ԿարևորՀասարակություն

Թռիչքուղին ռազմական ու քաղաքացիական, օդանավակայանը՝ քաղաքացիական․ ՀՀ երկրորդ օդանավակայանը վերանորոգվում է

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը իրականացվում են պլանային վերանորոգման աշխատանքներ, վազքուղին ամբողջապես նորոգվում է, նաև կառուցվում է ժամանման նոր սրահ։  Ընդհանուր ներդրումը 7․5 մլն դոլար է, որից 1․5 մլն-ը՝ ժամանման սրահի կառուցման համար։ Ներդրողը հենց  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունն  է։ 870 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նոր ժամանման սրահը կունենա անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ։ Օդանավակայանը փաստացի տարեկան սպասարկում է 250 հազար ուղևորի, վերանորոգումից հետո կկարողանա սպասարկել  700 հազարի ուղևորի։ 

Լայնամասշտաբ շինարարական աշխատանքներից հետո Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին կշարունակի սպասարկել և ռազմական, և քաղաքացիական օդանավերի՝ վստահեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, օդանավակայանի թողունակությունը զգալիորեն կավելանա։ Հիմնանորոգումը կատարվելու էր՝ անկախ  ռազմական գործողություններից ու դրան հաջորդած իրադարձություններից․

«Մեր թռիչքուղին համատեղ օգտագործվում է և ՊՆ-ի, և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, ծածկույթը երկուսն էլ օգտագործում են։ Այնպես չէ, որ սա պարտադիր միայն զինվորականների համար է»։

3220 մետր երկարությամբ և 45 մետր լայնությամբ վազքուղին 1960–ականներից է  գործում։ Մի քանի անգամ վերանորոգված թռիչքուղու հիմնովին վերանորոգումը կավարտվի սեպտեմբերի 1–ին՝ վստահեցնում է Աշոտ Միրզոյանը, նշում՝ 14 տարի շահագործումից հետո բազմաթիվ ճաքեր էին առաջացել, թռիչքուղին կրիտիկական վիճակում էր։ Աշխատում են նոր տեխնոլոգիայով։

«Մոտ հինգ սմ հաստությամբ հին շերտը հանվում է, իրականացվում են հայտնաբերված ճաքերի բիթումային լցումներ, հատուկ ցանցեր են տեղադրվում, որ ճաքերը չբարձրանան վերև։ Իրականացվում է ասֆալտի ծածկույթի տեղադրում երկու շերտով առաջինը միջինը 3 սմ հաստությամբ, որպեսզի թեքությունը ճիշտ լինի, երկրորդ շերտը՝ վեց սմ հաստությամբ, արդեն վերջնական շերտն է։ Ասֆալտին խառնել ենք հատուկ նյութեր։ Նույն տեխնոլոգիան կիրառել ենք նաև  «Զվարթնոց»  օդանավակայանում»։

Ընդհանուր ներդրումը 7․5 մլն դոլար է, որից 1․5 մլն-ն ուղղվել է ժամանման սրահի կառուցմանը։ Ներդրողն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունն  է։ 870 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նոր ժամանման սրահը կունենա անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ, օդանավակայանը փաստացի տարեկան սպասարկում է 250 հազար ուղևորի, առաջիկայում թիվը գրեթե  եռակի կավելանա՝ հասցվելով 700 հազարի։

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Ինֆրակառուցվածք» բաժնի շինարարական ղեկավար Սևակ Թահմասյանը պատմում է․

«Նոր համալիրը կընդլայնվի, կկարողանանք տարեկան սպասարկել մինչև 700 հազար ուղևորի։ Մեկ չվերթը մաքսիմում մինչև 250 ուղևորով  հնարավորություն կունենանք սպասարկել  մեկ ժամում։  Քանի որ նախկինում հին ժամանման սրահը մոտավորապես 400 քառակուսի մետր էր, ուղևորները դրսում էին սպասում, այժմ նրանք բոլորը կսպասեն ներսում»։

Գյումրու «Շիրակ» օդանավակայանով այս տարվա առաջին կիսամյակում  ՀՀ է ժամանել ավելի քան 22 հազար ուղևոր, ՀՀ-ից մեկնել է շուրջ 38 հազարը։ Օդանավակայանը փակ է հուլիսի 15–ից։   «Շիրակ»-ը  Հայաստանի երկրորդ քաղաքացիական օդանվակայանն է։ Այստեղից հիմնականում թռիչքներ են իրականացվում ՌԴ տարբեր քաղաքներ։

Back to top button