Հասարակություն

Թումանյան 26 Ա․ ռեստորան, վնասված խողովակներ ու շինարարության դեմ բողոքող քաղաքացիներ

Մի քանի օրից կենտրոնում պետք է բացվեր «Բամբիշ» ռեստորանը, որը բնակելի շենքի նկուղային հատվածում է գտնվում: Ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներն ավարտվել էին, վերջին շտկումներն էին իրականացվում:

Սակայն դրսով անցնող խողովակաշարը վնասվել ու ամբողջ ջուրը լցվել է ռեստորան, այս դեպքում նաև բնակելի շենքի նկուղ: Ո՞րն է եղել խողովակաշարի վնասման պատճառը և ինչու՞ ժամանակին չի արձագանքել պատկան կառույցը:

 

 

Թումանյան 26Ա հասցեում եմ, որտեղ երեք օր շարունակ փողոցով անցնող խողովակաշարից ջուրը լցվել է դեռևս չբացված «Բամբիշ» ռեստորանային համալիր: Ռեստորանի տնօրինությունը ջրի հոսքը նկատելուն պես  անմիջապես զանգահարել է «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն ընկերությունից երկար ժամանակ հետո են արձագանքել ահազանգին:

«Այնտեղ ասեցին, որ իրենց լիազորության  մեջ չի մտնում այդ հատվածը: Համատիրություն զանգահարեցինք, ասեցին, որ զանգենք «Վեոլիա ջուր»։ Անընդհատ իրար վրա էին գցում և ամբողջ օրը մենք մինչև ժամը 7-8-ը զանգեցինք և չէին պատասխանում իրենք»:

Այնուհետև թաղապետարանի զանգերից հետո միայն «Վեոլիա ջուրը» մեկնել է դեպքի վայր:

«Դրսի հատվածում քանդել են խողովակը, տեսել են, որ ինքը վնասված է: Այն գործողությունը, որ կարելի էր կատարել մեկ օր առաջ, իրենք կատարեցին երկու օր հետո: Վնասվեց ամբողջ գույքը: մենք դեռ չենք բացվել,  ու արդեն այս խնդրի առաջ ենք կանգնել: Այս պահի դրությամբ չգիտենք փոխհատուցումն ինչպես է լինելու»:

Դեպի ռեստորան ջրային հոսք այս պահին  չկա, սակայն այնպես չէ, որ մշտապես խնդիրը լուծվեց: Կրկնվելու հավանակությունը մեծ է, մինչդեռ շենքի հետնամասում չավարտվեն  շինարարական աշխատանքները, ասում է Անի Շահբազյանը:

«Այստեղով անցնում են մեծ բեռնատարներ, շինհրապարակ են գնում ու այդ մեքենաներն էլ վնասում են ջրագծերը, որոնք անցնում են ռեստորանի առջևով:  Ինքը մեծ խողովակ է, փոքր չէր, որ մենք կարողանային ինքներս  ինչ-որ քայլեր նախաձեռնեինք: Այս հատվածից աստիճաններից սկսված ջուրը հոսելով լցվել է ներս»:

Մինչ զրուցում էի ռեստորանի մենեջերի հետ,  Թումանյան 26Ա հասցեում իրականացվող շինարարության դեմ էին բողոքում նաեւ հարակից շենքի մի քանի բնակիչներ: Ըստ Աբովյան 22 Ա հասցեի բնակչի՝ այստեղ շինարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեին միայն 350 քմ տարածքի վրա, սակայն իրացրել են 2000 քմ տարածք և քանդել են նախատեսվածից կրկնակի ավելի տուն:

«Իրենք փոխել են հողատեսքը: Եվ հորիզոնից մոտ 1.5-2 մետր իջել են, որի թույլտվությունը չունեն:  իսկ հիմա փորձում են կատվալան փորձել: 2014 թվականին հաստատված շինարարական նորմի համաձայն՝ շենքի 4-5 հարկայնության դեպքում միջշենքային հեռավորությունը պետք է լինի առնվազն 15 մ, մինչև 7-ի դեպքում  25 մետր: 7-ից հետո  շենքի բոյին: Այստեղ մեր շենքից 3 մետր հեռավորության վրա կատվալան են փորձում փորել, շենքը կխարխլվի, բոլորն են ասում: Այն շենքի հետ նման բան արեցին»:

«Ռադիոլուրը» կապվեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ պարզելու արդյո՞ք բեռնատարների անցնելը կարող էր վնասել ջրագիծը։ Տեղեկացրին, որ համապատասխան մասնագետների կարծիքն ստանալուց հետո մեզ կպատասխանեն։ Քաղաքապետարանից եւս փորձեցինք պարզել, թե մոտական շինարարության թույլտվությունը երբ եւ ինչ ծավալով է տրվել։ Մեր հեռախոսազանգերը Երեւանի քաղաքապետարանի մի քանի վարչություններ մնացին անպատասխան։

Ցուցադրել ավելի
Back to top button