ԿարևորՀասարակություն

Թուրքի անփոփոխ ձեռագիրը․ կայացավ «Փրկության հրեշտակը» ներկայացման պրեմիերան

Պետական կամերային երաժշտական թատրոնը, Եղեռնի 106-րդ տարելիցին ընդառաջ հանդիսատեսի դատին է հանձնել «Փրկության հրեշտակը» ներկայացումը: Հիմքում գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի փաստա-վավերագրական գիրքն է՝ «Դեր Զորի խաչմերուկներում»:  

1915թվականին Գարլըքի և  Հալեպի կայարաններից մեկնող գնացքները հայերին տանում էին դեպի մահ՝ Դեր Զորի անապատ: Այդ գնացքներից, սակայն,  բազմաթիվ մանուկներ են փրկվել՝ շնորհիվ  ավետարանական եկեղեցու հոգևոր   հովիվ Հովհաննես Էսքեջյանի: Նա դարձավ փրկության հրեշտակ՝  Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ մանուկների համար: 

Գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերը վերջին տարիներին պատմաբանը ուսումնասիրել է թուրքական արխիվներն ու բավական արժեքավոր փաստեր հավաքագրել պատվելի Հովհաննես Էսքիջյանի մասին:

Հովհաննես Էսքիջյանի ընտանիքը  Ադանայի ջարդերից փախել է Հալեպ: Այստեղ էլ նա փրկել  է  հայ մանուկներին։ Ճշտելով, թե որ ժամերին է առևտրային գնացքը ժամանում,  Էսքիջյանը ամեն շաբաթ գալիս է Գարլըքի և  Հալեպի երկաթգծի կայարաններ: Այս կայարաններից գնացքներով  հայերին տեղափոխում էին Դեր Զոր: Պայմանավորվելով թուրք զինվորականի հետ՝ պատվելին ամեն երեխայի համար վճարում է մեկ ոսկի՝ այսպես փրկելով նրանց:  Մեծ  վերարկուի տակ թաքցնելով՝ նա երեխաներին տանում է տուն, հետո տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար:

Այս պատմությունը թատերական ներկայացման էր վերածել սցենարի հեղինակ և   բեմադրիչ  Նունե Աբրահամյանը: Մեկ ժամվա մեջ խտացրել  է 106  տարի առաջ տեղի ունեցած իրադարձության  առանցքային դրվագները։ Ասում է.

 «Այս   մարդու կյանքը մեզ համար օրինակ է։ Նա,  Հալեպում  շրջապատված լինելով թուրքերով, ամեն  վայրկյան կյանքը վտանգելով՝ փորձում էր  փրկել մեկ հայի կյանք։ Իր փրկած շատ մանուկներ այսօր ապրում են ԱՄՆ -ում։ Իսկ  ներկայացումը   բեմադրված  է  փաստավավերագրական ժանրում՝ բեմադրական սպեցիֆիկ լուծումներից հեռու ենք մնացել։  Շեշտը դրվել է Էսքեջյանի ու փրկված երեխաններ  վրա։  Ցավոք, Էսքեջյանի մասին շատ քչերը  գիտեն, թերևս, միայն պատմաբանները»,-ասում է  հեղինակ և բեմադրիչ Նունե Աբրահամյանը։

Էսքեջյանի մասին շատ քչերը գիտեն։  Գլխավոր հերոսին բեմում   մարմնավորել է դերասան Սմբատ Ստեփանյանը: Էսքեջյանի մասին մինչև բեմադրությունը նա չի իմացել: Ասում է՝ սա  իրազեկող ու փաստերը համադրող ներկայացում է:

«Ներկայացումն ավելի շատ վավերագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել 1915 թ-ին և դրանից հետո: 100 տարի անց  էլ  ոչինչ չի փոխվել։ Նրանք  իրենց ջարդելու, կոտրելու, արմատից կտրելու  ձեռագիրը չեն փոխել։ Իսկ Էսքեջյանի մասին պետք է իմանան բոլորը»,-նշեց դերասանը։

Էսքեջյանը  երեխաներին փրկում էր գաղտնի, բայց Հալեպում մատնիչներ կային, նրանք էլ մատնում են մեծանուն հային: Երբ  ոստիկանությունը  գալիս է նրան ձերբակալելու, դրանից մեկ օր առաջ՝ 1916 թ. մարտի 25-ին, նա արդեն մահացած է լինում տիֆից՝ վարակված   հենց փրկված մի երեխայից: Էսքեջյանն ընդամենը 34 տարեկան էր։

Էսքեջյանի գործը մահից հետո շարունակում  է կինը՝  Գուլենիան։ Գուլենիայի դերակատարը Անահիտ Կիրակոսյանն է: Ասում է՝ «Էսքիջյանի պատմությունը նմանեցնում եմ   Սփիլբերգի «Շինդլերի ցուցակ»-ին։ Մարդ, որը կյանքի գնով փրկում է հայ մանուկներին։

«Շատ պատասխանտու  դեր է։ Նա իր ամուսնուն նվիրված կին է, նաև  շատ ուժեղ է կին, որը գիտակցում է ամուսնու ընտրած ճանապարհի ծանրությունը և պատրաստ է իր ուսերին կրել այդ ճանապարհին հանդիպած խնդիրները։ Միեւնույն ժամանակ, նա փխրուն է, պատրաստ՝ շարունակել ամուսնու գործը: Այս պարագայում նա իր ամուսնու մահը համարում է փրկություն, որովհետեւ միայն ուժեղ մարդը կարող էր հասկանալ, որ նրան չձերբակալեցին, նա չընկավ թուրքերի ձեռքը, այլ գնաց դեպի լույսը եւ մնաց՝ որպես «փրկության հրեշտակ»,–նշում է դերասանուհին։

Ներկայացման մեջ նաև թուրքի կերպար կա. թուրք փաշային մարմնավորել է Արա Գևորգյանը։ «Օսմանյան կայսրության վաղեմի երազանքն է առանց հայերի   Հայաստանը: Այսօր էլ նրանք շարունակում են իրենց սև գործը  նույն ձեռագրով,-ասում է դերասանը: 

«Նրանք  չարիքի գործիքներ են։ Բայց երբ չարագործին ճիշտ ես ներկայացնում, հաղթող կողմը, տվյալ դեպքում՝ Հովհաննես Էսքեջյանը, որը նպատակ էր դրել փրկել հայ մանուկներին, ավելի է բացահայտվում: Փորձել եմ փաշայի կերպարով ցույց տալ այսօրվա թուրք կառավարության չարագործներին, որոնք երբեք չեն փոխվելու»,-շեշտում է Արա Գևորգյանը:  

Մանկատան միսիոներուհու դերում Լաուրա Բաբայանն է. անմայր մնացած հայ երեխաներին ջերմացնող, մոր պես բարի ու  հոգատար: Ասում է. «Թուրքական կառավարությունը  փակում է մանկատունը, ու երեխաները հայտնվում են փողոցում։ Այս դերը տարբերվում է իմ  կերտած կերպարներից։ Անհամբեր սպասում եմ հանդիսատեսի արձագանքին, որ հասկանամ՝ այս կերպարը  ստացվե՞լ է, թե՞ ոչ»: 

«Փրկության հրեշտակ» ներկայացումը ընդգրկվել է Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում։

Back to top button