ԿարևորՏնտեսական

Հացիկում չրագործությունը զբաղմունքից բիզնես է դառնում

Արմավիրի մարզում զարգանում է չրագործությունը: Հացիկ գյուղի այգեգործները սկսել են հիմնել չրի արտադրամասեր և  սառնարաններ: Եթե պտուղը  չի վաճառվում, ապա  չիր են պատրաստում: Չրի համար օգտագործում են Սաթենի և Խոսրովենի սորտերը, իսկ Երևանին կամ Շալախը արտահանում են

Պտղաբուծությամբ զբաղվող տնտեսությունները գտել են բերքի մշակման իրենց տարբերակներն ու սկսել զբաղվել չրագործությամբ: Հացիկ գյուղով անցնելիս գրեթե բոլոր բակերում տեսանելի են չորացող ծիրաններով լի  ցանցե արկղերը: Չրերի համար գյուղացիները նախընտրել են ծիրանի Սաթենի ու Խոսրովենի սորտերը, որոնք  մյուս տեսակների համեմատությամբ ավելի ուշ են հասնում և շատ քաղցր են: Հենց այս տեսակը  հիմա արևի տակ  չորանում ու քաղցրահամ չիր դառնում: Սերգո Կարապետյանն ասում է, որ այս տարի բերքը քիչ էր, եղանակն էր մեղավոր.

«Էս տարի քաղել եմ անցած տարվա բերքի համարյա 35 տոկոսը: Գարունը ցրտահարություն եղավ, համարյա 70-80 տոկոս դաշտերը ցրտահարված էին, նույնը՝ դեղձը,  մարդ կա՝ լրիվ էր ցրտահարված, ոչ մի բան չքաղեց»:

Բացի ցրտահարությունից անձրևներն էլ  են խանգարել: 15 տոննա ծիրանի փոխարեն այգեգործը ստացել էր 3.5 տոննա: Արտահանում են հիմնականում ծիրանի  Երևանի  կամ Շալախ սորտը, մնացածը՝ վաճառում: Ամալյա Եզնիկյանի խոսքերով արտահանողները ծիրանն այս տարի  գնել են  1 կգ 350-400 դրամով.

«Գալիս տնից են տանում, մենք համարյա  չենք տանում շուկա: Արտահանողներին վաճառվող ծիրանն ենք տալիս, չիր անողներին էլ էն մյուս ծիրանն ենք տալիս: Էս տարի ծիրանի գինը  400, 350, մինչև  250 դրամ էր, անցած տարի էժան էր»:

Իսկ Սաթենին ու Խոսրովենին չրագործներին վաճառել են 1 կգ-ը  170-180 դրամով: Այս սորտերով հետաքրքրվողները շատ են: Ամալյա Եզնիկյանի ընտանիքն այս տարի որոշել է համագյուղացիների նման չրի բիզնես սկսել, որի համար նախապես էին պատրաստվել. 3 տարի առաջ  2 հա վրա հիմնել էին  ծիրանի, դեղձի ու սալորի նոր այգի: Ընտանիքն արդեն   ուժերը փորձարկել է  չրի պատրաստման գործում.

«Մենք անձամբ գյուղմթերք ունենք, որպեսզի կարողանանք բոլորն իրացնենք՝ չորացնում ենք, դրա համար  հիմնեցինք»:

Նոր  հողատարածք են ձեռք բերել,  տուն կառուցել, բակում էլ չորանոց են հիմնում: Գործի կեսն արված է, սեփական ուժերով ու միջոցներով են կառուցում: Արևի չրանոցները  ապակյա ջերմոցատիպ կառույցներ են, ունեն եռահարկ դարակներ:  Դավիթն ասում է նոր են սկսել և անելիքներ շատ կան, 2 արևային չրանոց են կառուցում: Բակի մի հատվածում ցանցապատ արկղերն էին դարսված, սրանք պատվիրել էին հատուկ չափսերով.

«Մեկ ցանցը մոտ 1400-1500 դրամ է, 60+80-ի  վրա, 600 հատ ձեռք ենք բերել: Մի ցանցի վրա տեղավորվում է 7-8 կգ թաց միրգ: 5 կգ ծիրանից ստանում ենք 1 կգ չիր»:

Կիսակառույց չորանոցում առանց հավելումների Խոսրովենի սորտի քաղցրահամ  ծիրանն էր չորանում, բնական չիր ստանում.

«Սա ավելի քաղցր ծիրան է, ինքը ծառի վրա կնճռոտվում, չիր է դառնում, հավաքում են ու չորացնում»:

Հացիկում ծխեցրած չիր էլ են պատրաստում, ասում են սրա տեսքն ավելի գեղեցիկ է, իսկական ապրանքային, որոնք հայտնվում են  տարբեր վաճառասրահներում, երբեմն արտահանվում: Սերգո Կարապետյանն էլ է չրանոց հիմնել, ասում է՝ գլխավոր չրագործը կինն է՝  Օլգան, նա տիրապետում է արտադրական տեխնոլոգիային.

«Ծիրանը դաշտից բերում ենք, լցնում բոդնոցների մեջ, դնում փակ ծխարանը, 8 ժամ թողնում ենք ծխարանում, քուքուրդով (ծծումբ) ենք ծխեցնում, հետո հանում ենք, թողնում, փափկելուց հետո կտերը հանում ենք»:

Ծծմբով ծխահարման համար սահմանված քանակ կա, շատ չեն տալիս, որ շատ դեղին չլինի: Հետո  ծիրանը ձևավորում ու չորացնում են: Չորացնելուց հետո չրերը դարձյալ լվացնում են,հավաքում և պահեստավորում: Ամալյան ասում է, որ իրենք ավելի շահագրգռված են մաքուր չրեր պատրաստելուն.

«Երբ չորանում է, լվացնում ենք, նորից դնում չորացնում, բայց այս անգամ պատրաստի չրերը ծածկում ենք ցանցերով, չորանալուց հետո հավաքում ենք»:

Պահեստավորում են սառնարաններում: Սերգո Կարապետյանն անցած տարի տան բակում միջին չափի սառնարան էր կառուցել, այս տարի արդեն օգտագործում է և  ստացել էր պահեստավորման առաջին  ապրանքը՝ ծիրանի չիրը, հետագայում կտեղավորի նաև պտուղը, բանջարեղենը:

Պտղամիսը չիր են պատրաստում, կորիզները հատուկ սարքով կոտրում, միջուկը վաճառում:  Հացիկում չրերի արտադրությամբ  ավելի վաղ զբաղվողներ էլ կան, որոնք մասնագիտանալով չրագործության մեջ այժմ ապահովում են աշխատատեղեր:

Back to top button