ԿարևորՔաղաքական

Նյարդային դրսեւորումներ Բաքվից, նոր առաջարկներ Հայաստանից

Արցախի արտգործնախարարությունը  դատապարտում է  Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ո ւ համարժեք արձագանք ակնկալում միջազգային հանրությունից։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը հակամարտության կարգավորման կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափն է՝  հիշեցնում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նաև վտանգավոր համարում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունը  ստվերելու փորձերը։ Իսկ ալիևյան հայտարարությունների թիրախում Մինսկի խումբն ու ռուս խաղաղապահներն են։

Հայատյաց,  ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշարն ու  գաղափարները նպատակ ունեն տորպեդահարել խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու և ապամոնտաժել գոյություն ունեցող ձեւաչափերը՝  հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Ադրբեջանի կեցվածքն ու այդ երկրի նախագահի վերջին հայտարարությունները։  Նշվում է, որ Ալիեւի քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։

Ադրբեջանի ղեկավարը հատկապես թիրախավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը  և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությունը։

Բաքուն կշարունակի «խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը» ՝ օրերս ասել էր Իլհամ Ալիևը, կրկնել, որ կառույցն այլևս անելիք չունի, քանի որ հակամարտությունը լուծված է և այն  թերևս պատրաստվում է հոբելյանական միջոցառումների ՝  նկատի ունենալով կառույցի ստեղծման 30–ամյակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը ղարաբաղա-ադրբեջանական  կարգավորման բոլոր կողմերի միջեւ համաձայնեցված միակ ձեւաչափն է՝ ի պատասխան հիշեցնում  է  Արցախի ԱԳՆ–ն ու նշում, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։

Արցախի արտգործնախարարությունը դատապարտում է նաև ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունը  ստվերելու փորձերը։

Ադրբեջանի ղեկավարը  նաեւ ռուս խաղաղապահների մասին էր կոպիտ արտահայտվել՝  նշելով,  թե ռուս խաղաղապահների գործողություններում «բազմաթիվ նյարդայնացնող տարրեր կան», իրենք լուրջ դժգոհություններ ունեն Արցախ կատարվող, , իր ձևակերպմամբ,    անօրինական այցերի կապակցությամբ ։

Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, անդրադառնալով  Ալիեւի հայտարարություններին, ասում է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս անպարկեշտ ձեւակերպումներին, նաեւ նկատում՝  Ալիեւը  կարող է խոչընդոտել ՄԽ–ի աշխատանքը, բայց կասեցնել միջնորդների գործունեությունը չի կարող։

«Ադրբեջանը  կարող է խոչընդոտել ՄԽ–ի աշխատանքին, բայց կասեցնել միջնորդների գործունեությունը չի կարող, դա հնարավոր չէ, քանի որ այս պահին մանդատ ստանձնած միակ կառույցը ԵԱՀԿ ՄԽ—ն է։ Դրա համար նման հայտարարությունները պետք է արձագանքի արժանանան միջազգային հանրության կողմից»։

ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը ծաղրող ալիեւյան ձեւակերպումները տեղ են գտել նաեւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի Twitter-յան էջում, ինչն աննկատ չի թողել ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն ու հստակեցրել, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ եւ որ հրադադարը չի պահպանվում՝ հիշեցնելով  հայկական կողմից 3 զոհերի մասին։

Հայաստանի տարածքի նկատմամբ Բաքվի ոտնձգությունները պայմանավորված են արդյո՞ք ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առաքելության ներգրավմամբ, առավել եւս, որ նյարդային արձագանքներ կան Բաքվից ու Անկարայից՝ հայ լրագրողը հարցրել է  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ 2021 թվականի գերատեսչության գործունեության արդյունքներն ամփոփող  ասուլիսի ժամանակ։ Լավրովը հստակեցրել է, որ Մոսկվան Անկարայից պարզաբանում է սպասում՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման գործում  Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության կապակցությամբ։

« Ես անկեղծ նյարդային արձագանք չեմ տեսել Բաքվի ու Անկարայի պաշտոնական դեմքերի կողմից։ Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն էր արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել էր ՀԱՊԿ-ի հրավերի հետ կապված Ղազախստանի գործողությունները։ Մեր թուրք գործընկերներից սպասում ենք բացատրել, թե դա ինչ է նշանակում»։

Որպես սահմանային իրավիճակի կայունացման լուծում՝  Լավրովը դարձյալ խոսել է սահմանազատման ու սահմանագծման հարցով հանձնաժողովի ստեղծելու անհրաժեշտության մասին, հիշեցրել, որ ռուսական կողմն արդեն մեկ տարի պնդում է այս առաջարկը։ Հույս կար, որ հանձնաժողովը կստեղծվեր նախորդ տարեվերջին, սակայն հայկական կողմը նոր առաջարկներ է ներկայացրել՝ ասել է Լավրովը։   

«Մենք կողմ ենք արտահայտվում, որպեսզի հնարավորինս արագ սկսվի սահմանազատման գործընթացը։ Սակայն դա չի առնչվում ղարաբաղյան շրջանին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է, արդեն գրեթե մեկ տարի է առաջարկում ենք աշխատել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ: Հույս կար, որ  հանձնաժողովը կստեղծվեր անցյալ տարվա վերջին, սակայն կյանքը  բարդ է։ Երեկ եմ զրուցել հայաստանցի գործընկերոջս հետ, ով նոր առաջարկներ ուներ: Դրանք կփոխանցենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է հանձնաժողովը հնարավորինս շուտ գործարկել»։

Ըստ Լավրովի՝ հանձնաժողովին վերաբերող հարցերն այս փուլում քննարկվում են, կան հակասություններ։ Բայց պաշտոնական Մոսկվան այն կարծիքին է, որ  պետք է նստել եւ սեղանի շուրջ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք մինչ այժմ համաձայնեցված չեն։

Back to top button