ԿարևորՀասարակություն

2022-ին գիտության ֆինանսավորումը կավելանա 85 տոկոսով

2022թ-ին 2021–ի համեմատ 85 տոկոսով կավելանա գիտության ոլորտի ֆինանսավորումը, իսկ ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա միջինում 92 տոկոսով։ Այս մասին վարչապետը հայտարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Փոփոխություններն ամրագրվել են հաջորդ տարվա բյուջեում։  2022թ հունվարի 1-ից, օրինակ, ավագ գիտաշխատողը 99 հազարի փոխարեն 200 հազար դրամ աշխատավարձ կստանա, գլխավոր գիտաշխատողը 138 հազարի փոխարեն՝ 367 հազար դրամ։ Հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկվում է բազային աշխատավարձի չափը․ այսօրվա 4 միլիարդի փոխարեն այլ կլինի 7.8 միլիարդ դրամ։

Վարչապետը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկմանը նշել է, որ 2022–ին 2,5 անգամ կավելանան նաև գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:

«2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որն այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ շեշտել է, որ 2022–ին ոլորտում նախատեսվող ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը:

Նախկինում երբեք ոլորտի ֆինանսավորման նման ավելացում չի եղել՝ արձանագրում է «ԵրևանԷն» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։ Բայց նաև նկատում է՝ գիտության ֆինանսավորումը միշտ այնքան ցածր է եղել, որ աննախադեպ ավելացումը դեռևս բավարար ավելացում չէ։

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան

«Կա տպավորություն, որ ավելացումները կարող են ու կլինեն նաև շարունակական։ Մասնավորապես, բազային աշխատավարձերի մասով ավելացումները լինելու են աստիճանական՝ առաջիկա 4-5 տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ ամեն հաջորդ տարվա բյուջեն գոնե այդ մասով պետք է աճի։ Բազային աշխատավարձի ավելացումից բացի՝ կա նաև թեմատիկ ֆինանսավորում ասվածը, ինչը ենթադրում է գրանտային ծրագրեր տարբեր գիտական թեմաների համար։ Այս ուղղությամբ գիտության կոմիտեն արդեն ինչ–որ գրանտեր տրամադրում է»,– ասում է Հրանտ Խաչատրյանը։

Հրանտ Խաչատրյանը մեծ հույսեր է կապում հատկապես արտասահմանում աշխատող հայ գիտնականների վերադարձին միտված ծրագրերի հետ, վստահ է՝ ֆինանսավորման բարձրացման արդյունավետության ամենակարևոր ցուցիչը ոլորտի՝ երիտասարդների համար գրավիչ լինել կամ չլինելն է։

«Ինձ համար հաջողության չափանիշերից մեկն այն է, թե ֆինանսավորման այս ավելացումները որքանով կստիպեն արտասահմանում ասպիրանտուրայում սովորող կամ մի քանի տարի աշխատող մեր հայրենակիցներին վերադառնալ Հայաստան և Հայաստանում  լավ գիտական կարիերա ունենալ»։

Այսօրվա փոփոխությունների արդյունքները գիտության և տնտեսության մեջ կտեսնենք առնվազն 2-3 տարի հետո՝ ասում է Հրանտ Խաչատրյանը։ Կարծում է, որ տնտեսության մեջ արդյունքներ տեսնելու համար միայն ֆինանսական հատկացումները  բավարար չեն, լրացուցիչ մեխանիզմներ են պետք տնտեսություն– գիտություն երկխոսությունը կազմակերպելու համար։ Զրուցակցիս կարծիքով՝ նման ենթակառուցվածքներ ու մեխանիզմներ Հայաստանում գրեթե չկան։

Back to top button