Հասարակություն

Բուհերում Հայոց լեզվի դասավանդումը հնարավոր է պարտադիր չլինի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

«Ռադիոլուրի»  հետ զրույցում  նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հաստատեց այս տեղեկությունը, ասաց, որ բուհն ինքը պետք է որոշի ներառե՞լ «Հայոց լեզու» և «Հայ պատմություն» առարկաները, թե՞ ոչ: Առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկզբունքին՝ ասում է:

Սամվել Կարաբեկյանը  նշում է, որ ցանկացած առարկա, որն ունի հովանավորչական  մոտեցում, այն էլ օրենքի մակարդակով, բացասաբար է ազդում տվյալ առարկայի  գիտելիքների վրա։

Միջուկային ֆիզիկայի ամբիոն վարիչ  Անահիտ Բալաբեկյանը համոզված է, որ այդ բացը պետք է լրացնեն դպրոցները։ Հիշում է, որ երբ  դպրոցն ավարտեց, նույնքան  լավ տիրապետում  էր և հայոց լեզվին, և ֆիզիկա առարկային, որ երկընտրանքի առջև էր կանգնել և չգիտեր, թե որ ուղղությունը ընտրեր։ Ի վերջո՝ ընտրեց ֆիզիկան։

Ասում է, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկան  պետք արդեն դպրոցից շատ լավ ուսումնասիրած գան համալսարան, բայց Հայոց պատմություն» առարկայի մասին նույն կերպ չի մտածում։

«Պատմությունը  հնարավոր է, որ դպրոցներում չհասցնեն ուսումնասիրել, ու դա պետք է ներառվի բուհերի ծրագրերում, սակայն լեզուն և գրականությունը մի փոքր այլ է։ Դպրոցները թերանում են։  Անցումային ժամանակաշրջան պետք է լինի, որ բուհերում մնա, իսկ դպրոցները վերանայեն իրենց դասավանդման պրոցեսները»:

Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը զարմանում է, որ նման դրույթ  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում չկա։ Ասում է, որ բուհերում չեն ուսուցանում այն հայոց լեզուն, որը ուսուցանում են դպրոցներում։ Բուհերում ուսուցանվող առարկան արդեն մասնագիտական է. «Հայոց լեզու» իրավաբանների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների և մյուսների համար, ու հիմա վաղուց այն վերածվել է խոսքի մշակույթի։

 «Մեր օրենսդրությունը կարդում ենք, այն կարծես ոչ հայերեն է։ Պետական պաշտոնյաները խոսում են, պարզաբանումներ են ներկայացնում ու նրանց հայերենը հարիր չէ այն հայերենին, որը   սահմանադրությամբ ամրագրված պետական լեզու է։ Այն ազգը, որն իր պատմությունը լավ չի տիրապետում, ինքը չի կարող դառնալ լավ քաղաքացի, իսկ դպրոցական ծրագիրը  դեռ բավարար պայման  չէ»։

Նարինե  Դիլբարյանը  համաձայն չէ այն տեսակետի հետ, որ այս առարկաների օրենքով ամրագրումը սահմանափակում է ակադեմիական ազատությունը։ Ավելին՝ նշում է, որ պետական պաշտոնյաները, երբ քաղծառայության են անցնում, հայերենի պատշաճ գիտելիքների քննություն  պետք է  հանձնեն:

«Չի կարող սահմանափակել մարդու ակադեմիական ազատությունը ոչ մի կերպ, քանի որ մարդու մտածելու ունակությունը զարգանում է միայն լեզվի միջոցով»՝ ասում է։

Back to top button