ԿարևորՀասարակություն

Հանրային լսում՝ առանց հանրությա՞ն․ Ավանում ձուլարանի ստեղծման ծրագիրը «պայթյուն» է առաջացրել

«Քոփփեռ» ՍՊԸ-ն պատրաստվում է Երևանի Ավան վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Աճառյանի 2 փակուղի հասցեում, գունավոր մետաղների ձուլման տեղամաս հիմնել: Ավանի համայնքապետարանում այսօր անցկացվել է շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հանրային քննարկման չորրորդ փուլը։ Այն, սակայն, հարթ չի անցել։ Լսմանը մասնակցել են նաեւ թաղամասի բնակիչները եւ պնդել, որ նախորդած երեք լսումների մասին իրենք անգամ տեղյակ չեն եղել, եւ որ խիստ մտահոգված են արդյունաբերական այդ նախագծի հնարավոր հետեւանքներով։ 40 րոպե տեւած աղմկոտ քննարկման մանրամասները՝ ռեպորտաժում։

Երեւանի Ավան վարչական շրջանում գունավոր մետաղների ձուլարան հիմնելու մասին հանրային լսման ժամանակ բուն ծրագրի մասին որևէ մեկը լսել չէր ուզում։ Լսման մասնակիցներն առաջնահերթությունն այլ հարցերի էին տալիս, օրինակ՝ սա չորրո՞րդ, թե՞ առաջին լսումն է, կարևոր է ձուլարա՞նը, թե՞ ձուլարանի մասին հանրային իրազեկվածությունը․

-Մենք եկել ենք հանդիպելու, իմանալու համայնքի բնակիչների կարծիքը։
–Նախորդ 3 քննարկումների ժամանակ մեր կարծիքը չէ՞ր հետաքրքրում։

Այս ռեպորտաժում դուք գրեթե չեք լսի ավարտուն միտք։ Հանրային լսմանը հնչած գրեթե բոլոր դիտարկումներն ավարտվում էին ոչ թե տրամաբանական վերջակետով, այլ աղմուկով։

Ավանի համայնքապետարանում անցկացվող հանդիպման ժամանակ վարչական շրջանի բնակիչները վստահեցնում են՝ նախորդած երեք լսումների մասին իրենք գաղափար անգամ չեն ունեցել, կարծիք կամ դիրքորոշում հայտնելու մասին խոսք չկա էլ։ Մինչդեռ իրենք խիստ մտահոգված են շրջակա միջավայրի վրա գունավոր մետաղների ձուլարանի հնարավոր հետեւանքներով։
Ավանի բնակիչ Արսեն Մուրադյանը «Ռադիոլուրին» փոխանցում է իր դժգոհությունը՝ իրենց բնակության վայրին մոտիկ կառուցվում է ձուլարան՝ իր բոլոր ռիսկերով, իսկ իրենք այդ մասին «օդից» են իմանում։

«Պատահաբար երեկ ֆեյսբուքյան քննարկումներ տեսա, որ Ավան համայնքում այսպիսի բան է նախատեսված, որոշեցի մասնակցել քննարկմանը, հընթացս հասկացա, որ սա վերջին քննարկումն է, բայց ոչ ոք տեղյակ չի պահել նախորդ քննարկումների մասին, ու տպավորություն է ստեղծվել, թե ինչ–որ դրական բան է արվում»։

Մինչդեռ քննարկման մյուս՝ այսպես ասած «պաշտոնական» կողմը՝ թաղապետարանի ու շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, վստահեցնում են՝ Ավանում ձուլարան հիմնելու մասին իրենք հանրային պատշաճ իրազեկում արել են։ Նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի գլխավոր մասնագետ Նորիկ Մեսրոպյանը նշում է՝ քաղաքապետարանի, թաղապետարանի կայքէջերում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում լսումների մասին հայտարարություն է տվել․

« Մենք պատշաճ կերպով իրազեկում կատարել ենք, մենք իրազեկման այս ձևը գիտենք, մենք չենք կարող ամեն բնակչի ասել»

Գրեթե 40 րոպե շարունակվող «Տեղեկացրել ենք-չենք տեղեկացվել» քննարկումը եզրափակվեց բնակիչ Հովհաննես Ավետիսյանի առաջարկով․

«Քանի որ առաջին երեք միջոցառումներին բնակիչների մեծ մասը ներկա չի եղել, բովանդակային մասին մարդիկ տեղյակ չեն, և, հետևաբար, հնարավոր է հարցեր հնչեն, որոնց քննարկումը շատ երկարի, ես առաջարկում եմ հետևյալը՝ հետաձգենք, պատշաճ ձևով մարդիկ տեղեկանան, երեքի տեսանյութը տրվում է համացանցում, բոլոր փաստաթղթերը դրվում են համացանցում մարդկանց տրվում է առնվազն մեկ ամիս ծանոթանալու, հետո հաջորդ հանրային քննարկումն ավելի բարենպաստ պայմաններում և տեղեկացված կազմակերպենք, որ ավելորդ հարցեր չտանք»։

Առաջարկը փոխթաղապետն ընդունեց, որ հաջորդ հանրային լսումն անցկացվի քաղաքացիներին նյութեր և դրանց ծանոթանալու ողջամիտ ժամանակ տրամադրելուց հետո։ Վստահ է, որ պատշաճ ծանուցում արել են, բայց չի բացառում, որ ծառայողական քննություն էլ լինի։ Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը բողոքում է՝ այդպիսի բան հնարավոր չէ․

«-Փոխթաղապետը համաձայնեց, Դուք երկարացնում եք, նյութերը կկարդանք, կգանք կքննարկենք։
–Մեր օրենքի համաձայն՝ տրվում է 60 աշխատանքային օր, մեր վերջնաժամկետը հոկտեմբերի 21-ին վերջանում է։
Դրանից հետո մենք կարող ենք լիազոր մարմնին գրությամբ ներկայացնեն 30, հետո՝ ևս 10 աշխատանքային օր ավելացնելու համար։ Իսկ որ նոր հանրային քննարկում պիտի իրականացվի, մեր օրենքում դա նախատեսված չի»։

Վերադառնալով Ավանում գունավոր մետաղների ձուլարանի աղմկահարույց նախագծին․ «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է գունավոր մետաղների ջարդոնից տարեկան ստանալ պղնձի, ալյումինի մոտ 1800 տ համաձուլվածք։ Մինչդեռ տնտեսական շահի կողքին բնակիչներին մտահոգում է դրա առողջապահական կողմը։ Ձուլարանի արտանետումները լինելու են բնակելի շենքերից մոտ 600 մետրի վրա, արտադրական կարիքների համար օգտագործվելու է խմելու ջուր քաղաքի ջրմուղու համակարգից, իսկ հնարավոր թափոնները վտանգավոր կարող են լինել։

Բնակիչները հուսով են, որ այլևս չի լինի հանրային լսում առանց հանրության։ Եթե իրազեկվելուց, նյութերին ծանոթանալուց հետո իրենց մասնագիտորեն վստահեցվի, որ ձուլարանը խիստ բացասաբար չի ազդի շրջակա միջավայրրի վրա, դեմ չեն լինի։ Բայց կարծիք հայտնելուց առաջ պետք է ունենան այն ձևավորելու հնարավորություն։

Back to top button