Ծովահայեր

Արմդայվինգը պատրաստվում է «Ծովից ծով» 8-րդ նախագծին․ «Ծովահայեր»

Հայաստանի սուզորդական ամենամեծ կազմակերպությունը՝ «Արմդայվինգը», պատրաստվում է «Ծովից ծով» 8-րդ նախագծին։ Ուղևորության լավագույն ժամանակաշրջանն ընտրված է հոկտեմբերը։ Սուզորդները դեռ մտորումների մեջ են, թե ո՞ր ուղղությունն ընտրեն ու ծովերից ո՞ր մեկում իրենց տպավորությունները հարստացնեն։

Իրենց ուղևորությունների առաջին ուղղությունը դեպի Վանա լիճ էր։ «Արմդայվինգ» սուզորդական ընկերության ղեկավար Տիգրան Ազիզբեկյանը հիշում է Սևանից դուրս՝ առաջին արտագնա սուզարշավն ու թե ինչպե՞ս ծնվեց «Ծովից ծովի» գաղափարը։

Տիգրան Ազիզբեկյան

«Առաջինը Վանա լիճ էինք գնացել, գրեթե ընտանեկան բնույթ էր կրում. ես էի, ընկեներս՝ Հայկը, Մամիկոնը, ու մեր երեխաները։ Դա փորձնական սուզում էր, քանի որ մեզ համար անհայտ էր, թե՛ Վանա լճում առկա սուզորդական սպասարկումը, թե՛ այդ վայրերում առաջին այցելությունը։ Ուղղակի մեր մեքենան նստեցինք, գնացինք։ Այդ անգամ 2 տեղ սուզվեցինք, մեկը Աղթամար կղզու մոտ, մյուսը՝ նավարկելով հասանք լճի այն հատվածը, որտեղ կարելի էր տեսնել Վանա տառեխի մեծաքանակ վտառներ»։

Հաջորդ տարի, Բաթումի գնալիս որոշում են սուզորդական արշավները դարձնել մշտական, վերածել նախագծի ու անվանել «Ծովից ծով»։ 

 «Գաղափարի կորիզը նրանումն էր, որ ստեղծեինք համայնք, կարողանայինք զարգացնել և Սևանից զատ փորձեինք սուզվել այն տեղերում, որտեղ կա փորձ, որպեսզի լավագույն փորձին ծանոթանալով, այն կիրառեինք Սևանում»,- հիշում է «Արմդայվինգ» ընկերության խորհիդի անդամ Դավիթ Սիրունյանը։

Դավիդ Սիրունյան

Մտահղացումը հաջողվեց, դայվինգով սկսեցին հետաքրքրվել, պատրաստվել ու միջազգային որակավորում ստանալ բազմաթիվ հետաքրքրասերներ։ Նրանցից էր Արևիկ Հարությունյանը, որ միացավ «Արմդայվինգի» թիմին ու իր լուսանկարների հավաքածուն հարստացրեց ստորջրյա գեղեցիկ պատկերներով։ 

«Առաջին անգամ սուզվել եմ ուղիղ 5 տարի առաջ` 2017-ի օգոստոսին։ Ընկերուհուս հետ ուզում էինք հանգստի գնալիս մի նոր բան անել։ Որոշեցինք այստեղ սուզվել սովորել, սովորեցինք, սերտիֆիկատ ստացանք ու գնացինք Ինդոնեզիա, Բալի։ Դրանից հետո հանգստի գնալիս որևէ երկիր ընտրելիս` առաջինը մտածում եմ թե արդյո՞ք կկարողանամ այնտեղ սուզվել, թե՞ ոչ, քանի որ դայվինգը շատ սիրեցի։ Չեմ պատկերացնում, որ գնամ ինչ որ տեղ ու չսուզվեմ։ 36 սուզում է գրանցված իմ լոգբուքում, որից 25-ը՝ Սևանում եմ սուզվել»,-պատմում է Արևիկը։

 Ե՛վ Սևանում ստեղծված սուզորդական դպրոցը, և՛ «Ծովից ծով» նախագիծը դարձան ինքնատիպ հասցեներ՝ նոր զգացողություններ ու տպավորություններ որոնողների համար։  

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ Լուսինե Շախոյանն ու Մհեր Ազիզբեկյանն «Արմդայվինգի» թիմին ու «Ծովից ծով» նախագծին միացել են ընտանիքով, երիտասարդ ամուսինների համար դայվինգը հոբբի է, նորն ու անտեսանելին բացահայտելու հնարավորություն։  

«Ծովից ծով» 2-րդի՝ Բաթումիի տպավորությունների մասին եմ հարցնում Մհերին ու Լուսինեին։

«Այնտեղ 3 ափ կար մեր ծրագրում, 3 տեղն էլ սուզվեցինք։ Ջրի տակ շատ հետաքրքիր բաներ տեսանք․ սուզված ռազմանավ տեսանք, շուրջը գեղեցիկ ձկներ էին, այդ ձկներին էինք կերակրում»։  

