ԿարևորՀասարակություն

Ինքնաբացարկ՝ չգործող ավագանիում․ Վանաձորում կրքերը չեն հանդարտվում

Օրերս Վանաձորի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և որոշում ընդունել «Ասլանյան» դաշինքի մանդատներից մեկը ցուցակի հաջորդ համարին փոխանցել: Չնայած նման վերադասավորումներին՝ ավագանին շարունակում է լիարժեք չգործել։ Արդեն հայտնի է, որ հուլիսի 20-ին նշանակված վարչական դատարանի նիստը՝ Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու արգելանքի գործով, անորոշ ժամանակով դարձյալ հետաձգվել է՝ «Ապրելու երկիր» խմբակցությանը պատշաճ չծանուցելու պատճառով: Վանաձորում կարծում են, որ ավագանու այս թնջուկի միակ հանգուցալուծումը նոր արտահերթ ՏԻՄ ընտրությունները կարող են լինել:

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Հայկանուշ Մարգարյանին ավագանու կազմում կփոխարինի Վահագն Ավագյանը:  Այս մասին համապատասխան որոշումը թիվ 23 Տարածքային ընտրական հանձնաժողովն ընդունեց հուլիսի 14-ի արտահերթ նիստում:

Ուշագրավ է, որ  Հայկանուշ Մարգարյանի՝ ավագանու մանդատից հրաժարվելու դիմումը հաջորդել էր հուլիսի 6-ին նշանակված ու չկայացած ավագանու արտահերթ նիստին՝ հուլիսի 8-ին: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Մարգարյանը չցանկացավ մեկնաբանել մանդատից հրաժարվելու պատճառները:

Առաջնորդվելով գենդերային հավասարության ու ավագանու ցուցակներում կանանց նախկին 30% քվոտայի համամասնությունը պահպանելու սկզբունքով՝ թիվ 23 ՏԸՀ-ը հուլիսի 9-ին կազմել էր արձանագրություն՝ մանդատը «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակի հաջորդ կին թեկնածուներից Անի Մաթևոսյանին հանձնելու վերաբերյալ, որն «Ազատ դեմոկրատների» ցուցակով էր դաշինքում:  Մյուս կին թեկնածուները, ըստ թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյանի, ինքնաբացարկներ էին ներկայացրել: Հետո միայն, վերահաշվարկ են  արել ու  հայտարարել, որ վրիպակ է եղել, ինչի առիթով էլ նիստ էին հրավիրել: 

Թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյան․  «Մենք հայտնաբերեցինք , որ վրիպակ է եղել, այլ անդամ է գրվել, ոչ թե հերթականը: Մեխանիկորեն կնոջ փոխարեն կին էինք գրել, որ գենդերային հավասարությունը չխախտվի: Հետո հաշվարկարեցինք, և տեսանք, որ եթետղամարդ է գալիս կնոջ փոխարեն, 26 %-ը պահպանվում է: Մանդատը չի տրվել՝ ամենակարևորը»:

Հուլիսի 14-ին հրավիրած նիստին հանձնաժողովի 7 հոգանոց կազմից ներկա էին 6-ը: Սկզբում որոշում ընդունեցին՝ առ ոչինչ ճանաչելով  հուլիսի 9-ի արձանագրությունը՝ մանդատը կին թեկնածուին տալու մասին, ապա միաձայն արձանագրեցին մանդատը ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ավագյանին տալու որոշումը: 11 տղամարդ, 4 կին հարաբերակցությամբ փոխվեց  «Ասլանյան» դաշինքի ավագանու խմբակցության կազմը: Վահագն Ավագյանն ավագանու անդամության փորձ ունի՝ ՀՀԿ կուսակցության ցուցակով: Գործող ավագանու խնդրահարույց կարգավիճակն ու ոչ լիարժեք գործելը նրան չի վհատեցնում: Ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է ծառայել հարազատ քաղաքին ու քաղաքացուն՝ասում է: 

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության անդամ Վահագն Ավագյան․

«Կարող ա ինչ-որ ձևով էս խնդիրները կարգավորվում են:  Գիտեք իմ անցած ճանապարհը, ես միշտ օգնել եմ, փորձել եմ օգնել իմ քաղաքի խնդիրներին, ինչով կարենանք կաջակցենք մեր բնակիչներին»:

Հստակ պատճառներ չմատնանշելով՝ Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն էլ մեկնաբանելով գործընկերոջ ինքնաբացարկը՝ նկատում է.

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյան․ «Ինքը  պետք ա Մոսկվա գնա, կամ Երևան իր աշխատանքային գործունեության հետ կապված, նպատակահարմար ա գտել, որ դուրս գա, ուրիշ ոչ մի խնդիր չկա»:

Ի դեպ, հուլիսի 20-ին նշանակված ՀՀ վարչական դատարանի նիստը՝ Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու արգելանքի գործով, անորոշ ժամանակով դարձյալ հետաձգվել է՝ «Ապրելու երկիր» խմբակցությանը պատշաճ չծանուցելու պատճառով: Այդ մասին գրառում էր արել խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը՝ ընդգծելով, որ «Վանաձորում իրավիճակի հանգուցալուծումը արտահերթ ընտրությունների անցկացումն է․միայն վանաձորցին ունի իրավունք իր ձայնով որոշելու, թե ում է ցանկանում տեսնել իր համայնքի ղեկավարի պաշտոնում»։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը ևս կիսում է կարծիքը, թե Վանաձորի  ավագանու հետ կապված այս թնջուկի միակ հանգուցալուծումը նոր արտահերթ ՏԻՄ ընտրությունները կարող են լինել:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյան․«Կարծում եմ, որ դա շատ ճիշտ կլինի, որովհետև հասարակության մոտ էլ է իրարամերժ զգացողություն և հասարակության մի հսկա զանգված չի հաշտվի նաև Մամիկոն Ասլանյանի համայնքապետ լինելու հետ, դրա համար, կարծում եմ, պետք է նոր ընտրություններ լինեն»:

Քոթանջյանի դիտարկմամբ՝ ավագանու նիստի 2 սցենար կա, 2 դեպքում էլ՝ մեծ է Մամիկոն Ասլանյանի՝  համայնքի ղեկավարի ընտրվելու հավանականությունը: Եթե անգամ նիստի արգելքը հանվի, հրավիրվի ավագանու նիստ, բայց չապահովվի Ասլանյանի ներկայությունը,  խմբակցությունները կդիրքավորվեն հետևյալ կերպ՝ «Ասլանյան» դաշինք և «Հայրենիք»՝ միասին 16 անդամ,  նույնքան էլ՝ «Քաղաքացիական Պայմանագիր», ՀԱՍԿ և «Ապրելու Երկիր» խմբակցությունները: Քվեարկության արդյունքում, առաջադրված 2 թեկնածուները Մամիկոն Ասլանյանն ու Արկադի Փելեշյանը կստանան հավասար՝ յուրաքանչյուրը 16-ական ձայն և այս դեպքում օրենքի ուժով համայնքի ղեկավար է դառնում տարիքով ավագը, այսինքն՝ Մամիկոն Ասլանյանը:

Մյուս հավանական սցենարով՝ «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱՍԿ և «Ապրելու Երկիր» խմբակցությունները չեն մասնակցի նիստերին, որ քվորում չլինի և 20 օր անց ավագանին կցրվի,- կանխատեսում է Քոթանջյանը:

Back to top button