Հասարակություն

Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը՝ լիբանանահայերի մտահոգության պատճառ

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել։ 22 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ԵՄ Բրյուսել է ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ ԵՄ Գերագույն հանձանակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը կհետևի պաշտոնական Վաշինգտոնի օրինակին` Երուսաղեմը կճանաչի Իսրայելի մայրաքաղաք:

Սակայն Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ չի հետեւի ԱՄՆ օրինակին, ԵՄ- ն հանդես է գալիս երկու՝ հրեական եւ պաղեստինյան պետությունների գոյության օգտին։ Քաղաքական զարգացումների ֆոնին չեն դադարում բողոքի ցույցերը։ Ըստ լիբանանահայ Նուշիկ Սարգսյանի՝ զգացվում է նոր պատերազմի վտանգ։ «Ռադիոլուր»-ն է զրուցել Իսրայելի հարեւան երկրներում ապրող հայերի հետ:

Երեկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վառվել են ամանորյա տոնածառի լույսերը, բայց վառ գույները չեն խաղաղեցրել լիբանանցիների անհանգստությունը: Դեկտեմբերի 6-ից երկրում կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Ի՞նչ պետք է լինի մեր՝ շարքային լիբանանցու վիճակը, մեզ հետ զրույցում անհանգստություն է հայտնում Նուշիկ Սարգսյանը։

Վախով նշում, որ Լիբանանն այսօր ներքաղաքական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ Երկրում չկարգավորվող սոցիալ-տնտեսական վիճակը, դրան զուգահեռ հերթական արտաքին մարտահրավերը Լիբանանում նոր պատերազմի սկսելու վտանգի առաջ է կանգնեցնում։ Զրուցակիցս ցավով փաստում է, որ հայերն այսօր սպասում են ընթացող զարգացումներին, շատերն անգամ ունեցվածքն են սկսում վաճառել՝ Հայաստան դառնալու համար: Լիբանանահայերին սպառնում  է սիրիահայերի ճակատագիրը՝ ասում է տիկին Նուշիկը:

«Ցույցեր են եղել ԱՄՆ դեսպանատան առջեւ: Վիրավորներ են եղել: Ժողովուրդը մտահոգվում է հրեայի եւ Հզբոլլահի միջեւ հնարավոր պատերազմի վերսկսումից: Այս եթե պատահի, ժողովրդի թեւ թիկունքը պետք է կտրվի: Քաղաքը պատերազմ չի կարող ընդունել, արդեն անգործության իսկական պատերազմի մեջ է, եւ զենքի պատերազմին չի կարող դիմակայել: Ընտանիքով մտածում ենք հայրենիք տուն դարձի մասին: Մի քանի կալվածքներ պետք է ծախենք, որ կարողանանք կազմակերպել»:

Նկարը՝ Հռիփսիմե Առաքելյանի ՖԲ էջի

Լիբանանի հարեւան Հորդանանում նույնպես չեն դադարում ցույցերը: Ամենամեծ ցույցը կազմակերպվել է ուրբաթ օրը՝ նամազից հետո, իսկ այսօր արդեն կրքերը հանդարտ են՝ մեզ փոխանցեց հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Մարալ Ներսեսյանը։

Նկարը՝ Հռիփսիմե Առաքելյանի ՖԲ էջի

Իհարկե հանդարտությունը ժամանակավոր է՝ ասում է՝ շարունակելով, Հորդանանի պետական քաղաքականությունը նույնպես դեմ է Թրամփի որոշմանը։ Ի դեպ, Մարալի ծնողները երուսաղեմաբնակ են, եւ իր համար ԱՄՆ նախագահի որոշումը նույնպես մտահոգիչ է՝ Երուսաղեմի հայկական համայնքի եւ եկեղեցապատկան ժառանգության ճակատագրի առումով:

«Մենք որպես ազգ միակներից ենք, որ հին Երուսաղեմում գործեր ունենք: Վերջերս, իհարկե, ոչ պաշտոնական շրջանակներում հրեաները շեշտում են, որ հայերը արաբների հետ ավելի սերտ եմ համագործակցում, բայց այդպես չէ: Մենք երկու կողմերի հետ էլ նույն հարաբերությունների մեջ ենք: Բայց հայերն այնտեղ ապահով են»:

Երուսաղեմբանակ Հակոբ Անդրեասյանը ներկայացնելով հայտարարությունից հետո տեղի ունեցող զարգացումները, այն բաժանեց երկու մասի՝ պաշտոնական դիրքորոշում եւ հասարակական կարծիք: Ըստ պրն Հակոբի, քաղաքական շրջանակները եւ ԶԼՄ-ները ցնծության մեջ են, իսկ ժողովուրդը հանգիստ է վերաբերվում նորությանը։ Միահամուռ տեսակետով 3000 տարի է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն էր, նոր չէր իրենց համար Թրամփի որոշումը:

Երուսաղեմաբնակ մեր հայրենակիցն անդրադարձավ որոշման տնտեսական հատվածին նշելով, որ դեկտեմբերի 6-ից հետո զբոսշրջային հոսքն է դադարել, մարդիկ զգուշավոր են դարձել Արեւելյան Երուսաղեմ այցելելու համար:

«Իրականության մեջ հստակ քայլեր դեռ պետք է առնվեն առաջիկա ամիսների ընթացքում: Կարեւոր մեկ հանգամանք՝ Իսրայելի բանակը, ոստիկանությունը ցույցերի անցկացման պարագայում ուժ չի գործադրում, իսկ այս անգամ ուժ գործադրեց եւ զոհեր եղան»:

Եվ ներկայացնենք քաղաքական եւս մեկ զարգացում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին վաղը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է Թրամփի հայտարարությանը:

Նիստին հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ աջակցում է մահմեդականների շահերի պաշտպանությանը: Արեւելագտներն այս դեպքում հռետորական հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է Բաքուն բավարարելու մի կողմից ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները:

Back to top button