ԿարևորՎերլուծական

Քաղաքականություն շրջող ապատեղեկատվություն․ երբ fake-news-ը դրդում է պատերազմի

Քաղաքականության «զինանոցում» օր օրի ավելանում են նոր միջոցներ, ամենագործուններից է fake-news-ը։ Այն լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի համար հատկապես վերջին օրերին՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Պաշտոնական Երևանը փորձում է փաստերով հակազդել միջազգային հարթակներում տարածվող ապատեղեկատվությանը։ Իրականում սա նոր խնդիր չէ։

Հայաստանի դեմ fake-news-երի բուրգը սկսել է գործել դեռ 90-ականներից՝  ասում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։ Այսօր արդեն ապատեղեկատվությունն ավելի պրոֆեսիոնալ է դարձել՝ սպառնալով արդեն ազդեցիկ գործոն դառնալ մեծ քաղաքականության մեջ։

Ֆեյք նյուզի և մանիպուլյացիայի հեղինակ հարևան և ոչ հարևան մի շարք երկրներ ամեն ինչ անում են՝ Հայաստանը ներքաշելու նոր էսկալացիայի կամ այլ կերպ ասած՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ Հայաստանի քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում են մտահոգվում։ Այս փուլում ապատեղեկատվությունն առաջ է ընկել, և պաշտոնական Երևանն այժմ հայտնվել է պատասխանողի դերում։ Դրա օրինակն էր այն, որ ԵՄ և ՆԱՏՕ երկրների ռազմական կցորդներին նախօրեին հնարավորություն տրվեց անձամբ տեսնել այն 4 ՍՈՒ օդանավերը, որոնք, ըստ ապատեղեկատվության, Հայաստանը տրամադրել էր Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ։

Թուրք-ադրբեջանական պրոպագանդան, դրա կողքին՝ արևմտյան որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես, բրիտանական BBC-ն կողմնակալ հոդվածներով, առանց հայկական դիրքորոշումը ներկայացնելու, առանց փաստերի իբրև ճշմարտություն են փորձում ներկայացնել լուրերը, թե Հայաստանի տարածքով Ռուսաստանը վարձկան-ահաբեկիչների է տեղափոխել Ուկրաինա։ Վարչապետ Փաշինյանն արձագանքում է ու հակափաստարկ ներկայացնում․

«Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան-ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը։ Եվ սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»։

Երկու տարի առաջ և հիմա․ բաց աղբյուրներից փաստերը և ապացույցները բազմաթիվ են, որ արցախյան 44-օրյա պատերազմում նաև Թուրքիայի ձեռքով  Ադրբեջան էին տեղափոխվում վարձկան ահաբեկիչներ։ Հենց ահաբեկիչների նկարահանումներն ու իրենց սոցցանցային էջերն էլ են ապացույցներ։ Իսկ Հայաստանով վարձկանների տեղափոխման հնարովի պատմություններըն ու ապատեղեկատվությունն անհիմն են բոլոր իմաստներով՝ ոչ ապացույց կա, ոչ հաստատում։ Բայց ֆեյք-լրատվությունը դրա առաջ կանգ չի առնում։ Ուշագրավ է, որ այս  մանիպուլյատիվ լուրի տարածմանը նպաստեց նաև բրիտանական BBC-ն։  

Այս շղթայում պակաս դրվագ կարևոր չէ այն, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը նախօրեին Բաքվում էր՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների հետ հանդիպմանը, ընդ որում՝ տարածաշրջան էր եկել միայն այդ հանդիպումների համար։ Սա քաղաքական քայլերի շղթա է, որի դրսեւորումն ակնհայտ ազդում է լրատվական հոսքերի վրա։  

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքում է ոչ թե կոնկրետ դեպքերին, այլ ընդհանուր միտումին՝ ասում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը․

