ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի աճող թվեր․ պատճառները և կանխատեսումները

Կորոնավիրուսային թվեր, վիճակագրություն, ցուցանիշեր, կանխատեսումներ ու ակնկալիքներ։ Արդեն մի քանի ամիս մեր առավոտները սկսվում են թվերով ու ավարտվում մյուս օրվա թվերի մասին մտածելով։ Մի քանի ամիս դատարկ փողոցներով, հետո արդեն դիմակով ու ավելի մարդաշատ փողոցներով, իսկ այսօր արդեն մի քանի ամիս դադարից հետո  վարչապետն առաջին անգամ Երևանում խցանումներ է նկատել, իսկ դա կապվում է դպրոցների բացման հետ, որովհետև աշակերտների շարժը ամենամեծ շարժն է։

Իսկ կորոնավիրուսային վիճակագրությունը փաստորեն ցույց է տալիս, որ քաղաքային շարժի հետ ավելանում են նաև կորոնավիրուսի օրական գրանցվող դեպքերը։

Նախորդ մեկ ամսվա ընթացքում, մենք նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի հետ կապված ամենօրյա արձանագրումներում ունեցել ենք 200–ից պակաս դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է։ Իհարկե, մեծ է նաև թեստավորումների թիվը․ օրական շուրջ 4000 թեստ։

«Հիշեցնեմ, որ նույնիսկ ամենաբարդ շրջանում մեր օրական թեստերի մաքսիմալ թիվը 3000-ի չի հասել։ Բայց այնուամենայնիվ միտումը անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ հանրության և բոլորիս ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա», –ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշում է, որ բացի թեստավորումների և հետազոտությունների թիվի աճը, նկատում են նաև թեստավորումների թվի մեջ դրական դեպքերի տոկոսային աճ։ Իսկ այս միտումը նախարարի տեղակալը կապում է մինչ դպրոցական շրջանի և տեղաշարժի ակտիվացման հետ։

«Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում մենք կտեսնենք, թե դպրոցների բացման արդյունքում ինչ ցուցանիշներ ենք գրանցում։ Իհարկե արտակարգ դրության ռեժիմը ավարտվեց, բայց այն սահմանափակումները որ առկա են, պետք է խստորեն պահպանել։ Թվերն էլ մեզ հուշում են, որ միայն դրանց պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք կտրուկ վերելք, ինչն առողջապահական համակարգի համար մեծ լարում է առաջացնում և դժվարացնում է մեր աշխատանքը»,– նշում է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ չնայած կորոնավիրուսային դեպքերը սպասարկող հիվանդանոցներն անցել են իրենց բնականոն աշխատանքին, բայց ցանկացած պահի պատրաստ են ամբողջությամբ վերադառնալու կորոնավիրուսի դեպքերի սպասարկմանը։

«Իհարկե այս ամենը բոլորիս համար անհարմարություն է, բայց մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մյուս երկրներում, ես ավելի եմ համոզվում, որ մեր՝ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու ռազմավարությունը ճիշտ է և մենք պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»։

Գործադիրի ղեկավարը հիշեցնում է, որ մենք օրեր ենք ունեցել, երբ վերակենդանացման բաժիններում 1-2 ազատ տեղ է եղել, բայց կարողացել են այդ իրավիճակը հաղթահարել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի` կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա` դիմակը և այն կրելու պայմանները պետք է խստորեն պահպանել։

«Երեկ Ազգային ժողովում ասում էին, որ ոստիկանությունը տուգանում է նույնիսկ այն դեպքում, երբ միայն քաղաքացու քիթն է բաց։ Բայց պետք է հասկանանք, որ դա շնչառական վարակ է, իսկ դիմակը ծնոտը փակելու համար չէ, այլ քիթը և բերանը փակելու»,– ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը, միայն վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 308 000 նոր դեպք․
Հայտնի է, որ մեկ օրում 308 000 վարակման նոր դեպքը գրեթե ռեկորդային ցուցանիշ է, որից ավելի մեծ թիվ գրանցվել է սեպտեմբերի 11-ին։ Սա նշանակում է, որ համավարակն իր պիկին է հասել և դեռևս չի թուլանում. Սակայն վարակի բնավորության մեջ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ տեղի են ունենում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է 15-49 տարեկանների մոտ կորոնավիրուսով վարակման և հոսպիտալացման դեպքերը։ ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կեպովը նշել է, որ կորոնավիրուսի վարակակիրների միջին տարիքը գնալով նվազում է։ Զուգահեռ նվազում են նաև ծանր դեպքերի և մահվան ցուցանիշերը։

Back to top button