ԿարևորՔաղաքական

Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը ճիշտ են, թե ոչ


Վերջին շրջանում մամուլը ողոված է  համայնքների ղեկավարների հրաժարականների լուրերով:

Լուրեր են շրջանառվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, պարզել է «Ռադիոլուր»-ը:

Ավագանու «Ելք» խմբակցության ունեցած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է, սակայն այն չի հրապարակում: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քաղաքապետը փաստացի չի կատարում  իր պարտականությունները. չի վարել  ավագանու երեկվա նիստը, մի քանի օր է չի գալիս աշխատանքի և որոշ փաստաթղթեր, որոնք ենթադրում են քաղաքապետի ստորագրություն, չեն ստորագրվում:

«Չի հրապարակվում կարծում եմ այն պատճառով, որ դեռևս խնդիր կա հասկանալու հետագա անելիքները: Եվ պետք է որոշվի, արդյո՞ք Երևանի ավագանին գնում է լուծարման, թե՞ լինելու են պարզապես քաղաքապետի ընտրություններ և լուծարման խնդիրը հետագայում է դրվելու»:

Հանրապետական խմբակցության  մի քանի անդամների և նաև փոխքաղաքապետերի հետ կապվել մեզ չհաջողվեց: Հարցի շուրջ զրուցեցինք միայն  ավագանու հանրապետական անդամներից Աստղիկ Գևորգյանի, Նաիրա Նահապետյանի, Լեւոն Իգիթյանի եւ Մարտին Վարդազարյանի հետ:

«Որևէ խոսակցություն չի եղել: Ավագանու երեկվա նիստը քաղաքապետը չի վարել, սակայն նիստի ընթացքում էլ  քննարկումներ չեն եղել: «Տեղյակ չեմ»:

Վերջին ժամանակներս տարբեր համայնքներում ղեկավարների հրաժարականներին պահանջներ են հնչում, որոշ քաղաքապետեր արդեն ազատման դիմումներ են գրել։  Էջմիածնում և Արմավիրում պաշտոնից հրաժարված քաղաքապետերի փոխարեն կան ժամանակավոր  պաշտոնակատարներ:

Էջմիածնում Կարեն Գրիգորյանին փոխարինում է Դիանա Գասպարյանը, իսկ Արմավիրում Ռուբեն Խլղաթյանին՝ Դավիթ Խուդաթյանը: Հրաժարական տված Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին փոխարինողը հատնի կդառնա ավագանու արտահերթ  նիստում՝ հուլիսի 2-ին:  Իսկ Մեծամորի մի խումբ բնակիչներ էլ պահանջում են  քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի հրաժարականը:

Back to top button