«Ծովից ծով» 3-րդի՝ Ղրիմի սուզումների տպավորություններն էլ չեն խամրում երիտասարդ զույգի մտապատկերում։

«Այնտեղ 4 սուզում ունեցանք, տեսանք երկրորդ համաշխարհայինի սուզված ռազմանավ, «Ոսկե դարպասներ» կոչվող շատ գեղեցիկ վայր կա, մենք այդ ժայռե դարպասներից սուզվեցինք անցքով, շատ տպավորիչ էր»։

Արշավներից յուրաքանչյուրն առանձնանում է իր ինքնատիպ հիշողություններով։ Խմբի անդամների ընտրությունը կատարելիս` նախապայմաններից առաջինն այն է, որ մասնակիցը լինի հետաքրքրասեր, ունենա հումորի զգացողություն և արշավն անմոռանալի տոնի վերածելու ցանկություն, ասում է «Արմդայվինգի» ղեկավար Տիգրան Ազիզբեկյանն ու հիշում ճանապարհորդության լավագույն պահերը, երբ հայտնի երգի բառերը փոխելով ու հրահանգիչ Մամիկոն Հակոբյանին վերագրելով, հումորային տեսահոլովակ են ստեղծել «Գաթա» բենդի հետ։

«Ծովից ծով» նախագծի չորրորդ և հինգերորդ սուզարշավները դեպի Կարմիր ծով էին։ Կարմիր ծովն աննկարագրելի է իր ստորջրյա գեղեցիկ տեսարաններով ու սուզորդական հասցեների առատությամբ։ Թվում է, թե մեկ կյանքը բավարար չէ Կարմիր ծովի հրաշքները տեսնելու համար։

Մոնտենեգրոն «Ծովից ծով» նախագծի վեցերորդ ուղևորության հասցեն էր։ Իր լավագույն տպավորություններն է պատմում Արևիկ Հարությունյանը։

«Ես սիրում եմ ամեն անգամ նորություն տեսնել։ Գոյություն ունեն  դայվինգի տարատեսակներ, օրինակ՝ գիշերային դայվինգ, դայվինգ քարանձավներում, խորտակված նավերի մոտ։ Ստորջրյա քարանձավներում առաջին դայվինգն արել եմ Մոնտենեգրոյում, ինձ շատ դուր եկավ։ Դրանից առաջ անկրկնելի տպավորություններ եմ ստացել գիշերային դայվինգից։  

Համավարակի սահմանափակումների ու պատերազմի պատճառով 2020-թ․ին ուղևորություն չկազմակերպվեց։ 2021-ին «Ծովից ծովի» հասցեն Կիպրոսն էր։

 «Չորս սուզում կատարեցինք, 2-ը՝ խորտակված նավերի մոտ, որոնցից մեկը 172 մետր երկարություն ուներ, «Զենոբիա» նավն էր, մոտ 36 մետր խորության վրա։ Նման հսկա նավ երբևիցե չեինք տեսել ջրի հատակին։ Երկրորդ նավը, որ տեսանք, չեր խորտակվել, արհեստական ձևով էին ջրի հատակ իջեցրել, որպեսզի դառնա սուզորդական հասցե։ Կիպրոսի կառավարությունն այդպիսով փորձում է հետաքրքրություն ստեղծել սուզորդների համար ու զբոսաշրջային հոսքերն ավելացնել»,- ասում է Դավիթ Սիրունյանը։

«Ծովից ծով» նախագծի 8-րդ ուղևորության հասցեն պետք է լինի հնարավորինս բյուջետային և չլինի դեպի Վան, Վրաստան, Ղրիմ, Դուբայ, Եգիպտոս, Մոնտենեգրո, Կիպրոս։ Սրանց նախորդ 7 նախագծերի հասցեներն էին։

«Արմդայվիգի» սուզորդ Արևիկ Հարությունյանը թվարկում է, թե ինչ կցանկանա տեսնել «Ծովից ծով» 8-րդ  նախագծի ընթացքում։

«Խորտակված նավեր, արհեստական խութեր, որոնք կառուցել են հատուկ, որպես սուզորդական հասցեներ և իհարկե՝ ստորջրյա թանգարաններ»։

«Արմդայվիգի» ղեկավար՝ Տիգրան Ազիզբեկյանն է հավելում. «Ամեն անգամ քվեարկությամբ նախ որոշվում է վայրը, երկրորդը՝ պետք է լինի հնարավորինս մատչելի, որպեսզի շատերը հնարավորություն ունենան մասնակցելու։ Քվեարկությունն ընթանում է մեր ֆեյսբուքյան էջում։ Այս պահին առաջարկ կա գնալ Լիսաբոն, Տանզանիա, Մալթա, Թունիս»։

«Ծովից ծով» 8-րդ  նախագիծն իրականություն կդառնա հոկտեմբերի առաջին կեսին։  Տիգրան Ազիզբեկյանը նաև տուրիստական ընկերություններից է առաջարներ ակնկալում, իսկ նախագծի մասնակիցները նոր ու անմոռանալի տպավորությունների են սպասում։

Back to top button