ԿարևորՔաղաքական

Կարեւոր եւ արդյունավետ. Փաշինյանը՝ Գախարիայի հետ հանդիպումների մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր ու արդյունավետ է բնորոշել պաշտոնական այցով մեր երկում գտնվող իր վրացի պաշտոնակից Գեորգի Գախարիայի հետ հանդիպումները:

Բարձրաստիճան հյուրին էլ Բաղրամյան 26-ում հայկական ջերմությամբ է ընդունել։ «Իմ՝ վարչապետ ընտրվելուց  հետո  հայ-վրացական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ»,- հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին: «Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վարչապետ նշանակվելուց  հետո Նիկոլ Փաշինյանի առաջին արտագնա այցը Վրաստան էր: Սա Հայաստանի կառավարության ղեկավարը պատահական  չի համարում:  Հայաստանի համար  Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ դեր ունեն՝ ընդգծում է Փաշինյանը:  Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը նա համարում է   տարածաշրջանային  խաղաղության և  անվտանգության  մթնոլորտի ձևավորումը.

«Այս առումով  համոզված ենք, որ հայ- վրացական հարաբերությունների  շարունակական  զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած  արտաքին գործոնների ազդեցությունից: Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք  տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան»:

Վրաստանի վարչապետն իր հերթին շեշտում է, որ պետք է երկու երկրները հզորացնեն միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում։  Նա  Հայաստանում է պաշտոնական այցով: Վրաստանի կառավարության  ղեկավարը խոստանում է՝ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները կխորացնեն.

«Մեր հարաբերությունների ամենանշանակալի ցուցիչը տնտեսությունն է, որտեղ առաջընթաց ունենք, խոսել ենք տրանսպորտի, էներգակիրների հետ կապված հարցերի մասին, քննարկել ենք մշակութային ոլորտում գործակցության շարունակականության ուղիների մշակման մասին, անդրադարձել ենք նաև  տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ  խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել: Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում»:

Հայաստանի ու Վրաստանի միջև վերջին շրջանում արտահանման ծավալներն  ավելացել են: Հայկական ապրանքներն ավելի շատ են հայտնվում վրացական շուկայում:  Ծավալները փոքր են, սակայն արտահանվող երկրների կառուցվածքում Վրաստանն առաջին հնգյակում է:  Արտահանվող ապրանքների մեջ գերակշռողը վերամշակվող արդյունաբերությունն է: 

Փորձագետներն  ընդգծում են՝ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի տնտեսությամբ: Վարչապետ Փաշինյանը վստահ է՝ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովն իր աշխատանքներով  ու  կազմակերպվող  գործարար համաժողովները կսերտացնեն տնտեսական հարաբերությունները:

Back to top button