ԿարևորՔաղաքական

Կառուցողական հանդիպում՝ սահմանային միջադեպերի ֆոնին. ի՞նչ քարտեզներով է հայկական կողմը մեկնում Մոսկվա

Այս շաբաթ Մոսկվայում նախատեսված է երկու հանդիպում՝ եռակողմ և երկկողմ ձևաչափերով: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ, և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական  հանդիպման մասին է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ:

Մինչ Մոսկվայում կայանալիք հանդիպումները նախապատրաստվում են,  քննարկման օրակարգում  մտահոգիչ  այլ հարց է՝ ինչպես են բանակցային սեղանի շուրջ անվտանգության խնդիրներ քննարկվելու, երբ սահմանին հայ զինվոր է զոհվում:

Լավ և կառուցողական հանդիպում. այսպես է այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը որակել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը: Նախարարը, որի տեղակալը հայկական պատվիրակության 12 անդամներից մեկն է, ասում է՝ առաջին հանդիպման համար կարևոր հարցեր են բարձրացվել և աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել:

Դիտարկմանը, թե կառուցողական հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից դարձյալ  հայ զինծառայող է  զոհվել,  Սանոսյանն արձագանքել է․ «Մենք պետք է ցավով արձանագրենք, որ այն համարում էինք կառուցողական, նորից եմ կրկնում՝ այդ հանդիպումը նորմալ է անցել մեր գնահատմամբ, բայց այսօր, նման միջադեպերը խանգարում են այն ամբողջ գործընթացին, որը տեղի է ունենում, և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի արդյունքում մեր անմեղ տղաները, զինվորները, որոնք այնտեղ սահման են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է հանձնաժողովը, նույնպես կառուցողական էր գնահատել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը։ Դրա մասին նա խոսել է  ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, իսկ նախօրեին  ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով սահմանային լարվածության պայմաններում աշխատանքները շարունակելուն, ասել էր.   

«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետեւ բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով: Այսինքն՝ ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»:

Կողմերի առաջին հանդիպումը տեղի ունեցել Երասխում մայիսի 24-ին, հայկական հանձնաժողովի կազմում 12 պաշտոնյա է ընդգրկված՝ ի դեմս  արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալների, նաև ներկայացված են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Ադրբեջանական հանձնաժողովում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, ղեկավարը փոխվարչապետ  Շահին Մուստաֆաևն է: Բանակցող կողմերը շփվել են ռուսերեն, իսկ հարցին պատասխան, թե որ քարտեզներն են դրվել  բանակցությունների հիմքում,  Մհեր Գրիգորյանն ասել էր․ «Աշխատանքների իրականացմանը և մեթոդաբանությանը վերաբերող  հարցերը դեռ  չեն համաձայնեցվել»։

Նույն հարցի առնչությամբ  ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը  նախօրեին կարճ էր արձագանքել։ Պատասխանելով հարցին,  թե որ թվականի քարտեզներով են կողմերը բանակցում, ասել էր․ «Տարբեր»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարը որոշակիացրել  է. «Կողմերը սահմանների իրենց քարտեզներն ունեն և հանդիպումների ժամանակ դրանք կբերեն աշխատանքային դաշտ»։

Մոսկովյան այս հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ: Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ հանդիպման օրակարգում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9 հայտարարության 9 կետերին և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությանը: ՙԱյդ օրակարգը որևէ կապ չունի սահմանազատման հետ»,-ասել էր Գրիգորյանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երրորդ հանդիպման վայրը ևս հայտնի է՝ Բրյուսել:

Back to top button