ԿարևորՄշակույթ

Հայկական մշակույթը յուրացնելու և սեփականից հրաժարվելու ադրբեջանական պարադոքսը

Ադրբեջանցիները պնդում են, թե Մարտակերտի շրջանի Աղդաբան գյուղում է գնվում ադրբեջանցի գուսաններից մեկի գերեզմանը, ուր այցելելու համար  բանակցություններ են սկսել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Մշակութային ժառանգության պահպանության արցախցի մասնագետները համոզված են, որ նման գերեզման այդ գյուղում չկա՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց թեմի առաջնորդը։ Ադրբեջանցիները, սակայն,  պնդում են, որ այն դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է մնացել հայկական վերահսկողության տակ, իսկ երգահանի ունեցվածքն իբրև թալանվել է հայերի կողմից։ Ադրբեջանցի այդ գուսանի անունն անգամ հայտնի չէ՝ ասում է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այդուհանդերձ, հայկական կողմը պատրաստ է ադրբեջանցիներին տալ գյուղ այցելելու և գերեզմանը գտնելու հնարավորություն մեր առաջարկն ընդունելու դիմաց, իսկ  առաջարկը ուխտավորների այցերը Դադիվանք վերսկսելն է։

«Այս ամենը դեռ խոսակցություններ են, չգիտեմ, թե իրականում ինչ կկատարվի, ամեն օր ինչ-որ բան փոխվում է։ Դեռ 2020 թվականին կային այս խոսակցությունները, որ իրենք կարողանան այցելել այդ գյուղ, իսկ մենք՝ Դադիվանք»,-ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Վերջնական պայմանավորվածություն կամ արդյունք դեռևս չկա՝ ասում է Արցախի թեմի առաջնորդը։ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ նոյեմբերից մինչև մայիս ադրբեջանական կողմն ամեն կերպ բարդացնում էր ուխտավորների այցերը Դադիվանք։ Սկզբում պահանջում էին ուխտավորների տվյալները, ապա ստուգման գործընթացն էին ձգձգում, հետո պատճառ էին բերում համավարակը, ապա՝ Թարթառ գետի վարարելը։ Մայիսից ուխտավորների այցերն ընդհանրապես արգելվեցին։ Այժմ Դադիվանքում հայ 6 հոգևորական կա։ Տեր Վրթանեսի խոսքով՝ Ադրբեջանն այդ հորինված գուսանի գերեզմանին ցանկանում է այցելել ցույց տալու համար, որ ժառանգություն ունի, զուգահեռաբար շարունակում է Դադիվանք ուդիներ բերել՝ փորձելով առաջ տանել այն թեզը, թե հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրն ուդիական է․

«Ուդիները 2021 թվականից են այցելում Դադիվանք, փետրվար-մարտ ամիսներին են 1-2 անգամ եկել, վերջինը սեպտեմբեր ամսին էին եկել, այցելել են վանական համալիր, 10-15 րոպե աղոթելուց հետո լքել են եկեղեցին։ Ադրբեջանցիները հետ չեն կանգնում այն միտքը ապացուցելուց, թե Դադիվանքը ուդիական է»,-նշում է Տեր Վրթանեսը։

Մշակութային արժեքների փոխանակման մի առաջարկ էլ հնչել է հայկական կողմից։ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ 30 տարի շարունակ Արցախում պահվել են ադրբեջանցի նկարիչների կտավներ, որոնցով երբեք Ադրբեջանը չի հետաքրքրվել։ Հայկական կողմը դրանք առաջարկել է փոխանակել Շուշիի թանգարանների մշակութային նմուշների հետ։

«Ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ աշխատանքներ էինք սկսել, որպեսզի փոխանակում անեինք։ Մեզ մոտ 5 տասնյակ նկարներ կան, ես նախկինում նշել եմ 4 տասնյակ, բայց հենց երեկ են ինձ զեկուցել, որ 50 կտավ ունենք ադրբեջանցի նկարիչների, որոնք ռուս խաղաղապահների միջոցով առաջարկել ենք փոխանակել Շուշիում գտնվող մշակութային արժեքների հետ։ Ռուս խաղաղապահները մեզ հայտնել են, որ անհնար է նման փոխանակում։ Հասկանում եք, անհնար է ադրբեջանցիների հետ կոնտակտի դուրս գալ, երևի ռուսների համար էլ է հիմա անհնար, ինչ կարող եմ ասել»,-ասում է Լուսինե Ղարախանյանը։

Նախարար Ղարախանյանի խոսքով՝ ռուսական խաղաղապահ առաքելություն մեջ կան մշակույթի եւ կրթության հարցերով զբաղվող զինվորականներ։ Նրանց հետ բանակցելով՝ Արցախի ԿԳՄՍ-ն աշխատել ստացել է մեկ պատասխան՝ «Անհնար է, Բաքուն դեմ է»։ Նախարարի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ այդ պատասխանատուներն Արցախ գործուղվում են 6 ամսով․ մինչ բանակցություններն ինչ–որ կետի են հասնում, պատասխանատուները փոխվում են  և դրանք նորից սկսելու անհրաժեշտություն է առաջանում։

Փոխվել է նաև ռուս խաղաղապահների հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է Գենադի Անաշկինը։ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանն ասում է, բանակցությունները վերսկսելու են  նրա հետ՝ Դադիվանք այցելությունները հնարավորինս շուտ վերսկսելու համար․

«Մոսկվայում  Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը  Վեհափառը  շատ բարձր մակարդակով է բարձրացրել այս խնդիրը, տեսնենք ինչ արդյունք կունենանք, ինչպես կվերաբերվի նաև մեր առաջարկին ռուս խաղաղապահների նոր ղեկավարը։ Պիտի ամեն հնարավոր և անհնար բան անենք, որպեսզի մեր ուխատվորները վերսկսկեն անխոչընդոտ այցերը դեպի Դադիվանք»,-ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Իսկ Ադրբեջանը շարունակում է մանևրել՝ փաստացի հրաժարվելով սեփական ժառանգությունից և փոխարենը յուրացնելով հայկականը։

Back to top button