Անկախության պատմություն

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բանակցությունները. սեպտեմբեր, 1993թ.

1993-ի սեպտեմբերին կարծես թե ամփոփվում էին ամառվա թեժ մարտերի արդյունքները։ Հրադադարն Արցախի ռազմաճակատներում պահպանվում էր, իսկ դիվանագետներն ակտիվորեն աշխատում էին։ Ակնհայտ էր, որ տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում զգալիորեն մեծանում էր Ռուսաստանի դերակատարությունը։ Նախկինում ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումներում ամրագրվել էր զինադադարի հաստատման պահանջը, սակայն տարբեր պատճառներով այն իրականություն չէր դարձել։ Այս անգամ, սակայն, զինադադարը գրեթե լիովին պահպանվում էր։ Բացի այդ, առաջին անգամ ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդիպեին Մոսկվայում։ Ուշագրավ է նաև, որ նախքան այդ հանդիպումը Մոսկվայում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունները։

1993թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիադին Ջալիլովի հանդիպումը, որը սակայն մի քանի օրով հետաձգվում է։ Զուգահեռաբար ակտիվորեն քննարկվում էր ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը։ Ալիևը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հետ քննարկվել է այդ հարցը և ինքն ասել է, թե «Ադրբեջանը պետք է մտնի ԱՊՀ»: Սեպտեմբերի 10-ին Բաքվում Ալիևը գոհունակությամբ էր գնահատում ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Նա ասում էր նաև, որ ռուսական զորքերն Ադրբեջանի տարածքում չեն լինելու։ Ուշագրավ է, որ մերձենալով Ռուսաստան հետ՝ Ալիևը քննադատում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին և կողմ էր արտահայտվում Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելուն։ Ըստ նրա՝ ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն իրականություն չեն դառնում։

Լուսանկարը՝ Մաքս Սվասլյանի

Միաժամանակ նկատվում էր, որ Ալիևն աստիճանաբար կոշտացնում էր իր դիրքորոշումը։ Սեպտեմբերի 10-ին Բաքվում նա հայտարարում է, որ հայկական զինված ուժերն արդեն 5-րդ տարին է, ինչ օկուպացրել են Ադրբեջանի տարածքը։ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների օրերին Ալիևը հարցազրույց էր տվել «Հայլուր» գործակալության մոսկովյան թղթակից Լուսիկ Ղուկասյանին և ասել, որ հայկական զորքերն անհապաղ պետք է դուրս բերվեն Կուբաթլուից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից և Աղդամից։ Ինչ վերաբերում է Քարվաճառին ու Լաչինին, ապա, Ալիևն ասել էր, որ «այստեղ, իհարկե, հարցեր կան»։ Հայ լրագրողի հետ զրուցելիս Ալիևը կրկնել էր այն միտքը, որ Ղարաբաղյան շարժման ու հետագա արյունալի իրադարձությունների պատասխանատուն ԽՍՀՄ ղեկավարությունն է։ «Այս ամենը կանխելու հնարավորությունը կորսվեց 1988 թվականին։ Եվ վստահորեն կարող եմ ասել, որ պատասխանատվությունն ընկնում է ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավարության վրա»,— ասել էր նա։ Ալիևը հավելել էր, որ հայկական զորքերի առաջխաղացումը կարևոր չէ, քանի որ ժամանակավոր է։

1993թ. սեպտեմբերի 9-ից 11-ը Մոսկվայում տեղի է ունենում ԵԱՀԽ Մինսկի խմբի հանդիպումը, որտեղ նորանշանակ նախագահ Մարիո Սիկան ներկայացնում է առաջարկությունների նոր փաթեթ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը։ Վերադառնալուց հետո նա հանդիպում է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ։

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունենում ԼՂՀ-Ադրբեջան հանդիպումը, որի միջնորդը Ռուսաստանի Դաշնությունն էր:

Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիադին Ջալիլովը բանակցությունների ժամանակ հայտարարում է, որ գործնական սկիզբը թույլ կտա, որպեսզի երկխոսությունը շարունակվի: Նրա խոսքերով, Ադրբեջանի նպատակն է երկարաձգել ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը և քննարկել հայկական ուժերը դուրս բերելու հարցը: Արկադի Ղուկասյանը, համաձայն ռուսական աղբյուրների, առավելապես անդրադառնում էր ոչ թե ժամանակավոր հրադադարին, այլ շրջանում խաղաղություն հաստատելուն: Ղարաբաղի պատվիրակությունը փորձում էր իրականություն դարձնել ԼՂՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումը: Արցախի արտգործնախարար Արկադի Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ երկխոսության միջոցով երկուստեք մտահոգություններն ու կասկածները հայտնելու փաստը, ինչպես նաև շփման եզրեր գտնելու ցանկությունը վկայում է, որ կողմերը ճիշտ ճանապարհին են: Մի քանի օր անց, անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպմանը՝ Լիպարիտյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը չի մասնակցել այս քննարկումներին, չնայած Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները նույնպես ներկա լինեն։

Երևանում Լիպարիտյանն անդրադառնում է Մարիո Սիկայի ներկայացրած փաթեթին և պարզաբանում, որ քննարկվել է զինադադարի ժամանակացույցը, հակամարտության գոտին, զորքերը դուրս բերելու մեխանիզմը, ապաշրջափակումը։ Ստեղծվելու էր համակարգող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու էին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։ Լիպարիտյանը հայտնում էր, որ փաստաթուղթը պետք է ընդունվեր որպես փոխզիջումային հայեցակարգ, սակայն քննարկումներից հետո Ադրբեջանը բացասական պատասխան է տալիս, իսկ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը ներկայացնում է իր առարկությունները: Պատասխանելով «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցերին՝ Ժիրայր Լիպարիտյանը նշել էր Ադրբեջանի հիմնական առարկությունները. «Ադրբեջանը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիիրավ կողմ ընդունելուն և առաջարկում էր հավասար կարգավիճակ տալ հայ և ադրբեջանցի համայնքներին: Մինչդեռ, ըստ ներկայացված տարբերակի, Ղարաբաղի ադրբեջանական համայնքին իրավունք էր վերապահվում մասնակցելու միայն իրեն վերաբերող հարցերի քննարկումներին՝ ասենք, գաղթականությանն խնդիրներին: Ադրբեջանը չէր ուզում ընդունել, որ հակամարտության կողմ դիտվում էին նրանք, ովքեր զորք ունեն, տարանջատման և զինադադարի խնդիրներ ունեն:

Ադրբեջանական կողմն ամեն կերպ ձգտում էր մեծացնել, ասենք, Քելբաջարի շրջան բերվելիք իր զինուժի թվաքանակը, տեխնիկական հագեցվածությունը:

Իր հերթին Ղարաբաղը պահանջեց, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մշակվեն հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, որպես այդպիսին առաջարկվում է զինադադարը խախտող կողմի հանդեպ պատժամիջոցներ կիրառելը: Նշվեց, որ Ղարաբաղին վստահություն կտա նրան որպես հակամարտության կողմի ճանաչումը: Ղարաբաղցիները պահանջեցին նաև տարածաշրջան ուղարկել ՄԱԿ-ի կամ այս կազմակերպության հովանու տակ գործող խաղաղարար զորքեր: Մինչդեռ Ադրբեջանի կարծիքով ռազմական գործողությունների չվերսկսելու երաշխիքը Հայաստանը պետք է տա:

