ԿարևորՀասարակություն

Սյունիքում այս աշունը թեժ է լինելու

Հոկտեմբերի17-ին  Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տաթև, Տեղ համայնքներում համամասանական ընտրակարգով ավագանու անդամների ընտրություններ են տեղի ունենալու, նոյեմեբերին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Կապանում։

Այսօրվանից արդեն քաղաքական ուժերը կարող են առաջադրումներ անել։ Ընտրական օրենսգիրքը դրա համար տասնօրյա ժամկետ է նախատեսում։  

Սյունիքի մարզի  4 համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Տեղում ու Տաթևում հոկտեմբերի 17-ին  առաջին անգամ են  համամասնական ընտրակարգով ավագանու անդամներ ընտրելու։ Սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը  կուսակցություններն ու դաշինքներն ընտրական  ցուցակները պետք է ներկայացնեն տարածքային ընտրական հանձնաժողով։ Նոր ընտրակարգով՝ համայնքների ավագանու անդամների թիվը  նախկինի համեմատ ավելի մեծ է լինելու։ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյան․

 «Ընտրական օրենսգրքի համաձայն՝  համամասնական ընտրակարգով ավագանու ընտրության արդյունքում  Տեղ, Տաթև  և Մեղրի համայնքների ավագանիները կունենան 15, Գորիսինը՝ 21 անդամ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուներ առաջադրելու է բոլոր համայնքներում։ «Բարգավաճ Հայաստան»-ի Սյունիքի մարզային կառույցից «Ռադիոլուր»-ին տեղեկացրին, որ վերջնական որոշում  կուսակցության քաղխորհուրդը դեռ չի կայացրել։ Արտախորհրդարանական մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը  որոշում ունի․  մասնակցելու է Սյունիքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց ոչ բոլոր համայնքներում։ Կուսակցության փոխնախագահ  Գևորգ Գորգիսյան․

«Իհարկե մասնակցելու ենք, բայց ոչ բոլոր համայնքներում, այնտեղ, որտեղ կուսակցությունն անդամներ ունի։ Առաջիկայում պատկերը պարզ կլինի»

Սյունիքում հիմնադրված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում, որը խորհրդանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ է, նույնպես քննարկումները շարունակվում են։ Չեն բացառում, որ մեկ–երկու համայնքում դաշինքով առաջադրվեն։

Մեղրիում  արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, ըստ տեղեկությունների, առաջադրվելու է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով․ Բագրատ Զաքարյան

 «էս պահին դրությամբ ես ոչ մի հայտարարություն չեմ անում, քանի որ  աշխատանքի մեջ եմ։ Այո, ճիշտ եք լսել։ Առաջադրվելու եմ ընտրություններին։ Բայց մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ սահմանված կարգով օրերի ընթացքում»։

Մեղրիի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, ագարակցի Խաչատուր Անդրեասյանը։ Շրջանառավող տեղեկություններով՝ նա գլխավորելու է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ընտրացուցակը։  Մեղրիում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանն է։

 «Մեր քաղաքական էլիտան, նաև կուսակցության ղեկավարը  երկար քննարկումներից հետո կանգ առան իմ թեկնածության վրա։ Ավագանու անդամների ցուցակն ենք ճշտում, համարյա կազմը պատրաստ է»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սյունիքում մարզային պատասխանատու չունի։  Փորձեցինք ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանից ճշտել, թե ում է առաջադրելու կամ  սատարելու իշխող ուժը  Տեղ, Տաթև ու Գորիս համայնքներում։ Պատգամավորի հետ կապվել չհաջողվեց։   Ըստ շրջանառվող  տեղեկությունների՝ ՔՊ–ի որոշումները դեռ վերջնական չեն։

Back to top button