ԿարևորՀասարակություն

Գիտական կոչում ստանալն ավելի դժվար կլինի․ ԲՈԿ-ը խստացնում է պայմանները

Գիտական կոչում ստանալն այսուհետ ավելի դժվար կլինի։ Բարձրագույն որակավորման կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնցով հստակեցվում է գիտական կոչումներ ստանալու կարգը, խստացվում են գիտական աստիճաններ ստանալու պահանջները։ Փոփոխությունները, ըստ ԲՈԿ նախագահի, ժամանակավոր են և գործելու են մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը։ Իսկ օրենքի ընդունման հեռանկարը դեռ անորոշ է։

Բարձրագույն որակավորման կոմիտեն սպասում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունմանը, որով փոփոխություններ են նախատեսվում գիտական կոչումների ու աստիճանակարգերի շնորհման գործընթացում, բայց  մինչ այդ ընթացիկ լուծումներ է առաջարկում։ Դրանք հիմնականում վերաբերում են գիտական կոչումներ ստանալու կարգը հստակեցնելուն․

«Գիտական կոչում ստանալու համար մանկավարժական ծանրաբեռնվածությունը հստակ դրված չէր, մինչդեռ ենթադրվում է, որ գոնե 0,25 ծանրաբեռնվածություն պետք է լինի։ Հիմա հստակ ամրագրվել է, որ 150 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն պետք է լինի․․․Նաև շատ սողանցքներ կային, օրինակ` պրոֆեսորի կոչման կարող էին արժանանալ մի դեպքում շատ մեծ գիտամանկավարժական ստաժ ունեցողները, մեկ այլ դեպքում՝ 30 տարվա ստաժն անհրաժեշտ չէր։ Հիմա ամրագրված է, որ 25 տարվա ստաժ պետք է ունենա թեկնածուն»։

Այս փոփոխությունները ժամանակավոր են, քանի որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից մի քանի տարի անց գիտական կոչումներ այլևս չեն տրվի։ Օրենքը նախատեսում է գիտական աստիճանաշնորհման գործող երկաստիճան համակարգից անցում կատարել միաստիճան համակարգի։ Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին․ կրթական ծրագրի ավարտին կշնորհվի դոկտորի (PhD) որակավորում:

Կոչումների վերացմանը զուգահեռ խստացումներ են սպասվում գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճաններ ստանալու կարգում։

«Այս պահին գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար կա երկու հնարավորություն: Պահանջներից մեկ համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի տեղական պարբերականներում պետք է ունենալ 6 հատ տպագրություն: Մյուս դեպքում պահանջվում է 3 հատ տպագրություն ունենալ, որից մեկը պարտադիր պետք է լինի գիտատեղեկատվական միջազգային հարթակում, օրինակ, «Web of Science»-ում: Հումանիտար թևում, ըստ էության, միշտ օգտվում են 6 հատ տեղական պարբերականներում տպագրություն ունենալու հնարավորությունից: Հիմա, առաջարկվող փոփոխություններով, բոլոր դեպքերում գիտատեղեկատվական միջազգային հարթակում տպագրված աշխատանք ունենալը պարտադիր է լինելու»

Այս քայլերն ուղղված են գիտության միջազգայնացմանը։ Քեռյանն ասում է՝ Հայաստանի գիտական միտքը ճանաչելի ու հեղինակավոր պետք է լինի նաև միջազգային գիտական ասպարեզում։ Փոփոխությունները կիրառելի կլինեն 3-4 տարի անց, որպեսզի գիտական աստիճան հայցողները հասցնեն միջազգային գիտական շտեմարանների պահանջներին բավարարող գիտական հոդվածներ գրել ու հրատարակել։

Գիտության զարգացման հավակնությունները, սակայն, ապարդյուն են, եթե գիտական աստիճան ձեռք է բերվում ոչ թե գիտական մտքի, այլ գրագողության արդյունքում։ Այս ոլորտում ևս ԲՈԿ-ը փոփոխություններ է նախատեսում։

«Ռուսաստանի գիտությությունների ակադեմիայի հետ գրագողությունը բացահայտող ծրագրի ներդրման, օգտագործման հետ կապված համաձայնագիր է կնքվել։ Այս պահին աշխտանանքեր են տարվում նաև Ղրղստանի ու Ղազախստանի համանման կառույցների հետ համաձայնագրեր ստորագրելու ուղղությաբ, ինչը կնպաստի տարբեր երկրների փորձը փոխանակելու»։

Ծրագրային նոր լուծումը հասանելի կլինի ոչ միայն Բարձրագույն որակավորման կոմիտեին, այլ նաև գիտական պարբերականներ գլխավոր խմբագիրներին ու մասնագիտական խորհրդին։ Արդյունքում` գրագողության դեպքերը կարող են բացահայտվել ոչ թե հոդվածի հրապարակումից ու գիտական աստիճանի շնորհումից հետո, այլ առաջ։ Ծրագիրն, ասում է, իր գործը կանի, բայց մարդկային գործոնն այստեղ ևս կարևոր է․

«Եթե մասնագիտական հանրության համար խնդիր չէ, որ ինչ–որ մեկը գրագող է, ապա միշտ էլ հնարավոր կլինի դա ծածկել։ Շատ կարևոր է, որ մենք գրագողերին մեր շարքերից հանելու ներքին պահանջ ունենք։ Եթե մենք էդ պահանջը չունենք, էդ դեպքում ինչքան ուզում ես սահամանփակումներ դիր, դրանք շրջանցելու հնարավորություն կստեղծվի»։

Ոլորտի պատասխանատուները նշում են՝ այս փոփոխություններն առաջիկա երկու տարվա համար են՝ ընդամենը երկիմաստ որոշումներից խուսափելու, սողանցքները փակելու համար։ Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը որոշ ժամանակով էլի հետաձգվի, ապա Քեռյանի կածիքով գիտական կոչումների տրամադրման կարգում որակական փոփոխություններ ևս կարվեն։

Ակադեմիական շրջանակում լայնորեն քննարկված ու քննադատված Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը խորհրդարանում ընդունվել էր դեռ 2021-ի մարտին։ Նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, այն չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։ Օրենքի  որոշ դրույթներ հակասահմանադրական էին համարվել։ Դրանք հիմնականում վերաբերում էին բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին։

ՍԴ որոշումից հետո՝ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ նախագիծը  փոփոխությունների կենթարկվի և նորից կուղարկվի կառավարություն, հաստատվելու դեպքում կրկին կներկայացվի խորհրդարանի դատին։ Նախագիծը դեռ լրամշակվում  է։

Back to top button