Նախագահությունը Ղարաբաղի առաջին առաջարկին համաձայնեց, սակայն նշեց, որ պատժամիջոցների համակարգի մշակումը շատ դժվար խնդիր է: Զինադադարի խախտումների դեպքում ԵԱՀԽ-ն ինքն իր մշակած մեխանիզմներով պետք է ներազդի, իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Հավանություն տրվեց նաև Ղարաբաղին որպես կողմ ճանաչելու դրույթին: Սկզբունքորեն կողմերին մնացել է վերոհիշյալ ութ կետերի շուրջ համաձայնության գալ, որից հետո դրանք կմտնեն ամբողջական գրաֆիկի մեջ ու փաստաթուղթը կընդունվի ամբողջովին»։ Մոսկվայի հանդիպումը փաստորեն քննարկում է առաջարկվող տարբերակները և որևէ կոնկրետ առաջընթաց չի արձանագրում, փոխարենը որոշվում է հաջորդ հանդիպման վայրն ու ժամանակը՝ Փարիզում, սեպտեմբերի 22-ին։

Փոխարտգործնախարար Լիպարիտյանը նաև անդրադարձել էր ռուս-ադրբեջանական հանդիպումից հետո բանակցային գործընթացում Ադրբեջանի մոտեցումների փոփոխություններին։ Ըստ նրա՝ Ադրբեջանի դիրքորոշման մեջ երկվություն կար. «Նա մի կողմից հայտարարում էր, թե ցանկանում է փոխզիջումներով հարցին լուծում տալ, մյուս կողմից առաջարկվող փոխզիջումները կտրականապես մերժում: Կարծում եմ՝ այս երկվությունը ինչ-որ բան նշանակում է: Որոշակի փոփոխություն էր կրել Մինսկի խմբի անդամների տրամադրությունը, այս անգամ Ղարաբաղին շատ ավելի լուրջ էին ընդունում»,— ասել էր Լիպարիտյանը։

Բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչներն ընդունեցին համատեղ հայտարարություն։ «1993թ. սեպտեմբերի 12-ին և 13-ին Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչներ Ա. Ջալիլովը և Ա. Ղուկասյանը Ռուսաստանի ԱԳ նախարարության միջնորդությամբ բարի կամքի ոգով ուղիղ բանակցություններ անցկացրին զինված հակամարտության շուտափույթ կարգավորման ուղիների որոնման նպատակով: Մոսկվայի հանդիպումը՝ վերջին ժամանակներս միջնորդների օգնությամբ և ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի շրջանակներում հաստատված ուղղակի շփումների շարունակությունն էր:

Շփումների արդյունքում քանիցս ձևակերպվել և երկարաձգվել է համաձայնություն կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Չնայած առանձին խախտումներին, այն հիմնականում պահպանվում է, ինչը հարաբերական անդորր է հաստատել մարտական գործողությունների գոտում: Դա նոր քայլերի է մղում հաշտության ուղղությամբ: Մոսկովյան բանակցությունների հանրագումարում հրադադարը կրկին երկարաձգվել է մինչև 1993թ. հոկտեմբերի 5-ը ներառյալ:

Համաձայնելով, որ հազարավոր մարդկային կյանքեր խլած և հարյուր հազարավոր մարդկանց օթևանից զրկած բազմամյա հակամարտությանը չկա և չի կարող լինել ուժային լուծում, կողմերը փոխադարձ անվստահությունը հաղթահարելու ձգտում են արտահայտում: Հատուկ նշանակություն տալով սկսված երկխոսությանը, նրանք հաստատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերի ողջ համալիրը և, առաջին հերթին, ռազմական գործողությունների վերջնական դադարեցման, ինչպես նաև գրավված տարածքներից զորքերի դուրսբերման և հաղորդակցությունների վերականգնման հարցերը քննության առնելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման մասնակիցները կարևոր են համարում վիճելի հարցերի փուլային լուծումը: Ի դեմս ԵԱՀԽ-ի Մինսկի համաժողովի, նրանք տեսնում են մի ֆորում, որը կարող է համընդգրկուն և կայուն խաղաղ կարգավորման արդյունավետ միջոց դառնալ:

