ԿարևորՀասարակություն

25 տարի NASA-ում. Վլադիմիր Հայրապետյանը՝ Հայաստանը գիտական կենտրոն դարձնելու ծրագրի մասին

Նա ուներ երկու երազանք՝ աշխատել ականավոր աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ և դառնալ աշխարհի ամենահեղինակավոր գիտական կառույցներից մեկի՝  NASA-ի թիմի անդամ։ Վլադիմիր Հայրապետյանի երկու երազանքներն էլ իրականացել են։ Հայ աստղաֆիզիկոսն արդեն 25 տարի NASA-ի՝ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակից է, նաև դասավանդում է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում։

Հայրապետյանը ծնվել է Բաքվում, այնտեղ ավարտել  ֆիզմաթ ուղղվածության դպրոցը։ Երևան տեղափոխվել է երազանքի հետևից․ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, հետո ուսումը շարունակել աստղաֆիզիկայի բաժնում, ասպիրանտուրայի տարիներին  աշխատել Բյուրականի աստղադիտարանում։

«Համբարձումյանը շատ ճյուղեր էր ստեղծել Բյուրականում,  բայց ես որոշեցի զբաղվել պլազմայի ֆիզիկայով, որովհետև աշխարհում 99% նյութը պլազմա է։ Պլազման հիանալի ուսումնասիրել ենք ԵՊՀ-ում, և դա եղել է հիմքը, այն ֆունդամենտալ գիտելիքը, որն ինձ հետո պետք է օգներ աստղաֆիզիկայով զբաղվելիս։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո տեսական գիտելիքներս սկսել եմ կիրառել Բյուրականի աստղադիտարանում՝ Համբարձումյանի հիմնած տեսական ֆիզիկայի բաժնում»,-ասում է հայազգի գիտնականը։

Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ Հայրապետյանը պարբերաբար մասնակցում է միջազգային կոնֆերանսների, մեկնում տարբեր երկրներ ու ծանոթանում աշխարհի աստղաֆիզիկոսների հետ։ Այս այցերի, ծանոթությունների և կապերի արդյունքում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայրապետյանին հրավիրում են ԱՄՆ աշխատելու։ «Ես ինքս ինձ համար արդեն պարզել էի, որ գիտությունն ազգություն չի ճանաչում և կարող է զարգանալ միայն միասնական ջանքերի ու կապերի արդյունքում»,-պատմում է NASA-ի հայազգի գիտնականը։

«Ես սկզբում աշխատեցի մի քանի լաբորատորիաներում, Փարիզում եմ աշխատել,  1 տարի Նյու-Յորքի համալսարանում եմ աշխատել, իսկ 1995 թվականից ինձ հրավիրեցին NASA և մինչև հիմա, արդեն 25 տարուց ավելի ես ապրում եմ Վաշինգտոնում և աշխատում եմ NASA-ում»,-պատմում է Վլադիմիր Հայրապետյանը։

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության բաժիններից յուրաքանչյուրում գիտնականների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ NASA-ի հետազոտական լաբորատորիայի բաժիններից ամեն մեկում, օրինակ, աշխատում է 600 գիտնական։ Հայրապետյանը ղեկավարում է «Արևի մթնոլորտային երևույթների կանխատեսման, մարդկության վրա դրանց հնարավոր ազդեցության» ծրագիրը։ Գիտնականների խումբը NASA-ում տիեզերական հատուկ կայանների և տելեսկոպների միջոցով ուսումնասիրում է արևի վրա ընթացող երևույթները։ Հայրապետյանն ասում է՝ իր կյանքի ընթացքում հանդիպել է ֆանտաստիկ հայ գիտնականների, որոնցից ոմանք նույնպես համալրել են NASA-ի շարքերը։

