ԿարևորՎերլուծական

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար․ Լավրով

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու նոր հանգույցների կառուցումը կարող են  բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները․ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ եռակողմ հանձնաժողովն այս ուղղությամբ աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրվում են հնարավոր բոլոր երթուղիները։

Լավրովի խոսքով՝ հարավկովկասյան տրանսպորտային հանգույցը  լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս։ Նախիջևանով երկաթուղու վերագործարկումը հնարավորություն կտա ՀՀ երկաթգիծը միացնել Իրանի երկաթուղային համակարգին՝ նշում են հայ փորձագետները՝ դիտարկելով ապաշրջափակման դրական ու բացասական կողմերը։ 

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծումը  կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։  Ռուսաստանը հետաքրքրված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ՝ նշել է նա։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», — ասել է Լավրովը։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին հայտարարել է «40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրա ձեւակերպմամբ, իրենց բաժանում է Նախիջևանից։  

«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»։

Մի կողմից՝ Ալիևը ապաշրջափակման մասին է խոսում, մյուս կողմից՝ հայտարարում, օրինակ, Նախիջևանում նոր ռազմական օդանավակայան բացելու մասին ու լուսանկար հրապարակում։ Որքանո՞վ են համատեղելի այս երկու նախաձեռնությունները։ Այն, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, տեսանելի է բոլոր  մակարդակներում՝ ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նախիջևանի ռազմական օդանավակայանի հարցում փորձագետը նաև մանիպուլիացիա է նկատում.   

 «Ներկայացվել էր իբրև նոր ռազմաօդանավակայանի բացում, բայց իրականում խոսքը  խորհրդային տարիներից գործող օդականավակայանի մասին է։ Այսինքն՝ ռազմական օդանավակայանի բացում չէ ։ Դա կարող էր լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերը կառուցված նոր թռիչքուղու շահագործման հանձնում, բայց դրա արարողությունն էլ կարելի էր իրականացնել 2020 թ.-ի սեպտեմբերին։ Ուղղակի տեղի ունեցածի  ֆոնին փորձում են լ նույն ագրեսիվ մեսիջներ հղելու տրամաբանությամբ վերատարածել»։   

Ալիևը նաև ասել է, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղու սեփականատերն է, այդ պատճառով Բաքուն կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։  

«Հարավկովկասյան երկաթուղին» Ռուսաստանին հավատարմագրային կառավարման ներքո է՝  նկատում է տնտեսագետ Արա Քառյանը և հավելում․

 «Դրա կառավարումը պատկանում է ՀՀ-ին։ Ես կարող եմ բերել գազի օրինակը. գազը պատկանում է ռուսական կողմին, բայց կարգավորման լծակը մեր ձեռքում է, որը մենք էլի լավ չենք օգտագործում։ Երկաթգծի դեպքում էլ  իրենք միայն շահագործում են, կարգավորման ռեժիմը մերն է»։  

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակում պարբերաբար հանդիպում են, քննարկում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա բոլոր հարցերը: Ի՞նչ փուլում են աշխատանքները. պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է.     

«Աշխատանքները ամփոփված չեն, սակայն, փորձագիտական խմբերը աշխատում են, ձգձգումներ չկան»։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նախնական հաշվարկներով՝ Երևան-Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքու ուղղությամբ խորհրդային տարիներին գործած երկաթգծի վերանորոգումը հայկական կողմի համար կարժենա շուրջ 210 մլն դոլար։ Մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի մամուլի ծառայությունից։

Եվս մեկ մեջբերում.  

«Անհրաժեշտ է վերականգնել Երասխից մուտքը Նախիջևան։ Այս հատվածում խոսքը՝ շուրջ 1 կմ երկաթգծի վերականգնման մասին է։ Մեղրիում էլ վերականգնման անհրաժեշտություն ունի շուրջ 38 կմ երկաթգիծ՝ իր ինժեներական կառույցներով»:  

Մասնագետները նկատում են, որ այս ուղղությամբ երկաթգծի վերականգնման դեպքում հնարավոր կլինի դրա միացումը Իրանի երկաթուղային համակարգի հետ Նախիջևանի տարածքով: Ընկերության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ հաշվարկները պայմանական են և խիստ նախնական, նաև հայտնել են, որ «Ռուսական երկաթուղիների» մասնագետներն ունեն մոտավոր հաշվարկ,  թե որքան կարժենա երկաթգծի վերականգնումը ադրբեջանական հատվածում՝ շուրջ 400-450 մլն դոլար110 կմ երկարությամբ երկաթգծի համար։

Տնտեսագետ Արա Քառյանը կարծում է, որ ներդրողները կարող են լինել նաև անվտանգության երաշխավորներից մեկը։ Տնտեսագետը նկատում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, որը ֆիքսվել է պատերազմի արդյունքում, նոր բան չէ և եղել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բոլոր փաստաթղթերում, ինչը նշանակում է, որ մեծ հաշվով աշխարհը դրանով մտահոգված է։

«Արևմուտք-Արևելք ենթակառուցվածքներից մեկը, որ անցնում է Հայաստանով ու Ադրբեջանով, փակված է, որը աշխարհի համար անընդունելի է։ Դրա համար է բոլոր նախագծերում ապաշրջափակումը շեշտված եղել։ Հայաստանով անցնող կոմունիկացիաների դեպքում այն ավելի էժան կլինի։ Մենք այդ ուղիներով արտահանելու մեծ բան չունենք, բայց մենք էլ պիտի չխոչընդոտենք այդ ավելի էժանին։ Եթե մենք ասում ենք, որ Հյուսիս-հարավից կշահենք, սրանից էլ կարող ենք շահել»։        

Հայ մասնագետները կարևորում են մեկ հանգամանք ևս․ երկաթգծի վերականգնման դեպքում հնարավոր կլինի դրա միացումը Իրանի երկաթուղային համակարգին Նախիջևանի տարածքով:

Back to top button