ԿարևորՀասարակություն

Քրեական միջազգային դատարանը կարող է «զսպաշապիկ» լինել Ալիևի համար․ Հայաստանը կարող է ու պետք է դիմի

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի  ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական ու Արդարադատության միջազգային դատարաններ է ներկայացրել հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակված տեսանյութը ադրբեջանցի զինծառայողների հերթական վայրագությունների մասին։ Այս դրվագով լրացվելու են  երկու դատարաններում քննվող գործերը՝  ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը:

Մասնագետները կարևորում են նաև Միջազգային քրեական դատարան դիմելու անհարժեշտությունը։ Այդ հնարավորությունն իրացնելու համար Հայաստանը մի քանի  խոչընդոտներ ունի։ Դրանցից հիմնականը Հռոմի կանոնադրության վավերացված չլինելն է, ավելին՝ 2004-ին այս փաստաթղթի հակասահմանադրական ճանաչվելը։ Փորձագետներն ասում են՝ այլընտրանքային ճանապարհներ կան ։

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջները լրացվել են ևս մեկ դրվագով՝ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակված տեսանյութով։  Այս ապացույցը ներկայացնելով՝  հայկական կողմն  ընդգծում է  Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը։  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ  Դիանա Քարազյանը պարզաբանում է․ 

«Տեսանյութում երևում է, որ անձինք ուղղակի սպանվում են,  այս պահին իրավական գործիքները մեզ թույլ չեն տալիս, որպեսզի միջանկյալ միջոցի մասով որպես առանձին պահանջ ներկայացնենք։ Բայց փաստը կօգտագործվի, որպեսզի հայ ռազմագերիների պաշտպանության հարցը ևս մեկ անգամ Եվրոպական դատարանում բարձրացվի, և Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապացույցներ են ներկայացվում, որպեսզի այդ միջանկյալ միջոցները ի վերջո ներկայացվեն»։

Տեսանյութի հրապարակումից հետո մասնագետներն ավելի ու ավելի շատ են խոսում   Միջազգային քրեական դատարան դիմելու անհրաժեշտության մասին։ Բայց այդ հնարավորությունն իրացնելու համար Հայաստանը  լուրջ խոչընդոտ ունի․ստորագրել է, բայց  չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, քանի որ այն  2004-ին ՍԴ որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել։

Միջազգային իրավական  հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյան

«Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրությունը՝ Ստատուտը, ՀՀ–ն ստորագրել է 1999թ, 2004 թվականին սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական է ճանաչել։ Դրանից հետո գործընթացը կասեցվել է։ 2004 թվականից հետո մենք երկու անգամ Սահմանադրական փոփոխություններ ենք կատարել, կարծում եմ, միգուցե արժի այս հարցին անդրադառնալ»։  

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում պարզաբանում է՝ 2004–ին ՍԴ–ի հիմնական փաստարկը վերաբերում էր բարձրաստիճան անձանց անձեռնմխելիության խնդրին․ ստատուտի վավերացումը  ենթադրում էր հրաժարում դրանից։ Իրավաբանը կարծում է, որ այստեղ  հակասություն չկա․

«Միջազգային իրավունքում անձեռնմխելիությունը պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև հարաբերություններին  է վերաբերում։ Ստորագրելով ստատուտը՝ Հայաստանը չի հրաժարվում ներպետական անձեռնմխելիությունից։ Հայաստանը հրաժարվում է միջպետական հարաբերություններում անձեռնմխելիությունից»։

Ինչո՞ւ է կարևոր Միջազգային քրեական դատարան դիմելը և  ի՞նչ կտա այս փուլում Հայաստանին։ Սա միջազգային արդարադատություն իրականացնող մարմին է, որը սահմանված ընթացակարգով քրեական պատասխանատվության է ենթարկում

խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված, այդ թվում նաև զինված ընդհարումների ժամանակ մարդու իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումների համար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց։ Ընդ որում՝  այդ  հանցագործությունների համար ֆիզիկական անձը պատասխանատվության է ենթարկվում, եթե նրա հանցավոր արարքը կապված է պետության հանցավոր գործունեության հետ։

Հռոմի կանոնադրությամբ սահմանվում են չորս տեսակի զինվորական հանցագործություններ, որոնց համար նախատեսվում է Միջազգային