«NASA-ում մի քանի հայեր են աշխատում , նրանցից մեկն էլ Զավեն Արզումանյանն է, որը թեպետ Հայաստանում չի ծնվել, բայց ես նրան մի երկու տարի առաջ հրավիրեցի Բյուրականի աստղադիտարան, նա մասնակցեց միջազգային կոնֆերանսի և պատմեց իր գործունեության մասին։ Նա աշխատում է տիեզերքում կայանված ռենտգենյան տելեսկոպի վրա, և դա իսկապես շատ հետաքրքիր գործ է»,-ասում է Հայրապետյանը։

Վլադիմիր Հայրապետյանն այժմ էլ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ,  պարբերաբար հանդիպում է երիտասարդ հայ աստղաֆիզիկոսների հետ, օնլայն սեմինարներ է կազմակերպում։ Համոզված է, որ հայ գիտական միտքը հսկայական ներուժ ունի, և առաջիկա տասնամյակներին հայ գիտնականները, ոչ միայն աստղաֆիզիկայի ոլորտում, ֆանտաստիկ արդյունքներ են գրանցելու՝ Հայաստանը դարձնելով առաջատար գիտական կենտրոն։ Սա իրականություն դարձնելու մեջ Հայրապետյանն իր անձնական ներդրումն է պատրաստվում ունենալ։  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  NASA-ի պրոֆեսորը մանրամասնում է․

«Պրոյեկտներ ենք սկսում․ նոր, միջազգային գիտական ընկերություն ստեղծելու պայմանավորվածություն եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրների 140 գիտնականների հետ, որոնց հետ հանդիպելու եմ այս տարվա հունիսին, և վերջնական հաստատելու ենք այն ծրագիրը, որը կազմել եմ Հայաստանի գիտական ներուժը համախմբելու համար։ Այս ծրագիրը միայն աստղաֆիզիկան չի ներառում, գիտական բոլոր ճյուղերին ենք անդրադարձել։ Նման մասշտաբով համագործակցության արդյունքում Հայաստանը կինտեգրվի միջազգային գիտական հանրությանը և պատկերը լիովին կփոխվի»,-պատմում է հայազգի պրոֆեսորը։

Հայրապետյանը վստահ է, որ հայ գիտնականների միտքն անտարբեր չի թողնի միջազգային գիտական հանրությանը։ Ըստ պրոֆեսորի՝ Հայաստանում զարգացման առավել մեծ պոտենցիալ ունեն մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտաճյուղերը․

«Ամենակարևորը ազգային գաղափարն է։ Հայաստանում փոքրուց պետք է սովորեցնել երեխային, որ առանց գիտության ապագա չկա, որովհետև իսկապես, Հայաստանի ապագան գիտության և գիտելիքի ձեռքբերման մեջ է։ Մենք արդեն մեխանիզմներ մտածել ենք։ Աշխարհի տարբեր երկրների գիտնականները խմբեր են ձևավորելու և, իհարկե, իմ գլխավորությամբ, գալու ենք Հայաստան և մենթորություն ենք անելու՝  սկսած ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի ուսանողներից մինչև Բյուրականի աստղադիտարան։ Այս այցերը պիտի լինեն պարբերական, գոնե  6 ամիսը մեկ խմբերը  կփոխարինեն իրար»,-պատմում է Վլադիմիր Հայրապետյանը։

Վլադիմիր Հայրապետյանն աշխատում է նաև տիեզերքում այլ քաղաքակրթությունների որոնման նախագծերի վրա։ NASA-ում արդեն վաղուց են պարզել, որ մեր գալակտիկայից դուրս գոյություն ունեն 4-5 հազար մոլորակներ, որոնցից շատերը նման են երկիր մոլորակին, և մեզնից 1 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա գործում են ֆիզիկական նույն օրենքները։ Այժմ, սակայն, գիտնականները տեսնում են միայն այդ մոլորակների ինֆրակարմիր լույսը։ Տիեզերքում մենք մենակ չենք, վստահ եմ, որ կան շատ այլ քաղաքակրթություններ, բայց թե կյանքի ինչ ձև են նրանք վարում, դեռ հայտնի չէ ոչ մի գիտնականի՝ եզրափակում է գիտնականը։

Back to top button