Հանգամանորեն քննարկվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպման նախապատրաստման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման անցկացման, ինչպես նաև տարբեր մակարդակներով շփումների պահպանման վերաբերյալ:

Գործարար, կառուցողական մթնոլորտում կայացած բանակցությունների մասնակիցները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությանը՝ դրանց անցկացմանը աջակցելու համար:

Բանակցությունների ավարտից հետո Արկադի Ղուկասյանն ու Աֆիադդին Ջալիլովը պատասխանում են լրագրողների հարցերին։ ԼՂՀ արտգործնախարարն ասել էր, որ երկարաժամկետ զինադադարի կնքման համար Ղարաբաղը լուրջ երաշխիքների կարիք ունի, հակառակ դեպքում Ադրբեջանը ռազմական գործողությունների դադարեցումը կարող է օգտագործել հաջորդ հարձակմանը նախապատրաստվելու համար և հավելել, որ այդպիսի երաշխիք կարող էր լինել ԼՂՀ-ի ճանաչումը, ինչը թույլ կտա հանրապետության տարածքի վրա հարձակման դեպքում օգնության խնդրանքով դիմել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների: Երկու պատվիրակությունների ղեկավարներն էլ արձանագրել էին, որ Թուրքիայի և Իրանի ներքաշմամբ հակամարտության ընդլայնման վտանգ կա, իսկ Արցախի արտգործնախարարը նաև նշել էր, որ շրջանում կան ուժեր, որոնք դա ցանկանում են իրագործել: Մեկ օր անց՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հայտարարում է, որ «Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչների առաջին անմիջական բանակցությունների արդյունքները։ Հույժ կարևոր է, որ մոսկովյան բանակցություններն անցան գործարար կոնստրուկտիվության և անվստահության հաղթահարման ոգով: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր կողմից հավաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը շարունակելու իր պատրաստակամությունը, դրանք փոխկապակցելով ՄԱԿ-ի, Եվրախորհրդակցության ջանքերի հետ»:

Ինչպես նկատեցիք, Կազիմիրովի հայտարարության մեջ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաներն առաջին անգամ են հանդիպում, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Ստուպիշինն իր հուշերում գրում է, որ այս ձևակերպումը Կազիմիրովի անձնական նախաձեռնությունն էր. «Անմիջական բանակցություններն ու կապերը տեղ էին գտել նաև մինչ այդ, այնպես որ Մոսկվայում 1993 թվականի սեպտեմբերին կողմերն ամենևին ոչ առաջին անգամ էին հանդիպել, դա պարոն Կազիմիրովն է հորինել իր ծառայություններն ընդգծելու նպատակով»,— գրում է նա։ Ստուպիշինն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ չճանաչելու Ադրբեջանի ցանկություններին՝ գրելով, որ եթե Ղարաբաղը դառնար հակամարտության կողմ, ապա ավելի հեշտ կլիներ հասնել կարգավորման։ «Ստացվում էր, որ Ադրբեջանը առաջվա նման բանակցություններ էր վարում հայտնի չէ, թե ում հետ՝ բացահայտորեն նահանջելով իր ամառվա դիրքերից։ Իսկ դա ոչ մի լավ բան չէր գուշակում, ինչպիսի լավատեսական հայտարարություններ էլ աներ մեր խորամանկ միջնորդը։ Բայց ղարաբաղցիներն ուրախ էին նաև այն բանի համար, որ Մոսկվայում հաջողվեց հաստատել քսանօրյա հրադադար»,— այսպես է ամփոփում մոսկովյան բանակցությունները դեսպան Ստուպիշինը։

Կարճ ժամանակ անց արդեն ակնհայտ էր, որ Արցախի հետ բանակցություններն Ադրբեջանի համար նոր հարձակմանը նախապատրաստվելու միջոց էին։ Առջևում նոր՝ շատ ավելի ծանր ու արյունալի կռիվներ էին լինելու Արցախում։

Back to top button