Սփյուռքի ձայնը

Երուսաղեմի հայկական կալվածքները վտանգված են․ «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ աղմուկը նոր թափ է առնում ու ծավալվում։ «Սփյուռքի ձայնը» խնդրին անդրադարձել էր դեռ 2021 թվականին, հողատարածքը 99 տարով վարձակալության էր տրվել հրեա գործարարի պատկանող ընկերությանը։ Այս գործարքը դեռ այն ժամանակ քննարկումների ու մեղադրանքների պատճառ էր դարձել։ Սաղիմահայությունն այն ժամանակ էլ դեմ էր հայկական կալվածքների օտարելուն և վարձակալության տալուն, սակայն որևէ արդյունքի չկարողացավ հասնել։

Եվ ահա վերջերս խնդրին անդրադարձան Երուսաղեմի կալվածքների վրա ազդեցություն ունեցող երկրների առաջորդները։ Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն իրենց անհանգստությունը հայտնեցին և հայտարարեցին, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին այլևս չեն ճանաչում որպես պատրիարք։

Մեջբերում. «Պատրիարք Մանուկյանն առանց համաձայնության և խորհրդակցության, անշարժ գույքի հետ կապված միջոցներ և գործարքներ է կատարել, որոնք կազդեն Սուրբ քաղաքի ապագայի վրա»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը մի քանի որոշում է ընդունել Հին քաղաքը և նրա պարիսպները վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելով ու Մանուկյան պատրիարքի գործողությունները որակում են միջազգային դաշնագրերի և որոշումների բացահայտ խախտում, որն ուղղված է Երուսաղեմի ստատուս քվոյի պահպանման Երուսաղեմի իսկական հայկական ժառանգության պաշտպանության ժամ։ Աբդալահ թագավորն ու նախագահ Աբբասը շեշտել են, որ որևէ կալվածք չի կարող 49 տարուց ավելի ժամկետով վարձակալության տրվել։

Այս ընթացքում Երուսաղեմից լուրեր հասան, որ պատրիարքը կարգալույծ է հռչակել պայմանագիրը նախապատրաստած Պարետ վարդապետ Երեցյանին՝ հենց նրան մեղադրելով հայկական կալվածքները վարձակալության տալու մեջ։

Յակոբ Ճռնազեան

«Դրությունը շարունակում է լարված մնալ, սաղիմահայերը մտահոգված են, պատրիարքությունը շարունակում է իր գործողությունները»,- ասում է սաղիմահայ զրուցակիցս` Հակոբ Ջերնազյանը։

Ըստ նրա` համայնքը մշտապես բարձրաձայնել է, իր բնորոշմամբ, անօրինական այս գործարքի դեմ։

Հայր Պարետը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։ Դեռ երկու տարի առաջ` վարձակալության գործընթացն սկսվելու ժամանակ նա «Սփյուռքի ձայնին» ասել էր․

«Մենք ստորագրել ենք այդ պայմանագիրը և ես հպարտ եմ այդ որոշման համար»։

Ի վերջո, ինչո՞ւ է հայապատկան կալվածքների շուրջ ստեղծված իրավիճակի մեղավոր համարվում արդեն կարգալույց արված Հայր Պարետ Երեցյանը։

«Մեղավորը պատրիարքն է, իսկ Պարետ Երեցյանը` քավության նոխազ է ստեղծված իրավիճակում»,- նկատում է Հակոբ Ջերնազյանը։

Սաղիմահայ զրուցակիցս նշում է հրեա գործարարի տարբեր հողատարածքներին տիրանալու փորձերի և պատրիարքության թողտվության մասին։ Հայր Պարետ Երեցյանը տարիներ առաջ հավաստիացնում էր, որ պատրիարքությունը վերահսկում է այդ ընկերության բոլոր քայլերը։

Երուսաղեմի հայոց պատրիարքի և հայր Պարետի հարաբերությունները արդեն մի քանի ամիս է լարված են։ Պատճառը հենց «Կովերի պարտեզի» գործարքն է։ Այդ ընթացքում Նուրհան պատրիարքը պաշտոնանկ էր արել Պարետ Երեցյանին` նրա փոխարեն Երուսաղեմի պատրիարքության կալվածքների տեսուչ նշանակելով Կորյուն վարդապետ Բաղդասարյանին։ Եվ քանի որ սաղիմահայության սպասելիքները Էջմիածնից մեծ են, փորձեցինք կապ հաստատել նաև Մայր աթոռի հետ։

Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը փոխանցեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Նուրհան պատրիարքի հետ հեռախոսով քննարկել է ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելու ուղիները։

Back to top button