քրեական պատասխանատվություն՝  ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ագրեսիա։  Գործնականում դատարանը վերջին յոթ–ութ տարիներին է սկսել ակտիվ հետաքննել ու դատավճիռներ կայացնել՝ ասում է իրավաբանը

2018–ի տվյալներով  Կանոնադրությունը  ստորագրել է 139 և վավերացրել 123 պետություն։ Հայաստանը , ինչպես և Ռուսաստանը , փաստաթուղթը ստորագրած, բայց չվավերացրած երկրների թվում է։  Ադրբեջանն ու Թուրքիան փաստաթուղթը ոչ ստորագրել են, ոչ էլ վավերացրել, տարածաշրջանի միակ երկիրը որը, և ստորագրել է, և վավերացրել Հռոմի կանոնադրությունը, Վրաստանն է։

Մասնագետները Հայաստանի համար հուշում են այն մեխանիզմը, որից օգտվել է Ուկրաինան՝ առանձին ժամանակահատվածի կամ տարածքի մասով  ընդունել  դատարանի իրավազորությունը։

«Կարող է հիմա անել Հայաստանը՝ 2021–2022թվականներին Ադբեջանի հարձակումների առնչությամբ, քանի որ այդ հարձակումները հենց ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ են իրականացվել։ Երկու դեպքում էլ գործ ունենք ագրեսիայի հետ, միջազգային հանցագործություններ են։ Կա բուն ագրեսիայի հանցագործություն, հատկապես սեպտեմեբրի 13–ի էսկալացիայի մասով, կան առնվազն պատերազմական հանցագործություններ, եթե խոսում ենք գերեվարված զինծառայողների գնդակահարության մասին, ընդհանուր նման արարքների սիստեմատիկ բնույթը, տեսականորեն թույլ է  տալիս խոսել նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»։

Մասնագետը հստակ երկու և  պոտենցիալ ևս մեկ հանցակազմ տեսնում է։   Նաև զգուշացնում է՝ դատարանի իրավազորությունն ընդունելն ինքնաբերաբար չի նշանակում, որ հետաքննություն կիրականացվի կոնկրետ անձանց նկատմամբ։ Դատարանը զգուշավոր է հատկապես գործող բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վարույթներ հարուցելու հարցում։

«ՀՀ–ն միակողմիանի հայտարարությամբ կարող է ընդունել դատարանի իրավազորությունը իր տարածքի նկատմամբ՝ իքս ժամանակահատվածի մասով օրինակ սեպտեմբերի 13–ից 16–ի իրադաձությունների մասով։ Կարծում եմ պետք է Հայաստանը դիմի»։

Գործի քննությունը, ինչպես ՄԻԵԴ–ում,  երկար է  տևում, բայց ի տարբերություն Եվրոպական դատարանի՝  սա ոչ միայն պատասխանատվության, այլև զսպման ու քաղաքական ճնշման գործիք է՝ ասում է  մասնագետը։

«Սա ոչ այնքան անձին պատասխանատվության կանչելու, որքան պետությանը զսպելու միջոց է։ Երկրորդ անգամ նման քայլի գնալուց, հրաման տալուց  առաջ երկրի ղեկավարը շատ լուրջ կմտածի՝ գիտակցելով, որ դա անձամբ իրեն կբերեր քրեական պատասխանատվության։ Այստեղ խոսում ենք  զսպման ու  քաղաքական ճնշման միջոցի մասին։ Այստեղ արդեն կարևոր չէ, թե որքան կտևի։ ՄԻԵԴ–ի դեպքում, քանի որ որպես կանոն գումարային հատուցումն է, այդ պահի երկրի ղեկավարի համար 4–7 տարի անց սպասվող դատական ակտը այդքան էլ զսպող դեր չի կատարում, քանի որ միգուցե ինքն արդեն իշխանության չլինի, կամ՝գումարի մասին է , իսկ այստեղ անհատի մասին է  խոսքը։ Եվ զսպող նշանակությունը պետք է որ մեծ լինի»։

Միջազգային դիվանագիտական ատյաններում շարունակվում  է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի դատապարտումը։  Վերջին հայտարարությունները Ֆրանսիայից, Հունաստանից ու Կանադայից են։ Դիվանագիտական կառույցները  տեսանյութի դրվագները ցնցող «խորապես մտահոգիչ» են որակում՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Back to top button