Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ Վրաստանի հաջող պայքարը

Կորավիրուսի դեմ պայքարում Վրաստանը դարձել է օրինակելի երկիր։ Վարակակիրների թիվն այստեղ անհամեմատ քիչ է՝ 157, մահվան միայն մեկ դեպք է գրանցվել։

«Վրաստանն ի սկզբանե, երբ դեռ Ուհանում նոր էր բռնկվում կորնովիրուսը, լուրջ է վերաբերել այս վարակի տարածմանն ու նախապատրաստվել»,- «Ռադիոլուրին» ասել է երկրի իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը՝ անդրադառնալով միջազգային լրատվամիջոցների անդրադարձին, որ Վրաստանն օրինակելի է դարձել վիրուսի դեմ պայքարում։ Սակայն իմունոլոգը միևնույն ժամանակ նշել է՝ դա ամենևին չի նշանակում, թե երկրում վիրուսը չի տարածվելու։

Այս պահին Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ հաջող է ընթանում: Մահվան միայն մեկ ելք։ Իսկ ամենածանր հիվանդը, որ համարվում էր Մառնեուլիի վարակի սկզբնաղբյուրը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժում է ստանում տանը։ Վրաստանն այս վիրուսը բուժում է այնպես, ինչպես աշխարհի բոլոր երկրներում՝ օգտագործելով նույն դեղամիջոցները, որոնք ժամանակ առ ժամանակ խորհուրդ են տրվում։ Կարևորը ըստ իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի, մասնագետների խորհուրդները իշխանությունների կողմից ժամանակին լուրջ ընկալելն էր, ինչի արդյունքում խիստ միջոցառումներ ձեռնարկվեցին։

Վրաստանը առանց վիզայի ռեժիմ ունի շենգենյան գոտու երկրների հետ և տարվա այս շրջանում, երբ տոմսերի գինը բավականաչափ մատչելի է, հազարավոր քաղաքացիներ էին գտնվում արտերկրում։ Այժմ նրանք դեռևս շարունակում են վերադառնալ՝ անմիջապես տեղափոխվելով կարանտին՝ խիստ հսկողության։

«Բացի այդ, շնորհիվ Լուգարի լաբորատորիայի, PCR թեստերը (որոնք ամենառեալն են) պատասխան էին տալիս առավելագույնը հինգ ժամում, նույնիսկ Ամերիկայում նախագահի թեստի պատասխանին երկու օր են սպասել»։

Վրաստանում գործող ամերիկացի գիտնական Լուգարի անվան լաբորատորիան բացվել է 2011-ին՝ Վրաստանի ու ԱՄՆ-ի ՊՆ-ների միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա և հավատարմագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։ Այս լաբորատորիայի օգնությամբ երկրում ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հետ աշխատող տասը կետ է բացվել․ վիրուսի դեմ պայքարն այդպիսով ավելի է արագացել։ Եւս մեկ կարևոր քայլ՝ Վրաստանը մի փոքր շեղվել էր ԱՀԿ-ի հաղորդակարգից և միայն ջերմաչափմամբ չի որոշել վիրուսի հնարավոր առկայությունը։   

«Սահմանների փակում, կարանտին, տրասպորտային երթևեկության դադարեցում, այս քայլերը հնարավորություն տվեցին առաջին փուլում ունենալ քիչ դեպքեր՝ ամենաքիչը  Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի համեմատ»։   

Բայց մասնագետի խոսքով Վրաստանը չի կարող խուսափել վիրուսի լայնամասշտաբ տարածումից․ այսօր երկրում կա ներքին տարածում, երբ վարակակիրը չգիտի որտեղ է վարակվել․ չի եղել արտերկրում, չի շփվել որևէ հիվանդի հետ․ «Ահա այսպիսի տարածումը դեպքերն ավելացնելու ռիսկ է ստեղծում, բայց, եթե Վրաստանում հայտարարված կոչը՝ «Մնա տանը», գոնե մեկ ամսվա ընթացքում խստորեն պահպանվի, այդ դեպքում չենք ունենա միաժամանակ մեծ թվով վարակակիրներ»։ 

Վրաստանում ևս, ինչպես այլ երկրներում, ծանր հիվանդները մոտ հինգ տոկոս են կազմում։ «Իհարկե մենք այդպիսի պիկ ունենալու ենք․ ամսվա վերջին 700-800 վարակակիր։ Կարևորը բոլորս միաժամանակ չվարակվենք։ Մենք կարող ենք 1200-1500 հիվանդի ընդունել միաժամանակ, ունենք մոտ 1500 տեղ վերակենդանացման բաժիններում և մոտ 2000 շնչառական ապարատ, ուստի Վրաստանի առաջադրանքն է ամեն ինչ անել՝ միաժամանակ քաղաքացիների հիվանդանալը բացառելու համար»։

Վրացի իմունոլոգը ասում է, որ գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում կորոնավիրուսից, սակայն կան որոշ ուսումնասիրություններ, որոնք դեռևս գիտականորեն ապացուցված չեն, որ տուբերկուլյոզի դեմ պատվաստվածները գրեթե չեն հիվանդանում, կամ հիվանդությունը նրանց մոտ թեթև ընթացք է ունենում։ Ասում է՝ եթե այդ կարծիքները հաստատվեն, ապա Վրաստանը վիրուսի դեմ պայքարում կարող է դուրս գալ հաղթանակած, քանի որ բնակչության մեծ մասը ստացել է նման պատվաստում (հայտնի է ԲՑԺ (БЦЖ) անվամբ)։ 

Back to top button