ԿարևորՀասարակություն

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական հին պատերազմները՝ նոր քարտեզում

Հին պատերազմները՝ նոր քարտեզում․ Հայաստանի գիտությունների ակադեմիան եւ ռուսական պետական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը մեկտեղել են ջանքերն ու մեկ օնլայն հարթակում ամփոփել 19-րդ դարի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների տվյալներն ու տեղագրությունը՝ դիտարկելով դրանց դրանց ընթացքը հենց Հայաստանի տարածքում։ Հայաստանի ո՞ր տարածքներում են այդ պատերազմների ընթացքում մարտեր ընթացել, ովքե՞ր  են մասնակցել, ի՞նչ տեղեկություններ ու մշակութային ժառանգություն կա պահպանված․ այսուհետ այդ ամենը հնարավոր կլինի գտնել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից ստեղծված ինտերակտիվ քարտեզում։ Քարտեզը դեռ փորձնական է։ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյան․

«Այս պատերազմների մասին ինֆորմացիան հավաքագրելը շատ կարևոր է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման շրջանակում։ Թե ռուս-պարսկական, թե ռուս-թուրքական պատերազմներում մասնակցել են բազմաթիվ հայեր, ընդ որում՝ հազարավորները հենց Արցախից են եղել։ Այդ մասին ինֆորմացիան ինտերակտիվ ներկայացնելը շատ կարևոր է»,-ասում է Յուրի Սուվարյանը։

19-րդ դարում Ռուսաստանը Թուրքիայի և Պարսկաստանի հետ պատերազմել է յուրաքանչյուրի հետ երկու անգամ։ Ռուս-պարսկական պատերազմներն ընթացել են 1804-1813թթ․, այնուհետև՝ 1826-1828թթ․-ին: Իսկ ռուս-թուրքական առաջին պատերազմը 1828-1829թթ էր, երկրորդը՝ 1877–1878 թթ-ին։ Այս պատերազմների ընթացքում ռուսական բանակի կողմից կռվել են հազարավոր հայեր, պատերազմների որոշ ընթացք էլ տեղի է ունեցել ներկայիս ՀՀ տարածքներում։

«Այս քարտեզը ստեղծելու նպատակը ցաքուցրիվ տեղեկատվությունը մեկ տեղում հավաքագրելն է»,-ասում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» էթնոգրաֆիկ ծրագրերի համակարգող Ելենա Շուվաևան։ Քարտեզի վրա աշխատել են տասնյակ մասնագետներ, տեղեկությունները հավաքագրվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային արխիվներից․

«Ինտերակտիվ քարտեզի վրա կա 50 կետ, որոնք այն վայրերն են, որտեղ ընթացել են այդ պատերազմների մարտերը։ Յուրաքանչյուր վայրի համար, որի ճշգրիտ գտնվելու աշխարհագրությունն իմացել ենք արխիվային նյութերի և քարտեզների ուսումնասիրությունից, արվել են հատուկ լուսանկարներ, մեր մասնագետները գնացել և լուսանկարել են այդ վայրերը։ Դրանք ներկայիս Հայաստանի ողջ տարածքով են։ Ահռելի աշխատանք է տարվել, ունենք հազարավոր հայ ու ռուս զինվորների, հրամանատարների անուններ, որոնք կռվել կամ զոհվել են ՀՀ տարածքում այդ պատերազմների ժամանակ, որոշների գերեզմանները ևս պահպանված են, և դրանք մշակութային թաքնված արժեքներ են»,-ասում է Ելենա Շուվաևան։

«Այս քարտեզը հանրահռչակելու, տարբեր հարթակներում ներկայացնելու դեպքում հատկապես ռուս զբոսաշրջիկների, ինչպես նաև ներգնա տուրիզմի զարգացման համար կարող ենք Հայաստանը էլ ավելի գայթակղիչ դարձնել»,-այս կարծիքին է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը համակարծիք է։

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են խորը բարեկամական և մշակութային կապերի վրա։ Այս ինտերակտիվ քարտեզը կարող է զբոսաշրջության ոլորտում նոր համագործակցությունների համար հնարավորություններ ստեղծել»,-ասում է Վադիմ Ֆեֆիլովը։

Քարտեզի վրա դեռ աշխատանք է տարվում, հեղինակները նշում են, որ պատրաստ լինելուն պես այն հասանելի կլինի մի շարք հարթակներում։ Վստահ են՝ այն կհետաքրքրի թե ուսանողներին, թե դասախոսներին, թե ուղղակի պատմավավերագրական նյութով հետաքրքրվողներին։

Back to top button