ԿարևորՏնտեսական

Աճի կանխատեսումները կրկին նվազում են․ ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը

Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա՝ 2021–ին Հայաստանն ամենաշատը այս երկրներ է ապրանք արտահանել։ Ընդ որում՝ Չինաստան և Շվեյցարիա արտահանումը կրկնակի պակաս է ՌԴ արտահանման ցուցանիշից։ Ներմուծման առումով առաջատարը կրկին Ռուսաստանն է, ապա՝ Չինաստանը եւ Իրանը։ Մյուս  երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալները մի քանի անգամ զիջում են առաջին եռյակին։ Սակայն ռուս–ուկրաինական պատերազմն ու վերջին շրջանի անորոշությունները, փորձագիտական գնահատմամբ, կարող են փոխել ոչ միայն արտահանման ու ներմուծման, այլև տնտեսական բոլոր ցուցանիշերի պատկերը։

Միջազգային ֆինանսական կառույցները շարունակում են նվազեցնել  տնտեսական աճի ցուցանիշները ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Համաշխարհային բանկը կրկին վերանայել է իր կանխատեսումներն ու   վերջին զեկույցում մեր երկրի համար 2022թ․-ի աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցրել է նախապատերազմյան 5․3%-ից մինչև 1․2%-ի։ Ավելի ցածր դրամական փոխանցումներն ու իրական աշխատավարձերն ազդում են սպառման վրա, անորոշության ավելացումը՝ ներդրումների, իսկ արտահանման ծավալները կրճատվում են՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության ծավալների կանխատեսվող կրճատմամբ և համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ՝ տնտեսական ռիսկերի շղթան այսպես են նկարագրում փորձագետները։

ԱՄՀ–ն էլ իր հերթին է կանխատեսում, որ Հայաստանում տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով 1․2 տոկոս։ Հայաստանի ԿԲ –ն նույնպես իր կանխատեսումներում զուսպ է․ բացյ գյուղոլորտից՝ տնտեսության մյուս բոլոր ոլորտների համար անկում է կանխատեսում ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․

«Տնտեսական աճ ը 1․6 տոկոս ենք կանխատեսել նախկին  5․3 -ի փոխարեն։ Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 4.7 տոկոս  անկման ցուցանիշ է դրված։ Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. նախկինում կանխատեսած 16.8-ի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է»:

Միջազգային կառույցները Հայաստանում նաև աղքատության մակարդակի ավելացում են կանխատեսում։ ՀԲ-ն վերջին զեկույցում արձանագրել էր, որ    Հայաստանում աղքատությունը 2022թ.–ին կարող է հասնել 39,6%–ի։ 2021–ի սոցիալական տնտեսական պատկերը պարզ կլինի այս տարվա աշնանը  միայն, իսկ 2020–ին  Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6% տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից։

Փորձագիտական դաշտում էլ արդեն փորձում են հաշվել՝ ինչ են արժենում համավարակի սահմանափակումները, արցախյան վերջին պատերազմն ու ռուս-ուկրաինական հակամարտությունը մեր երկրի տնտեսությանը։ էկոնոմիկայի նախարարը դեռ այսքանն է փաստում` ««Մարտին արտահանումների էական անկում ենք ունեցել: Դրա պատճառով արտահանողների մոտ դրամական հոսքերի խզում է առաջացել»:

Սա բնական է՝ արձանագրում են փորձագետները, հիշեցնում, որ ՌԴ –ն ՀՀ թիվ մեկ առևտրային  գործընկերն է։ Հայաստանի արտահանման կշռում առաջատարը ՌԴ-ն է: 2020-ին Հայաստանից արտահանումը կազմել է 428 մլն դոլար, իսկ 2021-ին՝ 534 մլն  դոլար։ 2021–ին 24.7%-ով ավելի շատ ապրանք արտահանվել ՌԴ։ Անցյալ տարի ՀՀ և  ՌԴ միջև ագրոպարենային  առևտրաշրջանառությունը մոտ 20 տոկոսով ավելացել է։

Արտահանման ծավալների աճին զուգահեռ՝ ներմուծումը մի քանի անգամ է արտահանմանը գերազանցում է մի քանի անգամ։ Իսկ սա արդեն  «Ռադիոլուր»–ի զրուցակցի՝  ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանի արձանագրմամբ, տնտեսության կառուցվածքի մասին մտորելու առիթ է  տալիս.  

«Դրամի արժևորումը հանգեցնում է ներմուծման ծավալների ավելացման։  Իրականում հենց դա էլ տեղի ունեցավ։ Այժմ դրամն ավելի է արժևորվում, իսկ սա նշանակում է, որ ներմուծման ծավալներն ավելանալու  են։ Դրամի արժևորումը արտահանմանը չի խթանում, այլ՝ ընդհակառակը՝ ներմուծմանը։ Սա պետք է նկատի ունենալ»։ 

Տնտեսագետն արձանագրում է՝ ներմուծման ծավալների ավելացումը ոչ թե վատ է, այլ բավականին վատ է։ Բացատրում է՝ եթե ներմուծման կշռում գերակշռողն առաջին անհրաժեշտության ապրանքները չլիենին, այլ օրինակ, մեքենասարքավորումներ, սա տնտեսության կապիտալի թարմացման մասին կխոսեր։ Բայց գերակշռողը սպառողական ապրանքներն են։ Ավելին, առաջիկայում ներմուծման ծավալների ավելացում է ակնկալվում՝ հատկապես ՌԴ–ից՝ սա  էլ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված․

«Ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է։ Սա նշանակում է, որ ՌԴ–ից արտահանումը Հայաստան կամ ՌԴ–ից ներմուծումը կավելանա, իսկ սա, իմ կարծիքով, կնպաստի ներմուծման ծավալների ավելացմանը»։

Ռուս–ուկրաինական պատերազմն ազդելու է ոչ միայն արտահանման ու ներմուծման ծավալների, այլ ողջ տնտեսության վրա։ Սա ունի իր բացատրությունը՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես ՌԴ–ից է կախված, ուստի Սոս Խաչիկյանը դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն  տեսնում է, բայց համարժեք քայլեր չի նկատում։  

Տարբեր հաշվարկներով՝ եթե ՌԴ տնտեսական անկումը կազմի 6–10 տոկոս, ապա  Հայաստանի տնտեսության վա արտացոլվելով՝ այն տատանվելու է 4-6 տոկոսի շրջանակներում։  

Back to top button