ԿարևորՀասարակություն

Ամանորի արձակուրդի կրճատումը կլցնի՞, թե՞ կվնասի բյուջեն․ նախարարների կարծիքները բախվում են

Էկոնոմիկայի նախարարությունում հաշվարկել են ու պարզել՝ եթե ամանորյա արձակուրդները կրճատեն 5 օրով, համախառն ներքին արտադրանքը կավելանա շուրջ 87 մլրդ դրամով։ Ընդ որում՝ աճ ակնկալում են բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև առևտուր։ Մինչդեռ առևտրի ու ծառայությունների ծավալների հնարավոր աճի հարցում էկոնոմիկայի նախարարության լավատեսությունը չեն կիսում ֆինանսների ու աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունում։

Սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ճիշտ հակառակը, կարծում է, որ կոնկրետ այս երկու ոլորտում ոչ թե աճ, այլ անկում է սպասվում։ Թերևս հենց այս տրամաբանությամբ էլ Մեսրոպ Առաքելյանը  նախագծին դեմ քվեարկած միակ նախարարն էր։

Եթե խորհրդարանում նախագիծը հավանության արժանանա, 2022 թվականի ամանորյա հանգստյան օրերը կկրճատվեն։ Էկոնոմիկայի նախարարի բնորոշմամբ՝ որոշել են կրճատել խրախճանքի տոնական օրերը։ Նախարարությունում հաշվել են, թե որքան գումար է պակասում տնտեսությունից, երբ հունվարի սկզբին աշխատանքային օրերը պակաս են լինում։

Վահան Քերոբյանն առաջարկում է հունվարի 2-7-ը, բացի Զատկի ամսի 6-ից, սահմանել որպես աշխատանքային օր․ «Նախագիծն ուղղված է ՀՀ-ի ուժեղ տնտեսության կայացմանը։ Այսօրվա կարգավորումները Հայաստանի տնտեսական կյանքից  ջնջում են տասը օր։ Մեր երկրում հայտարարվում է խրախճանքի տասը օր։ Այսօրվա ՀՀ-ի ապագայով հետաքրքրվածները չեն կարող թույլ տալ նման շռայլություն»։

Ամանորի հանգստյան օրերը կրճատելու հարցը քննարկվում է կառավարության դեռ նախորդ կազմի ժամանակներից՝ 2017թվականից։ Ինչպես նախորդ,այնպես էլ այս կառավարության հիմնավորումը նույնն է՝ «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած  և առավել ևս զարգացող երկրներում վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։ Եվ ահա, այս կառավարությունը երկրորդ եռամսյակի սկզբում է նախագիծը քննարկում։ Վարչապետը բացատրում է՝ ինչու է կառավարությունը հիմա՝ երկրորդ եռամսյակի սկզբում, քննարկում տարեվերջին վերաբերող նախագիծը։

«Առաջարկում եմ նախ խուճապի չմատնվել արվող առաջարկից։ Արձանագրենք, որ թեման վաղուց հասունացած ու քննարկված է՝ մի տարբերությամբ, որ այն սկսում են քննարկել դեկտեմբերի երկրորդ կեսին։ Սա շատ նուրբ, բայց  նաև շատ կարևոր հարց է»։

Էկոնոմիկայի  նախարարությունում  հաշվարկել են ու մի քանի հնարավոր թիվ դուրս բերել․ օրենքի ընդունմամբ տարեկան  համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով կամ մոտ 1․5 տոկոսով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35 միլիարդով,  ծառայությունները՝ 34, գյուղատնտեսությունը՝ 3,5 միլիարդ դրամով։ Պարզվում է՝ ներդրումներին էլ կարող է խանգարել ամանորյա երկարատև հանգիստը։

Էկոնոմիկայի նախարարը մյուս երկրների փորձն է մատնանշում՝ հիշեցնելով՝  տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանում են ամանորին այսքան երկար հանգստանում։ Մինչդեռ սշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը ճիշտ հակառակ դիտարկման է ու չի կարծում, թե ոչ աշխատանքային օրերի կրճատումը էական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա։ Ավելին, գործադիրի նիստում նա հակադրվում է՝ ընդգծելով՝ ծառայությունների և առևտրի ոլորտն էականորեն կկրճատվեն, ավելին, աշխատողների արձակուրդի իրավունքները կխախտվեն․

«Ներկայացվող նախագծին այս տեսքին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը դեմ է։ Ոչ աշխատանքային օրերի կրճատումն էականորեն նվազեցնում է աշխատողների հանգստի օրերի քանակը։ Նախաձեռնող նախարարությունը ներկայացրել է, որ հանգստյան օրերի քանակով ՀՀ–ն գերազանցում է մի շարք երկրների, նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։ 

Մասնագիտությամբ տնտեսագետ սոցապնախարարը էկոնոմիկայի նախարարի տնտեսական հաշվարկների հետ համամիտ չէ։ Առաքելյանը կարծում է՝ տնտեսությունն ապրում է  նաև ոչ աշխատանքային օրերին։ Ավելին՝  առևտուրն ու ծառայությունը ոչ աշխատանքային օրերին ավելի շատ են ՀՆԱ արտադրում, իսկ տոնական օրերին ակտիվ են հատկապես հյուրանոցներն ու հանգստյան տները։

Սոցապնախարար. «Հունվարի յոթ օրվա ընթացքում ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, քանի որ մարդիկ հանգստի են գնում։ Նախագծի ընդունման դեպքում ներքին տուրիզմը վերանալու է։ Տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա։ Այդ օրերին տնտեսությունն աշխատում է՝ բանկերը, բոլոր խանութները շարունակում են աշխատել»։

Էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին է հակադրվում՝ հարցերը խորը վերլուծել են, գործընկերոջ հաշվարկները կասկածի տակ չի դնում, սակայն հակառակն է պնդում ՝ ռեստորանների մի մասը տոնական օրերին չի աշխատում։ Աշխատանքի և սոցհարցերի նախարարը կառավարության միակ անդամը չէր, որ այս նախագծին դեմ էր։ Այս մոտեցումը  վիճահարույց է նաև ֆինանսների նախարարի համար։  

«Մեր կարծիքով էլ շատ էական չէ՝ ՀՆԱ-ն կավելանա 88, թե 44 մլրդ դրամով։ Էական է, որ ինչպես հայտարարել ենք, քաջալերում ենք աշխատանքն ու աշխատանքի և կրթության միջոցով աղքատության հաղթահարումը»։

Բանավեճի թեմա դարձած նախագիծը հաստատվեց, բայց սպասումով, որ այն դեռ խորհրդարանում էլ կքննարկվի։

Back to top button