ԿարևորՀասարակություն

Դիպչելով մանկական սրտերին

«Արևոտ կղզում» ձմերուկի, դեղձի, խաղողի, նարնջի սենյակները միմյանցից բաժանում են վառ ծիրանագույն պատերը։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում արևոտ օրերը քիչ են, և պետք է արև նվիրել բոլորին, հատկապես նրանց, ովքեր առավել սուր են զգում  ջերմության ու հոգատարության կարիք։

«Արևոտ կղզու» ժամանակավոր բնակիչներին մեծերը նկատողություն չեն անում․ նրանց այստեղ ամեն ինչ կարելի է։

Չորսամյա Ավետ Սարիկյանը տասնմեկ օր բնակվեց «Արևոտ կղզու» ձմերուկի սենյակում: Փոքրիկը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, ուր նրա ծննդից ամիսներ առաջ  տեղափոխվել էին նորապսակ ծնողները․  սպասված առաջնեկը լույս աշխարհ եկավ սրտի արատով։

«Արևոտ կղզում» անցկացրած ու իր կյանքի համար վճռորոշ դարձած  այդ օրերից ամենաշատը տպավորվել է վիրահատարան գնալու, մայրիկից բաժանվելու պահը։

Ավետ Սարիկյանը «Արևոտ կղզուց» հեռացել է ընդմիշտ, նրա առողջական խնդիրը մնացել է վիրահատարանի պատերից ներս. փոքրիկին վիրահատած բժիշկն է հավաստիացնում՝ կրկին «յանով» վերջացող ազգանուն ունի Մովսեսյան․ Ռուբեն Ռուդոլֆի՝  Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոցի մանկական կարդիովիրաբուժության բաժնի վարիչ։ Մեր այցելության պահին առավոտյան շրջայց էր, պրոֆեսոր Մովսեսյանը զննում էր չորսամյա Թիմուրին:

Եթե Ավետը Սանկտ Պետերբուրգում է ապրում, նրա տարեկից Թիմուրը ծնվել և բնակվում է Ուզբեկստանում, բարդ պաթոլոգիան հայրենիքում հաղթահարել չեն կարողացել: «Արևոտ կղզի» Թիմուրն ու նրա մայրիկը՝ Նարգիզը դեռ վերադառնալու են։

«Մենք Ուզբեկստանից ենք, իմ որդին չորս տարեկան է, իմացանք սրտի արատի մասին, երբ կես տարեկան էրմեզ այնտեղ չէին կարողանում ճիշտ ախտորոշում  անել: Դրա համար ստիպված եկանք այստեղ: Երեխային վիրահատել են, հաջող է անցել միջամտությունը, բայց թոքերում ջուր է հավաքվում, հիմա ջուրն են հեռացնում: Մեր վիրահատությունն արել է Ռուբեն Ռուդոլֆովիչ Մովսեսյանը»:

Բժիշկ Մովսեսյանի հետ արդեն ապաքինված կամ դեռ օգնության կարիքն ունեցող փոքրիկների ծնողների աչքերում անսահման ջերմություն ու երախտիք ես կարդում։ Յուրաքանչյուր տարի նրա ղեկավարած բաժանմունքում վիրահատվում է տարբեր արատներ ունեցող մինչև 18 տարեկան մոտ վեց հարյուր երեխա, 70 տոկոսը՝ մինչև մեկ տարեկան, 50 վիրահատությունների դեպքում նորածինները կշռում են 900 գրամից պակաս: Վիրահատվող փոքրիկներից երեք տասնյակը ԱՊՀ երկրներից են:

Արդեն աշխատասենյակում պրոֆեսորի հետ խոսում ենք ամենօրյա  կարևոր առաքելության ու հայկական արմատների մասին։

Կա՞ն ազգեր, որոնց ավելի հակված են սրտի արատների, և ինչպիսի՞ն է հայերի մոտ այս վիճակագրությունը: Բոլոր ազգերի մոտ գրեթե նույն վիճակագրությունն է, ասում է:

«Սրտի բնածին արատներով ծնվածները բոլոր երկներում գրեթե նույն տոկոսն են կազմում։ Մոտավորապես  տասը հազար երեխայի հաշվարկով 9-10 երեխա է ծնվում  այս կամ այն ծանրության արատով, սրտի բնածին արատների ծանրության իմաստով նույնպես գենետիկորեն  ամեն ինչ կոդավորված է՝ մեկը հանդիպում է 30-տոկոս դեպքերում, մյուսը մեկ երկու, այս ամենն ապացուցում է, որ գենետիկ կոդը որոշակի պարբերականությամբ շեղվում է»:

