ԿարևորՎերլուծական

ՀԱՊԿ-ին դիմել գրավո՞ր, թե՞ բանավոր. կարծիքները տարբեր են

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Այդ ընթացքում ամենից շատ տրվող հարցերից մեկն այն էր, թե ինչու Հայաստանը գրավոր չի դիմում ՀԱՊԿ-ին։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  ստեղծված իրավիճակը քննարկման թեմա դարձավ միջազգային, ռազմաքաղաքական կառույցների, կազմակերպությունների ղեկավարների հետ։ ՀՀ արտգործնախարարությունը պարզաբանում է, որ  Հայաստանի վարչապետը ներկայացրել է իրավիճակը մեր ռազմավարական դաշնակցի՝  Ռուսաստնի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին: Ավելի վաղ Մոսկվայից հստակեցվեց, որ Հայաստանն իր տարածք Ադրբեջանի ներխուժման հարցով գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարեց, որ թեև հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին: Իսկ Հայաստանը մտադի՞ր է դիմել ՀԱՊԿ-ին, եթե իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է։ Հարցին դեսպանը դժվարացել է պատասխանել, միայն նշել է, թե դա կախված է այն հանգամանքից, թե  ինչպես կզարգանա իրադրությունը։  Ռուսաստանում ՀՀ դեսպանը տեղեկացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում և ադրբեջանական կողմից գերեվարված հայերին հետ վերադարձնելու հարցերով։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ հերթական հարձակումից հետո ամենաշատ քննարկվող  թեման այն էր, թե ինչու Երևանն անմիջապես գրավոր չդիմեց ՀԱՊԿ-ին, սկսվեցին քննարկումներ, թե ինչ ընթացակարգ է ենթադրում կազմակերպությանը դիմելը։ 

ՔՊ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Ռադիոլուր»-ին ասաց. «Գիտեմ, որ պետք է լինի պաշտոնական գրավոր դիմում, որը պետք է քննարկվի ՀԱՊԿ լիագումար նիստի ընթացքում։ Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք,  բայց կարծում եմ` բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ակնկալվում է Կառույցի` որպես  ռազմաքաղաքական դաշինքի քաղաքական գնահատականը, քանի որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ռազմական ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Բացի այդ` ՀԱՊԿ երկրներից ռազմական աջակցություն ակնկալվում է հենց Ռուսաստանից»։

Կյանքը, ըստ նրա,  ցույց է տալիս, որ հենց Ռուսաստանն է գործուն աջակցություն դրսևորում, և երեկվա ռազմական գործողությունները դադարեցվեցին հենց Մոսկվայի շնորհիվ, հստակեցրեց պատգամավորը։

Իսկ կարելի՞ է ակնկալել աջակցություն՝ բանավոր խոսքի հիման վրա։

«Մեր ռուս գործընկերների հետ կապը մշտապես առկա է, այնուամենայնիվ, պատերազմական  այդ մի քանի ժամվա ընթացքում, երբ մարտական գործողություններ էին ընթանում, ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում ռուսական կողմի անմիջական ներգրավմամբ։ Վստահ եմ, որ նրանք չէին սպասում գրավոր նամակների կամ պաշտոնական դիմումների։ Կարծում եմ, որ նմանատիպ գործընթացների  մասին խոսելը նպատակ ունի հակառուսական տրամադրություններ ստեղծելու կամ թերահավատություն մտցնելու»։

Գրավոր և բանավոր դիմելու գործընթացները սովորաբար զուգահեռ են ընթանում` ըստ Սանդիկովի, և գրավոր դիմելը պարզապես  ֆորմալիզացնում է գործընթացը։ 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` ՀԱՊԿ-ին պետք  էր դիմել  ավելի շուտ՝  սպառնալիք տեսնելու դեպքում։ Իսկ գրավոր չդիմելու համար լուրջ  խնդիր է եղել, կարծում է։

«ՀԱՊԿ-ին կարելի էր դիմել շատ ավելի վաղ փուլում, երբ ռազմական գործողությունները կամ սկսվել էին, կամ չէին սկսվել, բայց ունեինք հստակ հետախուզական տեղեկություններ, որ նման գործողություններ նախատեսվում էին։ Մենք ոչ միայն ՀԱՊԿ-ին պետք է դիմեինք, այլև միջազգային բոլոր ատյաններին, գերտերություններին, որպեսզի իրավիճակը կարողանայինք ճիշտ ներկայացնել»։ 

Բավական էր տեսնել սպառնալիք, որպեսզի դիմեին ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին։ 

ՀՀ ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը:

ՄԱԿ-ի ԱԽ-ին իրավիճակը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպման ժամանակ նա ելույթ է ունեցել և ուշադրություն հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները»։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

Ադրբեջանի կողմից Հայաստանի հանրապետության դեմ հարձակումից հետո ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին  տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել:

Բանաձև կարան ընդունեն, և ճնշում գործադրեն որ այն կատարվի։

Back to top button