ԿարևորՀասարակություն

Խաբեություն՝ գրավիչ փաթեթավորմամբ․ ֆեյսբուքյան խարդախություններն աճել են

Հայաստանում սոցցանցերի միջոցով կատարվող խարդախությունների թիվը նախորդ տարիների համեմատ աճել է՝ փաստում են Ոստիկանության ու Դատախազության ուսումնասիրությունները։ Խարդախները, օրինակ,  ֆեյսբուքում հատուկ սխեմայով են քաղաքացիներին իրենց ծուղակը գցում։ Իրավապահները տարբեր խողովակներով փորձում են իրազեկել քաղաքացիներին ու հիշեցնել ՝ պետք չէ անհայտ կազմակերպությունների հետ իրավական հարաբերությունների մեջ մտնել։

Ֆեյսբուքով գովազդվող արագ տրամադրվող վարկերը գրավել են զրուցակցիս՝ Արմինե Գասպարյանին։ Այն պահին, երբ շուրջ 1500 դոլար գումար ձեռք բերելու փնտրտուքի մեջ էր, ֆեյսբուքում գրավիչ պայմաններով վարկի առաջարկ է նկատել։ Հետաքրքրվել է ու օնլայն հայտը լրացրել։ «Ֆաստ Մաննի» կազմակերպությունից հաջորդ օրն իսկ զանգ է ստացել։ Հրավիրել են գրասենյակ։  

«Եվ իրենց ասած ժամին եղա գրասենյակում։ Իրենց աշխատակցի հետ ուղարկեցին խանութ,  ամբողջ ճանապարհին հարց ու փորձ եմ արել։ Գնացինք հեռախոսների խանութ։ Եվ իրենց աշխատակիցը մանրակրկիտ ապրանքները  ուսումնասիրում էր։ Ընտրեց հեռախոսը ու իմ անունով ապառիկ ձևակերպեց։ Հեռախոսը ձեռքս գնում ենք գրասենյակ»։ 

Հեռախոսի ապառիկը Արմինեի անունով ձևակերպելուց հետո, ըստ զրուցակցիս, պետք է ապրանքի արժեքի 70 տոկոսը պայմանագրի կնքումից հետո տրվեր իրեն, իսկ 30 տոկոսը պահվեր որպես  ծառայության գումար։ Գործընթացի ավարտին հասկացել է, որ գումարը նույն օրը չի ստանալու։

«Ես հավակնում էի, որ 700 000 դրամ կտան, սակայն իրենց տված պայմանագրով 301 հազար դրամ պետք է ստանայի։  Պայմանագիրը ստորագրելու ընթացքում եմ կարդացել, որ 7 օրվա ընթացքում են տալու գումարը։ Պայմանագիրը կնքում եմ, հեռախոսը թողնում եմ իրենց գրասենյակում, իրենք ինձ հավաստիացնում են, որ 7 օր էլ չի տևի․կզանգեն, կկանչեն ինձ։ Ու այդպես խաբված գնում եմ։ Հաջորդ օրերին պարբերաբար զանգում, հիշեցնում եմ»։

Երկար սպասելուց հետո Արմինեն գնում է գրասենյակ՝ պայմանագիրը խզելու նպատակով։ Առաջարկում է, որ կամ գումարը, կամ իր անունով ձևակերպած հեռախոսը վերադարձնեն, սակայն տնօրինությունը խնդրում է մի փոքր էլ սպասել։ Արմինեի՝ արդեն հաջորդ այցը լինում է ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդում տալու։  Գործն ընթացք է ստանում, հարուցվում է քրեական գործ։ Սակայն արդեն երկու տարի է քրեական գործը դատարան չի մտել՝ դժգոհում  է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

«Ու ես էլ սպասում եմ, ֆինանսական տույժ եմ կրում։ Ես տոկոսներ եմ վճարում ամսական 16 000 դրամ։ Իսկ ապառիկը մինչև  2023 թվականն է»։

Ոստիկանությունը նմանատիպ խարդախությունների մասին բազմաթիվ հաղորդումներ է ստացել՝ «Ռադիոլուր»-ին ասում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։ Ավելին՝ ոստիկանությունը նախորդ տարիների հետ համեմատ այս տարի էլեկտրոնային եղանակով իրականացվող խարդախությունների աճ է արձանագրել։ Ամենատարածվածը հենց ֆեյսբուքում կատարվող խարդախություններն են։ Արագ վարկի տրամադրման գրավիչ հայտարարությունների զոհ են դառնում շատերը, հատկապես նրանք, ովքեր վարկային սև ցուցակում են, ասում է։

