Հասարակություն

Նորագույն տեխնոլոգիաները՝ Նազիկ Ասլանյանի կտավներում

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Բնություն, գույն, զգացողություններ ու նոր տեխնոլոգիաներ․ այս ամենն արտացոլված է նկարչուհի Նազիկ Ասլանյանի «Իրականության բացահատումներ» խորագրով ցուցահանդեսում։

Նկարիչների միությունում բացվել է Նազիկ Ասլանյանի նկարների ցուցադրությունը, որտեղ ներառված են նկարչուհու վերջին երեք տարիների ավելի քան 50 կտավ՝ «Ծաղիկը», «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը» շարքերից:

Ուշագրավ էին հատկապես եռաշերտ ապակե «կտավները», հեղուկ ապակու շնորհիվ փայլ ստացած ստեղծագործություններն ու ոսկու թերթիկներից ստացված գույնը։

Նազիկ Ասլանյանի խոսքով՝ իր ոգեշնչման աղբյուրը բնությունն է, որն իր գույներով նոր գաղափարներ ու մտքի թռիչք է տալիս։

«Այս անգամ ներկայացրել եմ թվային ժամանակակից տեխնիկան՝ այն զուգորդելով դասական կտավի, յուղաներկի հետ «Բնություն» շարքում։ Եռաշերտ թափանցիկ ապակու վրա ստացել եմ նկար, որը կամայական լույս ու ստվերով, կարծես, ամբողջացնում է կտավը։ «Բնություն» շարքում առանձնացնում եմ «Ծառերը»․ սրանք ստիլիզացված, պարզեցված գունային գծային լուծումներ են։ Այս պարզության մեջ նաեւ խորությունն եմ ուզում շեշտել, այսինքն՝ խորությունը հենց այդ պարզության մեջ է։ Ընդհանրապես, ես մեկնաբանում եմ իմ կտավները, բայց կարծում եմ՝ ամեն մարդ յուրովի է ընկալում»,- ասաց արվեստագետը։

«Ոսկու թերթիկները, ինչպես նաեւ ապակին շատ արվեստագետներ են փորձում կիրառել իրենց ստեղծագործություններում»,- հավելեց Նազիկ Ասլանյանը։

Նրա խոսքով՝ ժամանակներն այժմ թույլ են տալիս տարբեր էքսպերիմենտներ անել։

«Ըստ իս, դիտողն ազատ է ստեղծագործություններն ընկալել այնպես, ինչպես ցանկանում է: Կտավին նայելով՝ մարդը ստեղծագործության համահեղինակ է դառնում, ունենում զգացումներ, որոնք միայն իրենն են»,- նշեց նկարչուհին։

Ըստ Նազիկ Ասլանյանի՝ արվեստագետները ոգեւորվում են ամեն ինչից՝ լույսից, ստվերից, շատ փոքր, երբեմն անտեսանելի բանից, որ ուրշը չի նկատում։ «Սա հոգեւիճակ է»,- ընդգծեց նկարչուհին։

Նազիկ Ասլանյանի աշխատանքներն առանձնանում են իրենց գույնի միջոցով ձեւերի պարզեցմամբ, որոնք երկչափ մակերեւույթի վրա ստեղծում են տարածակկան հարթություն։ Այս արվեստը եւ ռոմանտիկ է, եւ ավանգարդ, այստեղ կա եւ արտահայտչականություն, եւ վերացականություն, այն մինիմալիստական է եւ միաժամանակ կոթողային։ Նազիկի արվեստը խոսում է կոսմոպոլիտ լեզվով, որի շնորհիվ այն մեծ արձագանք է ստանում ինչպես իր հայրենիքում, այնպես էլ համաշխարհային հարթակներում։

Մոնպելի Պոլ Վալերի համալսարանի միջնադարյան պատմության եւ արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյան

«Տարբեր առաջարկներ ունեմ, վերջինը Մարսելում «Սիաք» ցուցահանդեսին մասնակցությունն էր։ Երկու ամիս առաջ բրիտանական «Արտ Հաբենս» ամսագրում տպագրվեց մեծ հոդված՝ նկարների խորը վերլուծությամբ (16 էջ): Առաջարկներ ունեմ, բայց չեմ ասում, որովհետեւ դեռ հստակ չեն»,- պատմեց նկարչուհին։

Նկարչուհու անհատական չորրոդ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

Նազիկ Ասլանյանը Հանրային ռադիոյի լեգենդ՝ հաղորդավար, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի թոռնուհին է։

Back to top button