ԿարևորՄշակույթ

Հայկական կինո՝ բոլոր էկրաններին

Ապրիլի 16-ին Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի բացառապես հայկական կինո։ 2019 թվականից ապրիլի 16-ը նշվում է որպես կինոյի օր։ Անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով օրը մեծ շուքով չնշվեց, թեմատիկ միջոցառումներ առաջին անգամ կանցկացվեն այս տարի։ Ինչ է նախատեսվում՝ պատմում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը․

«Կոչ արեցինք թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր կինոթատրոններին, որ այդ օրը ցուցադրեն հայկական ֆիլմեր։ Ի ուրախություն մեզ՝ բոլորը դրական արձագանքեցին, և այդ օրը՝ ապրիլի 16–ին, բոլոր կինոթատրոններում դուք կարող եք դիտել հայկական ֆիլմեր»։

Հայկական ֆիլմերի ցուցադրության երկարատև ծրագիր է նախատեսվում նաև երեխաների համար․ այն կմեկնարկի ապրիլի 17–ից․

«Մինչև տարվա վերջ ամեն շաբաթ և կիրակի կցուցադրենք մանկական անիմացիոն ֆիլմեր։ Մենք կոչ ենք արել մարզերում էլ ցուցադրություններ իրականացնել մանուկների համար։ Տարբեր մարզերից միանում են, և մեր փոքրիկները մարզերում կարող են դիտել այդ մուլտֆիլմերը»։

Ծրագրերի նպատակը հատկապես երիտասարդ ստեղծագործողների ֆիլմերի հանրահռչակումն է։ Ֆիլմաշխարհում առաջին քայլերն անողները հատուկ ուշադրության կենտրոնում են ոչ միայն կինոյի օրը․

«Կինոկենտրոնը վերջին 2 տարիներին շատ մեծ ուշադրությույն է դարձնում պետական բյուջեից ֆինանսական աջակցությանը դեբյուտանտներին։ Մեր բյուջեի 40 %-ից ավելին հատկացվում է միայն նոր սերնդի սկսնակ կինոգործիչների ֆիլմերին»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից «Ռադիոլուր»-ը տեղեկացավ, որ 2019 թվականին պետական ֆինանսավորում է տրվել 46 կինոնախագծի, որից 19-ը՝ 41 %–ը, եղել են դեբուտային նախագծեր։

2020 թվականին դեբյուտային ֆիլմերին հատկացվել է պետական ֆինանսավորման 53 %–ը։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը համոզված է, որ հայկական կինոն կարող է նվաճումներ ունենալ միջազգային ամենաբարձր հարթակներում։ Նշում է վերջին շրջանի կարևոր իրադարձությունը․ 1965 թվականից հետո առաջին անգամ հայկական կինոն՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, ընդգրկվեց Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Կինոգործիչ Րաֆիի Մովսիսյանը սա համարում է մեծ ձեռքբերում, որն արժանացավ փոքր ուշադրության․

«Ինձ համար շատ ցավալի է, երբ հայկական շատ համեստ բյուջեով արված ֆիլմի՝ Կաննի միջազգային մրցույցթի մասնակցությունը մեր թշնամի պետությունների կողմից շատ ավելի մեծ ցավով է ընկալվում, քան Հայաստանում՝ դրական իմաստով»։

Հայաստանում կա կինոն զարգացնելու ներուժ, և կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են զարգացմանը։ Որպես հիմնական խնդիր՝ Րաֆֆի Մովսիսյանը առանձնացնում է Կինոյի մասին օրենքի բացակայությունը։ Ոլորտի մասնագետները սպասում են այս օրենքին տարիներ շարունակ, բայց առանց արդյունքի․

«Կինոյի մասին օրենքից պիտի շատ խոսենք և վերջապես ունենանք այն օրենքը, որը կբխի դաշտի ու կինոգործիչների պահանջներից։ Նաև կունենանք ճիշտ միջավայր, փառատոններում հայտնվելը, նոր որակի կինո ունենալը կլինի սովորական։ Իսկ դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ  մենք գնալու ենք այդ ուղղությամբ»։

Կինոգործիչ Անդրանիկ Սահակյանն էլ, օրենքից բացի, կարևորում է կինոկրթության խնդիրը։ Բացը, ասում է, շատ նկատելի է․

«Մենք շատ ցավալի կինոկրթություն ունենք ու այդ պատճառով շատ խնդիրներ են առաջանում արտադրության մեջ, երբ դու չունես լավ տեխնիկական անձնակազմ, ավելի կիրթ կամ կինոգրագետ մասնագետներ։ Այդ պատճառով տուժում է մեր կինոն»։

Վերջին երկու տարում պետական ֆինանսավորմամբ հայկական 38 ֆիլմ է արտադրվել։ Ոլորտի մասնագետները վստահ են՝ խնդիրների լուծման դեպքում ֆիլմերի քանակը կավելնա, որակը կբարձրանա։

Back to top button