ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների տվյալները սոցցանցերում մի տեղադրեք․ ԱՀ ՄԻՊ

«Լուրերն այն  մասին, թե Ադրբեջանում հայկական  կողմն  ունի  150 ռազմագերի, կեղծ են »,-այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման  ժամանակ հայտարարել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար  Զառա Ամատունին։

Նա  անհետ կորած ու գերեվարված  զինծառայողների  հարազատներին հորդորել է պահպանել կապը Կարմիր Խաչի հետ։  Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն խորհուրդ է տվել  անհետ կորածների տվյալները չտեղադրել սոցիալական ցանցերում, այլ դիմել իրավասու մարմիններին։

Ադրբեջանն ակնհայտորեն ժամանակ է ձգում դիակների փոխանակման, որոնման, գերիներին վերադարձի  հարցում։ Թերևս այսպես նրանք փորձում են  ազդել ներհայաստանյան լարվածության վրա, խորացնել  հոգեբանական տառապանքները հայության շրջանում»,-ասում է  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Վերլուծելով ադրբեջանական տարբեր աղբյուրների հրապարակումները՝ նա  կարծում է, որ  շուրջ  60  ռազմագերի ունենք Ադրբեջանում, սակայն, նրանց  կեսն է  ճանաչվել կամ նույնականացվել։ 

«Մոտավոր հաշվարկով՝  30 քաղաքացիական անձ կա, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, մահվան 11 հաստատված դեպք կա, որոնցից  7–ի մարմինները կամ վերադարձվել են, կամ փրկարարաներն են գտել  զինադադադարի ընթացքում»։

«Ադրբեջանն արհեստականորեն  ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը»,– ասում է  Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա  խոսքով՝  Ադրբեջանի իշխանություններն ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանցից  առաջ ու հետո Ադրբեջանում հայտնված  հայ գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները։

«Տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են»,- վստահեցնում է Կարմիր  խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա անհետ կորած  ու գերեվարված  զինծառայողների  հարազատներին հորդորում է  չհավատալ նման լուրերին և  պահպանել կապը գրասենյակի հետ. 

«Կարևոր է չտրվել խուճապային, սենսացիոն տեղեկությունների, դրանք չտարածել։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է այս խնդիրը , ինչքան ցավագին են ընդունում ընտանիքները, ԿԽՄԿ երբեք չի հրապարակում վիճակագրական տվյալներ»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 10-ից մինչև այսօր ավելի քան 400 մարմին է  վերադարձվել հայկական կողմին։ Դրանց մի մասը գտնվել են Արցախի փրկարար ծառայության, ռուս խաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համատեղ ջանքերով, մի մասն էլ փոխանցել է Ադրբեջանը։

Դիերի փոխանցում իրականացրել է նաեւ հայկական կողմը։  Բեգլարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունները տեղի են ունեցել այն տարածքներում, որոնք այժմ գտնվոմ են ադրբեջանական վերահսկողության ներքո, կարելի է ենթադրել, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիեր կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիեր․

«Բայց ունենք տարբեր տեղեկություններ, ըստ որոնց՝ իրենք տարբեր տեղերից հավաքագրել են հայկական մարմինները, պահել եւ անընդհատ ժամանակ են ձգում՝ այդպիսով չկատարելով միջազգային և եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։

Անհետ կորած զինծառայողների հարազատները չեն դարադեցնում իրենց ակցիաները։ Նրանք այսօր էլ կառավարության շենքի մոտ էին նույն պահանջով՝ հստակ տեղեկություններ տրամադրել իրենց հարազատների մասին։

Անհետ կորածների մասին բաց աղբյուրներով հրապարակված շատ տվյալներ կան, բայց շատ են նաեւ միտումնավոր կամ ոչ միտումնավոր սպեկուլացիաները։ Արցախի ՄԻՊ–ի տեղեկացմամբ՝  վերջին օրերին Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները Կարմիր Խաչի եւ խաղաղապահների հետ այցելել են որոշ հատվածներ, այդ թվում՝ հարավային թեւի՝ Հադրութի շրջանի բնակավայրեր, բայց արդյունքում, ողջ զինվորներ կամ  զինվորների մարմիններ չեն գտել.

 «Սրանից ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է մարմինները, հետո միայն մեզ թույլատրել, որ մտնենք ու որոնենք»։

ԱՀ ՄԻՊ-ը վստահ է՝ մարդասիրական հարցերը չպետք է դառնան     քաղաքական առեւտրի առարկա, եւ միանշանակ,   կառավարություններն էլ պետք է իրենց լիազորությունների եւ կարողությունների շրջանակում կատարեն առավելագույնը, որպեսզի գտնեն անհետ կորածներին, հետ բերեն դիերն եւ գերիներին։

Արտակ Բեգլարյանն ինքն էլ է լսել , որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական շքերթ անել՝ ներկայացնելով հայկական զինուժն ու ռազմագերիներին։ Ծանոթ լինելով հակառակորդի ձեռագրին՝ Բեգլարյանը չի բացառում,  բայց նաև հույս ունի, որ  ռացիոնալ կլինեն ու  կհասկանան նման քայլի հետևանքները։ 

«Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կմիջամտի, եթե նույնիսկ կա նմանատիպ մտադրություն՝ կանխարգելելու այն։ Եթե կատարվեց, միանշանակ, դա շատ կոպիտ հանցագործություն է»։

Արտակ Բեգլարյանը  անհետ կորածների հարազատներին հորդորում է     սոցիալական ցանցերում անձնական տեղեկություններ չտեղադրել՝ օրինակ,  չգրել «իմ տեղեկություններով՝ այսինչ տեղում է թաքնվել»։

Սա կարող է  բացասական ազդեցություն ունենալ   հարազատի ճակատագրի վրա։ Նման տեղեկություններ ունենալիս  կոչ է անում դիմել  լիազոր մարմիներին՝ ՊՆ, Կարմիր խաչ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կազմակերպություններ։ Վստահեցնում է՝  ադրբեջանական կողմը շատ ուշադիր հետևում է մեր սոցցանցերին, չի բացառվում, որ այդ հասցեներում  փնտրեն մեր անհետ կորածներին։

Back to top button