«Բնականաբար, քաղաքացիները հավատում են այդ գրառումներին, կապ են հաստատում հայտարարություն տեղադրողների հետ և նրանց են տրամադրում տարատեսակ տեղեկատվություններ։ Ուղարկում են նաև անձնագրի պատճենները։  2 եղանակով կարող են այդ հանցագործություններն  իր տրամաբանական ավարտին հասնել։  Առաջինի դեպքում իրենք քաղաքացիներից  քարտի թվեր են ուզում, որպեսզի հաստատված վարկն ուղարկեն քարտին։  Քարտի թվերը ստանալուց հետո փորձու մ են գումար կանխիկացնել; Եթե գումար չի լինում, ասում են, որ 30-40 հազար դրամ պետք է քարտի վրա ունենաք,  քանի որ  ծառայության համար նախնական վճար պետք է ձեզանից գանձվի նոր ձեր վարկը տրամադրենք։ Քաղաքացիներից շատերը հավատում են»։

Խարդախությունների  տարբեր եղանակներ կան՝ ասում է Հայկ Մկրտչյանն ու ներկայացնում դրանցից առավել տարածվածները։  Ըստ ոստիկանության ուսումնասիրությունների՝ ֆեյսբուքում վերջին շրջանում տարածվում են նաև հայտնիների լուսանկարներով  բացված էջեր, որոնցով հայտարարվում է մրցույթ՝ գումար վաստակելու առաջարկով։

«Մրցույթ է խաղարկվում, թողեք ձեր տվյալները։ Մենք պատահականության սկզբունքով կընտրենք քաղաքացիների, ովքեր կշահեն պայմանական գումարներ։ Շատերը տեղադրում են ու բոլոր մեկնաբանություն անողներին ուղարկում են հաղորդագրություն՝ շնորհավորում ենք, դուք շահել եք։ Ուղարկում են հղում, ասում են  մտեք այդ հղումով, լրացրեք ձեր քարտի թվերը, որպեսզի մենք կարողանանք գումարն ուղարկել»։

Քաղաքացիներից շատերն են այս խարդախության զոհ դառնում՝ ասում է ոստիկանության մայոր Հայկ Մկրտչյանը։ Իսկ դատախազությունում  խարդախության զոհ Արմինե Գասպարյանի գործին ծանոթ են։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» ասաց, որ այս պահին այդ գործով քննությունը դեռ շարունակվում է։

«Նախաքննությունը շարունակվում է, և ես չեմ կարող ասել, թե այդ գործն ինչ ընթացք կստանա, որովհետև դա կախված է նրանից, թե ինչ ապացույցներ ձեռք կբերի վարույթ իրականացնող  մարմինը»։

 Ըստ դատախազության պաշտոնյայի՝ ամենաշատ խարդախությունները կատարվել են Երևանի  խոշոր առևտրի կենտրոններում  տեղակայված փոքրիկ  գրասենյակներում  ու Շիրակում։  Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խարդախությունները կատարվում են հստակ սխեմաներով։  Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով, առերևույթ գրավիչ սխեմաներով, բայց  նրանց համար ոչ ձեռնտու  պայմաններով ուղղորդում են գործարք կատարելու։  Այս միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել՝ ասում է Գոռ Աբրահամյանը։ Հարուցվել են քրեական գործեր, ներգրավվել են մեղադրյալներ, բազմաթիվ դեպքեր ուղարկվել են դատարան։

«Տրվում են հայտարարություններ գովազդի միջոցով և քաղաքացիները, հետևելով այդ գովազդին, գալիս են համապատասխան անձանց մոտ՝ նրանց գրասենյակներ, որտեղ տեղեկացնում են, որ վարկունակ ճանաչվելու դեպքում կարող են  հավակնել իրենց կամեցած գումարին։ Բայց նաև տեղեկացնում են, որ դրա համար անհրաժեշտ է , որ նրանք այցելեն տարբեր խանութներ, և իրենց անվամբ պետք է ձևակերպվեն տարբեր կենցաղային իրերի ապառիկ գնման վերաբերյալ վարկային պայմանագրեր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք հիմնականում բջջային հեռախոսներ են կամ հեռուստացույցներ, կախված թե ինչ գումարի մասին է խոսքը»։

Գլխավոր  խնդիրը, ըստ Գոռ Աբրահամյանի, արարքի որակումն է։ Այն դեպքերում, երբ նման կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հրաժարվում, որ վարկ վերցրած անձանց նկատմամբ ունեն որոշակի պարտավորություններ, դժվար է հիմնավորել, որ տեղի է ունեցել հանցավոր արարք։  Խարդախություն է որակվում այն դեպքը, երբ նման եղանակով վարկառու դարձնելով քաղաքացիներին,  այդ գումարները չեն տրամադրվում, բացատրում է զրուցակիցս։

Դատախազությունն ու ոստիկանությունը դարձյալ հորդորում են քաղաքացիներին՝  խուսափել անհայտ կամ կասկածելի գործունեություն ծավալող անհատների ու կազմակերպությունների հետ իրավական հարաբերություններից։

Ցուցադրել ավելի
Back to top button