝ արցունքաբեր գազ կիրառում։ Այս անգամ միայն կատարողների հրաժարականով չեն պրծնելու: Սա շատ վտանգավոր բան է, շատ»։

Փաստաբաների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը վստահեցնում է՝ բոլոր նման դեպքերում հետևողական են լինելու․

«Ինձ համար տարակուսելի է միջազգային կառույցների պահվածքը, նրանք կարծես ջանքեր են գործադրում, որ Հայաստանում դատաիրավական համակարգը բարելավվի, բայց փաստաբանների նկատմամբ բռնությանը զրո արձագանք է լինում։ Ի՞նչ է, այս երևույթները մեր միջազգային գործընկերները նորմա՞լ են գնահատում։ Այսօր վտանգված է փաստաբանի անկախությունն ու նրա գործունեությունը»։

Նշենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել պաշտպանյալի հետ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձանց օրինական գործունեությանը միջամտելու համար՝ զուգորդված նրանց նկատմամբ բռնություն կատարելով: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ներքին գործերի նախարարության լրատվության վարչությունից «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան նշեցին, որ հենց դեպքի օրը ՝ հունիսի 7–ին, ծառայողական քննությունն է նշանակվել։ Արդյունքների մասին խոստանում են լրացուցիչ տեղեկացնել։  

Միջադեպին արձագանքել է նաև ՄԻՊ գրասենյակը։ Պաշտպանի նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել  ՀՀ գլխավոր դատախազություն և Ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով՝ տեղեկանում ենք օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Պաշտպանը նաև ընդգծում է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է։

Back to top button