Ասում են, կան Աստծուց տրված մասնագիտություններ, և իմ համոզմամբ սրտային վիրաբույժը հենց այդպիսի մասնագիտություն է, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը, մեր հարցին պատասխանում է․

«Կարծում եմ, Աստծու տրված մասնագիտություն ասածը փոքր- ինչ չափազանցված է, կարծում եմ՝ ամեն ինչ ծրագրված է, իմ  հայրն էր կարդիովիրաբույժ։ Այնպես ստացվեց, որ ինձ էլ գրավեց այս մասնագիտությունը։ Թերևս, յուրաքանչյուրն իր պատմությունն ունի»:

Պրոֆեսոր Մովսեսյանի հայրը Երևանից է, աշխատել է Միքայելյանի անվան կենտրոնում, Մոսկվա տեղափոխվել է անցյալ դարի 60-ականներին, աշխատել հանրահայտ Բակուլևի անվան կենտրոնում, գործուղվել Ալժիր, վերադարձել Մոսկվա: Հայազգի բժշկի արմատները տանում են դեպի Լեռնային Ղարաբաղ, Հերհեր:

Հայաստան ժամանակ առ ժամանակ գալիս է՝ հիմնականում մասնագիտական այցերով: Ի՞նչ եք սիրում Հայաստանում տեսնել, համտեսել: Հայկական ճարտարապետություն, եկեղեցիներ, Խոր Վիրապ և իհարկե հայկական հյուրընկալություն, հաճելի, սակայն սրտաբանի դիտակետից, մեղմ ասած ոչ օգտակար առողջության համար:

«Ամենազարմանալին նրանց համար, ովքեր գալիս են Հայաստան,  հյուրասիրությունն է: Իմ կարծիքով դա ամենասարսափելին է՝ բոլորին կերակրելու ցանկությունը։ Այնպիսի տպավորություն է, որ դու սողալով ես հեռանալու և ինքնաթիռը քեզ չի բարձրացնելու: Ամեն 20 րոպեն սուրճ խմել… նման ծանրաբեռնվածության կարող է դիմանալ միայն հայկական սիրտը: Սննդի, ջրի, սպիրտի, մրգի, ամեն ինչի մեջ չափն անցնելը թույն է օրգանիզմի համար: Ուստի, երև,ի ամեն տեղ առաջինը ուղեղը պետք է լինի»:

Ի՞նչ անել, որպեսզի սիրտը առողջ մնա, ամբողջ կյանքի ընթացքում:

«Իմ կարծիքով` երկու բաղադրիչ, մենք ինքներս մեզ միշտ երես ենք տալիս՝ վաղվանից ավելի քիչ կուտեմ, շատ կշարժվեմ, ավելի քիչ սուրճ կխեմ և առողջ ապրելակերպ կվարեմ, և երկրորդը՝  հավատը: Հավատն օգնում է ամեն ինչում։ Եթե դու հավատում ես ընտանիքին, Աստծուն, սեփական ուժերին, սեփական որոշումների և գործողությունների իրավացիությանը, եթե հավատում ես, ուրեմն քեզ ավելի հեշտ կլինի։ Սա իրապես ճիշտ է, քանի որ մտքերը նյութականանում են: Երբ ես տեսնում եմ, որ իմ փոքրիկ հիվանդների ծնողները լարված են և ունեն ներքին անվստահություն, նրանց հետ դեռ երկար խոսում եմ, իսկ երբ տեսնում եմ, որ նրանց աչքերում կա լիարժեք վստահություն, նրանց մտքերը նյութականանում են, դառնում են գործ: Պետք է հավատալ և վստահ լինել։ Ո՞վ է հաղթում։ Այն մարզիկը, որը կանգնել է վազքուղու վրա և վստահ է՝ ինքն առաջինն է հասնելու եզրագծին: Կյանքին, հիվանդությանը պետք է վերաբերվել սեփական ճշմարտացիության տեսանկյունից»:

Բժիշկ Մովսեսյանի աշխատասենյակի պատերին բազմաթիվ են մասնագիտական նվաճումների մասին վկայող դիպլոմները: Սակայն դրանք մեր զրուցակիցը չի կարևորում՝  ներռուսաստանյան թեմա է  ասում է, այն պաշտոյաների համար, որոնք իրենց ամենակարող են զգում, որպեսզի հասկանան. ամեն տեղ թելադրողի դերում լինել չեն կարող։ Ցավոք, աշխատող մեթող է, խոստովանում է պրոֆեսորը:

Իր աշխատասենյակում ամենակարևոր դիպլոմը համարում է եկեղեցուց ստացած 9,5 միլիոն ռուբլու նվիրատվության մասին սերտիֆիկատը. այն բազմաթիվ նոր բաբախող սրտեր է փրկելու:

Back to top button