ԿարևորՀասարակություն

Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին

Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետ կապված քրեական գործի շրջանակներում արդյոք դիտարկվել է ահաբեկչության վարկածը:

Դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրությունը, վարչապետի կարծիքով, ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառում է:

«Քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել վերջնական եզրակացություններ պետք չի անել, բայց տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է: Տեսանելի է, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին:

Back to top button