ԿարևորՀասարակություն

Նոր կուսակցություն՝ «Հանուն Հանրապետության»

Արդարադատության նախարարության ռեգիստրում գրանցված 111–ին այսօր մեկն էլ ավելացավ։

Այսօրվանից ունենք նոր կուսակցություն՝ «Հանուն հանրապետության»։ Հայաստանում գրանցված կուսակցություններից 112-րդը, և դրանց թվում գործողներից 73–րդը։

Նախկինում՝ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, հետագայում՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր համախոհների հետ նախորդ տարվա գարնանը առաջին անգամ ներկայացրեց իր «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Այսօր արդեն հանդես է գալիս որպես համամանուն կուսակցության նախագահ։

Մինչ Մատենադարանում կմեկնարկեր կուսակցության հիմնադիր համագումարը առհասարակ կուսակցութունների մասին զրուցեցի քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ․

«Ժողովրդավարական բոլոր պետություններոււմ օրենսդրորեն ամրագրված է բազմակուսակցությունը՝ նկատի ունենալով, որ թույլատրվում է բազմաթիվ կուսակցությունների գոյությունը, բայց երբ ասում ենք բազմակուսակցական համակարգ, նկարի ունենք, որ պետական իշխանությունը նվաճելու կարողություն ունեն երեքից ավելի կուսակցություններ, իսկ դա օրենքով ամրագրել հնարավոր չի։ Մեզ մոտ հայտարարվել է բազմակուսակցական համակարգ, բայց եղել է, այսպես կոչված, մեկ գերիշխող կուսակցությամբ համակարգ։ Դա եղել է ի սկզբանե, դա կա նաև այսօր։»

««Հանուն Հանրապետության» կուսակցության ստեղծումն օրվա հրամայական է։ Մենք գալիս ենք օրակարգով, որի առանցքն է բոլոր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումը»,–«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանն է։ Քայլ առ քայլ ներկայացնում է այն իրավիակները, որոնք ստիպեցին իրենց ներկայանալ նոր քաղաքական ուժով․

«Ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական խմբերը, քաղաքական շարժումներերն ու կազմակերպությունները մշտական փնտրտուքի մեջ էին՝ ո՞րն է վերջապես բանաձևը, ինչպե՞ս ձերբազատվել չարիքից։ Բանաձևը գտնվեց 2018-ի գարնանը․ Ոչ բռնի, համատարած, ապակենտրոն բողոք յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությամբ՝ մինչև հաղթական վերջաբան։ Անուրանալի է այն համազգային վճռականությունը և ամենաբարձր քաղաքացիական գիտակցությունը, որ դրսևորվեց այդ օրերին»։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ քաղաքական կյանքի այնպիսի մասշտաբային փոփոխությունները, ինչպիսիք հեղափոխություններն են, կարող են ի հայտ բերել բազմաթիվ նոր գաղափարներ ու նոր կուսակցություններ․

«90-ական թվականներին կուսակցությունների բում եղավ, մինչև հիմա էլ այդ կուսակցաստեղծման պրոցեսը շարունակվում է, բայց կուսակցաշինության չի հասնում։ Լիարժեք կուսակցություններ, որոնք ունեն ամուր ինստիտոուտներ, սերտ կապեր սոցիալական խմբերի հետ, որոնց շահերը կոչված է պաշտպանել, շատ քիչ կան»։

Նոր կուսակցության ներկայացուցիչները համոզված են՝ երկրի համար ստեղծվել է հնարավորությունը, որը պատշաճ չի օգտագործվում։ Նրանք եկել են լրացնելու բացթողումը․

«Համազգային այդ բացառիկ սխրանքը՝ թավշյա հեղափոխությունը, պատմական հնարավորություն բացեց Հայաստանի առաջ։ Մեր երկիրը դուրս բերվեց քաղաքակրթությունը մերժող ու քաղաքակրթության կողմից մերժված ավտորիտար, կոռումպացված բռնապետության ճահճից և կրկին բռնեց ժողովրդական բարեփոխումների ճանապարհը։ Եվ այս բացառիկ պատմական հնրավորությունը մսխելը մեզ չի ներվելու ապագա սերունդների կողմից»։

Քաղաքագետի կարծիքով միայն քաղաքական ուժերի նախնական պատրաստակամությունը բավական չէ։ Գոյություն ունեցող 72 կուսակցություններից բոլորը չեն, որ այս ընթացքում հավատարիմ են մնացել ունեցած նախնական պատրաստակամությանը․

«Ռացիոնալ ընտրողի կարիք ունենք, ռացիոնալ ընտրող, որը շատ լավ կհաշվարկի՝ արժե՞ այս մարդուն կամ կուսակցությանը ձայն տալ, վստա՞հ եմ արդյոք, որ նա կանի իր խոստացածը, կամ ծրագրերում գրածը իրականություն կդարձնի, թե՞ պարզապես ընտրում եմ այս մեկին, որովհետև չեմ ուզում ընտրել մյուսին։ Եվ երկրորդ քայլը արդեն ստուգելն է՝ այս մարդը իր կենսագրությամբ վստահություն ներշնչո՞ղ է, թե՞ ոչ, միգուցե նա նախկինում ուրիշ–ուրիշ հարցերի մե՞ջ է թաթախված եղել ու այսօր խոսում է վեհ արժեքներից։ Որքանո՞վ կարելի է վստահել այդպիսի մարդկանց»։

«Մեր քաղաքական թիմը ստանձնում է առանցքային դերակատարում հայաստանյան քաղաքական կյանքում ու գործընթացներում։ Հավաստիացնում եմ, որ այսուհետ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ակտիվորեն ներգրավված է լինելու մեր երկրի ներքաղաքական կյանքի կարևորագույն գործընթացներին։ Առանց մեր նորաստեղծ ուժի Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևիցե էական քաղաքական իրադարձություն»,– Կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Գրիգորյանն է վստահեցնում։

Մենք՝ լրագրողներս, կուսակցության առաջիկա անելիքներին ծանոթանալ կարողանում ենք հենց նրանց՝ հիմնադիր անդամների ելույթներով։ Կուսակցության մասին առավել մանրամասն տեղեկլություններ և մեր ցանկացած հարցերի պատասխանները ստանալ կկարողնանք առաջիկայում՝ կուսակցության առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ արդյունքները տեսնել՝ արդեն գործողությունների ընթացքում։

Back to top button