ԿարևորՄշակույթ

Շուշիի թանգարաններում 7000 ցուցանմուշ է մնացել

Շուշիի 5 թանգարաններից դեռևս ոչ մի ցուցանմուշ Հայաստան չի տեղափոխվել։ Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ բանակցությունները շարունակվում են, դրանք, սակայն,  առայժմ էական արդյունքներ չեն գրանցել։

2020 թվականի նոյեմբերի 6-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանից դուրս եկավ վերջին աշխատակիցը՝ ցուցանմուշները ստիպված թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ:

«Բոլոր այն թանգարանները, որոնք ես ղեկավարում էի, մնացել են թշնամու վերահսկողության տակ՝ Շուշիում։ Խոսքը  Շուշիի պատմության թանգարանի, Կերպարվեստի պետական թանգարանի, Գրիգորի Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարան և Շուշիի պատկերասրահի մասին է»- ասում է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ – ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։

Պատերազմի օրերին տիկին Լուսինեի և քանդակագործ Արմեն Պետրոսյանի նախաձեռնությամբ բոլոր թանգարաններից  հնարավոր քանակով ցուցանմուշներ տեղափոխվել են Կերպարվեստի պետական թանգարանի ռմբապաստարան․ քաղաքը հրետակոծվում էր, թանգարանային ցուցանմուշները կարող էին վնասվել կամ ոչնչացվել:

«Անկեղծ ասած՝ մենք չէինք մտածում Շուշիի հանձնման մասին, ժամանակավոր որոշել էինք տեղափոխել ռմբապաստարան, որովհետև Կերպարվեստի թանգարանի այդ տարածքը ամենաապահովն է։ Բայց այսօր դրանք փաստացի մնացել են  ադրբեջանական կողմին»-պատմում է Լուսինե Գասպարյանը։

Շուշիի  թանգարանների հետ ադրբեջանական կողմին է մնացել արվեստի շուրջ   7000  ցուցանմուշ։ Դրանց առյուծի բաժինը ՝ 5000–ը՝ Շուշիի պատմության թանգարանում։ Տիկին Լուսինեն ասում է, որ ԱՀ մշակույթի նախարարությունը ձևավորվել  է հատուկ հանձնախումբ, որը պետք է զբաղվի թանգարանային նմուշների տարհանման հետ  կապված հարցերով։ Մինչև այսօր,  սակայն, Հայաստան է տեղափոխվել Հակոբ Գյուրջյանի 3 քանդակ, որոնք պատկանում են Հայաստանի Ազգային պատկերասրահին և բերվել էին Շուշի ժամանակավոր ցուցադրության։ Թանգարանային որևէ այլ նմուշ չի տեղափոխվել։

«Մենք ռուս խաղաղապահների հետ բանակցում ենք , փորձում ենք տեղեկություններ  ստանալ,  բայց դեռ ոչինչ չի հաջողվում, որևէ դրական արձագանք չունենք»,-նշում է Լուսինե Գասպարյանը։

ԱՀ մշակույթի փոխնախարարը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ առաջիկայում հանդիպելու են  Հայաստանի արտգործնախարարության  ներկայացուցիչների հետ  և հստակեցնելու են  ցուցանմուշների տեղափոխման հնարավորությունը,  ժամկետները և առհասարակ թանգարանների ճակատագրերը։ Պատմական Շուշի քաղաքը վաղուց է վաստակել հայոց աշխարհի մշակութային կենտրոնի տիտղոսը: Շուշիում է նաև դրամի թանգարանը, որը բացվել էր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ 2018թ-ին։  Դրամի թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ տեղեկություններ ԿԲ-ից խոստացան փոխանցել ավելի ուշ։

Back to top button