ԿարևորՏնտեսական

Երասխում մետաղական կոնստրուկցիաներ կարտադրեն․ նոր գործարան՝ առաջնագծից 800 մ հեռավորության վրա

Սահմանամերձ Երասխում հայ–ամերիկյան մետալուրգիական գործարան կաշխատի, որը սև մետաղի ջարդոնի վերամշակմամբ կզբաղվի և մետաղյա կոնստրուկցիաներ կարտադրի։  Սահմանագծից  800 մետր հեռավորության վրա գտնվող գործարանն, ըստ էկոնոմիկայի նախարարի, նախատեսում է տարեկան մինչև 180.000 տոննա արտադրանք թողարկել, իսկ համայնքի բնակիչների համար շուրջ 1000 աշխատատեղ ապահովել։ Երասխում  հայ–ամերիկյան գործարան կառուցելու որոշումը ոչ միայն բնապահպանական ու տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական վերլուծությունների առիթ է դարձել։ 

Երասխում գործարան ունենալուն դեմ չեն

Հակառակորդի դիտակետից ընդամենը 800 մետր հեռավորության վրա կառուցված մետալուրգիական գործարանը մասնակիորեն աշխատում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Երասխի գյուղապետ Սարո Այվազյանը։ Նրա խոսքով՝ աշխատակիցների հիմնական մասը համայնքի բնակիչներն են, բայց քիչ չեն նաև ազգությամբ հնդիկները։

«Գործարանում շատ են հնդիկ աշխատողները, բայց մեր ու հարակից համայնքնրից էլ կան աշխատողներ։ Համայնքի ամբողջ երիտասարդությունը ներգրավված է այս աշխատանքներում։ Մենք գյուղում արտագնա աշխատանքի մեկնողներ չունենք»։

Համայնքապետի  կարծիքով՝ գործարանը ոչ միայն սոցիալական խնդիրներ կլուծի, այլև կամրացնի սահմանամերձ համայնքը։ 

«Քանի որ մեր Երասխը գտնվում է թուրքի թիրախի տակ, և՛ սահմանապահ գյուղ լինելը, և՛ գյուղը ամրացնելը, զարգացնելը հաշվի են առնված։ Էս գործարանով փորձում են ամրացնել Երասխը, գնալով ավելի է լավանալու համայնքի վիճակը։ Թեկուզ իրենց թիրախի տակ է, բայց կարևոր նշանակություն ունի»։ 

Երասխում 70 մլն դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան կառուցելու մասին տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտնել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով արտադրամասում արդեն աշխատում է 200 մարդ, գործարկումից  հետո կաշխատի ևս 1000–ը՝ գրել էր նախարարը՝ գրառմանը Երասխից  տեսանյութ կցելով։

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ ընկերությունը նախատեսում է 70 մլն դոլար ներդրում անել, իսկ տարեկան արտադրանքի ծավալը հասցնել 180.000 տոննայի։

Ով է կառուցում գործարանը

Կառուցող ընկերությունը հայ–ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ –ն  է, որը նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում  սև մետաղի ջարդոնի վերամշակում կազմակերպել։ Ընկերությունը հիմնվել է 2022 թվականի  հուլիսին։ Ըստ Պետռեգիստրի տվյալների՝  բաժնեմասերի 50%-ի սեփականատերը ԱՄՆ քաղաքացի է, մյուս կեսինը՝ ՀՀ քաղաքացի ։ 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացված նախագծի հիմնավորման մեջ ընկերությունը նշել է, որ պողպատե արտադրանքի պահանջարկը հանրապետությունում գնալով աճում է, Հայաստանն այն ներկրում է հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից։  

«Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը, ինչը թույլ կտա ստեղծել Հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնել ուղղակի և անուղղակի մուտքերը բյուջե, մրցակցության հաշվին նվազեցնել տվյալ արտադրանքի գները տեղական շուկայում»,- հիմնավորել են նախագծողները

