ԿարևորՏնտեսական

Լարսում հերթերը կնվազեն․ Հայաստան մտնող բեռները կհայտարարագրվեն առաքող երկրում

Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրմանն առնչվող հարցը։ Նախատեսվում է, որ Հայաստան մտնող բեռների մաքսային ձևակերպումը կիրականացվի առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

Գործող կարգավորումներով Վերին Լարսում Հայաստան բեռներ տեղափոխելու մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի ու Վրաստանի սահմանակետերում, որովհետև Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ–ի հետ։ Վերին Լարսի անցակետի գերծանրաբեռնվածությանը գումարվում է յուրաքանչյուր բեռնատարի փաստաթղթերի ստուգման համար պահանջվող  15-20 րոպեն կամ ավելի երկար ժամանակը ։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը որոշ տվյալներ  է ներկայացրել։ Ըստ դրանց՝  2021 թվականի վերջին Վերին Լարսը պետք է բաց թողներ օրական 175 բեռնատար, 30-40 ավտոբուս ու 200 մարդատար ավտոմեքենա, բայց  պատկերը հետևյալն է՝ 1200 բեռնատար (գրեթե 7 անգամ ավելի) ու 700 մարդատար մեքենա (3.5 անգամ ավելի)․

«Լարսից դուրս են գալիս ու ընկնում են այդ նեղ ճանապարհի մեջ։ Այս նեղ ճանապարհով պետք է մի գծով գնան։ Իհարկե հիմա Վլադիկավկազի մատույցներում 11 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհ են կառուցում, ինչը թույլ կտա բեռնատարներին չմտնել քաղաք։ Հիմա քաղաքի ճանապարհով են գնում, ինչը լրացուցիչ խցանումներ է առաջացնում։ Մարդկանց մոտ տպավորություն կա, որ խցանման պատճառը Լարսի մաքսակետն էԼարսը չի, ճանապարհներն են»։

Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նիստում քննարկվել ու միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Դրանով նախատեսվում Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացնել առաքող երկրի  տարածքային մաքսային ծառայություններում, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

«Ճանապարհն այնպիսինն է, որ մոտենալիս  բեռնատար մեքենաները պետք է հերթ կանգնեն, այդ հերթից դուրս բեռնատար չի կարող մոտենալերկրորդ, երրորդ գիծ չկա, ընդամենը մի գիծ է ու բոլորը պետք է խելոք հերթ կանգնեն։ Օրինակ՝ հենց հիմա 1500 մեքենա է կանգնած։ Եթե հաշվենք, դա շուրջ 40 կմ–ոց հերթ է»։

Ինչ փաստաթուղթ էլ լինի, ասում է Թանանյանը, անհնար է հերթ չկանգնել ու արտահերթ մոտենալ։ Արտահերթ անցնում են միայն փչացող ապրանքներ՝ մրգեր, որոշ դեպքերում՝ դեղամիջոցներ ու կենդանիներ փոխադրող տրանսպորտային միջոցները։

«Իսկ երբ արդեն մաքսակետի տարածք են հասնում, բավական արագ իրենց սպասարկում ենբուն մաքսակետում մեծ խցանումներ չեն լինում։ Հարցը մինչև մաքսակետ հասնելն է։ Հիմնական ժամանակն այնտեղ են կորցնում»։

Ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման խնդիր էլ կա՝ ասում է զրուցակիցս  ու հավելում՝ ճանապարհները բարեկարգվում են, ինչն ավելի  թանկ հաճույք է, քան  մաքսակետ կառուցելը։ Մինչ այդ անցակետում ներդրվում է այդ «կանաչ ուղի» կոչվածը, որը  հեշտացնելու ու արագացնելու է փաստաթղթերի ստուգումը։

«Նպատակը փաստաթղթերի՝ տեխնիկապես արագ ձևակերպում ապահովելն է, որ գոնե թղթաբանության վրա թյուրիմացությունների, թյուրընկալումների ու այլնի պատճառով ժամանակ չծախսվի։ Բեռների փոխադրման 10-15 տոկոս  դեպքերում մարդիկ անտեղյակ են լինում կանոններից կամ խորամանկության են փորձում դիմել սխալ ձևակերպված փաստաթղթերով անցնելու համար, ինչը մեծ քաշքշուկներ է առաջացնում»։

Այս պահին Լարսը հիմնովին վերակառուցվում է։ Այդ աշխատանքը ևս 1.5-2 տարի կպահանջի, ինչի արդյունքում Լարսի հնարավորությունները կկրկնապատկվեն․7-ի փոխարեն կգործի  երթևեկության 13 գիծ՝ ընդգծում է Թանանյանը։ Բայց մինչ Վրաստանը կավարտի Կոբիի թունելի աշխատանքները, ստիպված ենք լինելու երթևեկել Խաչի լեռնանցքով՝ կախված լինելով եղանակից, սողանքներից, սելավներից։

Back to top button