ԿարևորՀասարակություն

Եթե Բաքուն Սարիբեկյաններին ժամանակին չփոխհատուցի, տուգանքներ կվճարի

Տասը տարի առաջ ադրբեջանական կողմում հայտնված Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ որոշումը նախադեպ է Եվրոպական դատարանում գտնվող մյուս գործերի համար։ Մի քանի օր առաջ  ՄԻԵԴ–ը բավարարեց Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի։

Երիտասարդի ընտանիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հղած դիմումում հայտնել էր, որ Սարիբեկյանը սխալմամբ հատել է սահմանը մառախուղի պայմաններում՝ փայտ և կորած անասուններին փնտրելիս, սակայն Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են մոտակա ադրբեջանական գյուղի դպրոցը պայթեցնելու ծրագրում ներգրավված լինելու մեջ:

Նրան տարել են Բաքվում ռազմական ոստիկանության բաժին և պահել խցում, որտեղ էլ մահացած  հայտնաբերվել է 2010 թվականի հոկտեմբերին: Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ նա կախվել է:

Սարիբեկյանի մարմնի վրա, սակայն, խոշտանգման հետքեր էին  հայտնաբերվել։ Ինչ ընթացակարգ է ենթադրում Եվրոպական դատարանի որոշումը։

Հայկական կողմը պահանջում է, որպեսզի 10 տարի առաջ Ադրբեջանում հայտնված ու բռնության հետեւանքով մահացած Մանվել Սարիբեկյանի գործով բոլոր մեղավորները բացահայտվեն, ասում է ՄԻԵԴ–ում այս գործով փաստաբան Արտակ Զեյնալյանը։ 

Մի քանի օր առաջ ՄԻԵԴ–ը բավարարեց Ադրբեջանում 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրեց Բաքվին  Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Ծնողները Բաքվից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել է որպես երրորդ կողմ։

Եվրոպական դատարանի որոշմամբ Ադրբեջանը խախտել է Սարիբեկյանի կյանքի իրավունքը։ Դատարանը փաստում է, որ ադրբեջանական կողմում հայտնվելուց հետո Գեղարքունիքի Թթուջուր գյուղի բնակիչը մահացել է բռնության հետևանքով։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե նա կախվել է, Եվրադատարանը ընդունելի չի համարել։ Այսպիսով, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Մանվել Սարիբեկյանի մահվան համար։

ՄԻԵԴ-ի որոշումն ուժի մեջ կմտնի երեք ամսից։ Մինչ այս` Ադրբեջանը այն կարող է բողոքարկել Մեծ պալատում։ Փաստաբան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կսպասեն մինչեւ մայիս, որպեսզի հասկանան անելիքը․

«Եթե եռամսյա ժամկետը լրանա ու Ադրբեջանը չվճարի, ապա յուրաքանչյուր ամիս այդ գումարի վրա տոկոսներ են ավելանալու՝ Ադրբեջանի ԿԲ–ի սահմանած տոկոսներով»։

Եռամսյա ժամկետը լրանալուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության տակ Բաքուն պետք է կատարի վճիռը` ասում է փաստաբան Արտակ Զեյնալյանը։ Կարեւոր որոշում է կայացրել Եվրոպական դատարանը, ու դրանք կիրառելի են։ Ինչ պետք է անի Ադրբեջանը` ըստ ՄԻԵԴ որոշման․

«Բաքուն պետք է նախաքննություն իրականացնի ու բոլոր մեղավորներին պետք է բացահայտի ու դատապարտի արագ, քանի որ Եվրոպական Դատարանն ուղենիշ է տվել․․․ Դատաբժշկական փորձաքննությունների էական տարբերություն կա։ Բաքուն հղում է անում տեսագրությանը, պահանջել ենք, որ ներկայացնեն, չեն ներկայացրել»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հետեւում է ՄԻԵԴ որոշումների կայացմանը, եւ եթե Բաքուն հրաժարվի կատարել որոշումը, ապա, ըստ Արտակ Զեյնալյանի, դրան կարող են հետեւել ԵԽ բանաձեւերը։

Back to top button