Ըստ ընկերության՝ ներդրվող տեխնոլոգիան և օգտագործվող սարքավորումները արդիական են և ՀՀ-ում կիրառվելու  են առաջին անգամ։

Բնապահպանական վտանգներ չկան

Բնապահպանների համար մտահոգիչը շրջակա միջավայրի վրա գործարանի աշխատանքի հնարավոր ազդեցությունն է ու հարցը՝ կա՞ն արդյոք այդ ազդեցության գնահատման փորձաքննության արդյունքները։  Բնապահպանները պնդում են, որ չեն մասնակցել որևէ քննարկման և տեղյակ չեն փորձաքննության արդյունքներից։ Շրջակա միջավայրի նախարարության  ՇՄԱԳ կենտրոն ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը, մինչդեռ, հակադարձում է՝ եղել են հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը։ Պաշտոնյայի խոսքով՝  հայ–ամերիկյան «Ջի թի բի սթիլլ» ընկերությունը 2022 թվականին է դիմել շրջակա միջավայրի նախարարություն, անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը։ Փորձաքննության ներկայացված հայտն ուղարկվել է նաև առողջապահության, ԿԳՄՍ, ԱԻ նախարարություններ, Կադաստրի կոմիտե։ Ընկերությունը ժամանակակից  արտադրական հզորություններով արտադրանք է թողարկելու՝ ասում է։

«Նախատեսում են ինդուկցիոն վառարաններով աշխատել։ Հիմնականում դիտարկվել են արտանետումները, ձայնի թրթռումը, հողի, ջրի վրա ազդեցությունը, սանիտար գոտիները։ Բոլորը գտնվել են նորմայի սահմաններում, կատարվել է փորձաքննություն, տրվել է դրական եզրակացություն։ Ստացված բոլոր կարծիքներն ու դիտողությունները հաշվի են առնվել վերջնական փորձագիտական եզրակացությունում»։ 

Լա՞վ է, թե՞ վատ, որ սահմանամերձ համայնքում գործարան է կառուցվում

Երասխում հայ–ամերիկյան մետալուրգիական գործարան կառուցելու որոշումը ոչ միայն բնապահպանական ու տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական վերլուծությունների առիթ  է դարձել։ 

Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տարակուսել է՝ դժվար է հասկանալ այն մարդկանց, որոնք բացասաբար են  ընկալում Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը ։ Կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը արևմտյան ներդրումների ու ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինվելու կարիք ունի։

«Սա նաև անվտանգության երաշխիք է սահմանային գոտում, նաև  այդ համայնքի բնակչության համար աշխատատեղեր կստեղծի։ 21-րդ դարում ինչպե՞ս եք պատկերացնում երկրի տնտեսական զարգացումը ու այն անվտանգությանը ծառայեցնելը»

Ծրագիրը  գրավիչ  է, բայց նաև քաղաքական բաղադրիչ  ունի՝ կարծում է  տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա՝ այդ ենթատեքստը խնդրին հաղորդում է ընկերության ամերիկյան մասնաբաժինը։ 

«Ամերիկյան դրոշի ծածանվելը, հնարավոր է, որոշակի ազդեցություն ունենա, սակայն չպետք է մոռանալ, որ ամերիկյան կողմը քաղաքական ու  տնտեսական շահեր ունի։ Անգամ հաջողության դեպքում դա չի նշանակի անվտանգության ձևավորում, այնպիսի միջավայրի ձևավորում, որ Թուրքիան կամ Ադրբեջանը ձեռնպահ կմնան հարձակումներից։ Պետք է հաշվի առնել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը վերջին տարիներ, հաշվի չի նստում Ամերիկայի առաջնահերթությունների հետ»։  

Այն ծրագիրը, որը կծառայի ազգային պետական շահերին  և միաժամանակ տնտեսական, քաղաքական ու  սոցիալական խնդիրներ կլուծի, պետք է միայն ողջունել, ասում է զրուցակիցս և հավելում՝ այս պարագայում այդ  հավանականությունը կա։

Back to top button