«Այդ ուղղությամբ աշխատում են։ Իմ անձնական կարծիքով՝ սրանք Ռուսաստանի դեմ ֆրոնտներ բացելու գործիքներ են։ Սկսում են այսպիսի տեղեկատվական նախապատրաստումից,  թե իբր Հայաստանն ամեն դեպքում «խառնված» է, իսկ Հայաստանն ամեն դեպքում միանշանակ իր դիրքորոշումը արտահայտել է այս ամբողջ կոնֆլիկտում։ Բնականաբար, սրանք միջոցներ են՝ մեզ որևէ կերպ ներքաշելու։ Երբ տրամաբանում ես, հասկանում ես, որ նույնիսկ փաստերն ավելորդ են։ Այստեղ շատ պրոֆեսիոնալ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ փաստ ստուգողների համար փաստ չեն թողնում։ Այսինքն՝ այնքան հմտորեն են օգտագործում այդ տրամաբանական շղթաները, որ դրա հետևանքով դու ունենում ես մեծ խնդիր»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրության տարբեր շրջանակներում կա ընկալում, որ եթե Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, ուրեմն ինչ–որ կերպ կարող է աջակցել Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի․ դա ստեղծում է  տարատեսակ ապատեղեկատվության հիմք։ Այստեղ, ըստ քաղաքագետի, շատ կարևոր է  ճիշտ մատուցել տեղեկությունը, որ եթե անգամ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որտեղ կարող են որոշակի գործողություններ իրականացվել, ամեն դեպքում դա Հայաստանի հետ ուղիղ կապ չունի, հայկական կողմի մասնակցություն չի ենթադրում, և մենք անգամ կարող ենք տեղեկացված չլինել էլ դրանց մասին։ Հստակեցումների կարիք էլ կա՝ ասում է Էդգար Վարդանյանը։

« Օրինակ, պետությունը ռազմաբազայի հետ ի՞նչ որակի պայմանագիր ունի, ի՞նչ կետեր այնտեղ կան, ինչպիսի՞ն է վերահսկողությունը։ Օրինակ, այս դեպքում եթե իսկապես ռուսական կողմն ինչ-որ գործողություն է իրականացնում իր ռազմաբազայում, որն ընդդեմ Ուկրաինայի է, մենք ունե՞նք ինչ-որ գործիքներ իմանալու դրա մասին, չգիտեմ՝ վերահսկողություն իրականացնելու կամ պայմանագրով ասելու՝ այս կետը խախտում եք, մեր տարածքում նման բան չպետք է անեք։ Սա մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք և այս առումով լուրջ աշխատանք տանենք թե ռուսական կողմի հետ, թե միջազգային հանրության տարբեր գործընկերների հետ»։  

ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին է պնդում՝ կառույցն ակտիվ աշխատանք է տանում միջազգային հարթակներում՝ ներկայացնելու իրադարձությունների ճիշտ պատկերը։

«Սա ամենօրյա աշխատանք է, անդադար է արվում։ Այսինքն՝ այն երկրներում, որտեղ Հայաստանն ունի ներկայացուցչությունները, այն երկրում, որի հետ   ձևավորված գործընկերություն կա, այդ երկրներում բալանսավորված է արձագանքը լինում։ Եվ եթե մենք ուսումնասիրենք նույն այս վերջին ապատեղեկատվական դրվագները, կտեսնենք, որ դրանք այդքան մեծ տարածում չեն ստացել, հիմնական տարածումը եղել է այն երկրներում, որոնք հենց դրանց պատվիրատուներն են։ Կներեք, գուցե ոչ դիվանագիտական լեզվով սա ասացի, բայց աշխատանքը վերլուծելու դեպքում կերևա»։

Միջազգային հանրությանը տեղեկատվություն մատուցելիս մեկ այլ խնդրահարույց հարց էլ, ըստ քաղաքագետ Էդգար Վարդանյանի, այն է, որ Հայաստանի և Արցախի նախկին և ներկա որոշ պաշտոնյաներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նույնականացրել են, ասենք, Ղրիմի, Հարավային Օսիայի և այլ հակամարտությունների և չճանաչված պետությունների հետ, որոնց հետ առնչություն ունեցել է Ռուսաստանը։ Այս գիծը, ըստ քաղաքագետի՝ խեղաթյուրել է ղարաբաղյան հակամարտության էությունը և բարդացրել է ընկալումը միջազգային հանրության կողմից։  

Back to top button