ԿարևորՔաղաքական

Քարոզարշավը եզրափակվում է աղմկոտ նոտաներով


Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը եզրափակվում է աղմկոտ նոտաներով: Երեկվանից ուշադրության կենտրոնում «Ելք» դաշինքի ահազանգն է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին: Փաստն արձանագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը, դրան ընթացք  է տվել ընդդիմադիր դաշինքը՝ իրավապահներին  հաղորդում ներկայացնելով: Ընթանում է հետաքննություն, պարզվում են միջադեպի մանրամասները՝ այս պատասխանն են տվել «Ռադիոլուր»-ին ոստիկանությունից: Իսկ մինչ իրավապահները հետաքննում են,  «Ելքը» 2 դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դրանցից մեկով դաշինքը հանձնաժողովից պահանջում է Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով դիմել  դատարան, մյուսով առաջարկում է որպես չսահմանված նմուշի օրինակ գնահատել այն քվեաթեթերը, որոնց ծրարներում կհայտնաբերվի որևէ իր կամ նշում: Սրանով, ինչպես դաշինքի ներկայացուցիչներն են բացատրում, փորձում են կանխել վերահսկվող քվեարկության դեպքերը:

 

Ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրվա վերջին ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննության կառնի Ելք դաշինքի ներկայացրած երկու դիմումները: Երկուսի հիմքում էլ դաշինքի ներկայացուցիչների ահազանգն է ՀՀԿ շտաբներից մեկում ընտրակաշառքի բաժանման փաստի մասին: Դիմումները Կենտրանական ընտրական հանձնաժողով բերելով՝  դաշինքի առաջնորդները հենց շենքի դիմաց լրագրողների հետ բացօթյա ասուլիսի ժամանակ ներկայացնում են իրենց փաստարկները:

Երրորդ հանրապետության պատմության մեջ ընտրակաշառքի ամենախոշոր դեպքն ենք հայտնաբերել՝ ասում է «Ելք» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ թե չափի իմաստով, այլ փաստարկվածության: Մենք ամենաշատ փաստական նյութն ունենք տվյալ իրավիճակի մասին»:

Իսկ իրավիճակի մասին «Ելքն» ահազանգում է երեկ երեկոյից սկսած:  Ըստ դաշինքի ներկայացուցիչների պնդումների՝  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողն ականատես է դարձել, թե ինչպես են Տարոն Մարգարյանի՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող  նախընտրական շտաբում 20 հազարական դրամներ ու քվեաթերթեր հիշեցնող թերթիկներ բաժանում:

Լրագրողը փորձել է տեսանկարահանել, նրանից, սակայն,  հեռախոսը խլել են  ու ջնջել ամբողջ պարունակությունը: Տեսանյութերից մեկը պահպանվել է: Դեպքի վայր եկել են իրավապահները, բայց տարածքի զննում կամ խուզարկություն չեն կատարել, քանի որ ինչպես Փաշինյանն է ասում, ոստիկանները սկզբում ցանկացել են զննություն իրականացնել առանց «Ելք»-ի ներկայացուցիչների մասնակցության, երբ հասկացել են, որ դա հնարավոր չէ կապարականքել են, տարածքը:

«Ես վստահ չեմ կարող լինել, որ ներսում ինչ-որ բան կան: Չեմ էլ կարող վստահ լինել, որ չկա: Բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ թաքցնելու բան կա »:

Հրապարակված տեսանյութը զննում են նաև իրավապահները և առայժմ ձեռնպահ մնում մեկնաբանություններից:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Էդգար Ջանոյանը «Ռադիոլուր» -ին փոխանցեց ընդամենն այսքանը. « Տեղեկացնեմ, որ նշված դեպքով կան գրանցված ահազանգեր, դրանցով կատարվում են համապատասխան գործողություններ հանգամանքները  պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնում ընթանում է հետաքննություն: Դրա ավարտից հետո լրացուցիչ կտեղեկացնենք»:

Միջադեպով սկսել է զբաղվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու, վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, լրագրողի հեռախոսը կոտրելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հրապարակած տեղեկությունների հիման վրա ՝ օմբուդսմենի  աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկությունները, ըստ տարածված հաղորդագրության, ուղարկվել են գլխավոր դատախազություն:

Քանի դեռ իրավապահներն ուսումնասիրում են հարցը,  «Ելքն»  իր գործողություններն է ձեռնարկում: Դաշինքն այսօր երկու դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով : Դրանցից մեկով պահանջում է հանձնաժողովից  դատարան դիմել Հանրապետական կուսկցության գրանցումը չեղյալ համարելու հայցով: Մյուսով դաշինքը հանձնաժողովին մի քանի բան է առաջարկում, այդ թվում որպես չսահմանված նմուշի գնահատել այն քվեարթերթիկները, որոնց ծրարներում որևէ այլ իր կամ որոնց վրա որևէ այլ գույնով նշում կլինի: Էդմոն Մարուքյանն ասում է՝ սրանով փորձում են կանխել ընտրակաշառքը  ստուգելու մեխանիզմը:

Ելքի դիմումները ԿԸՀ-ն քննության է առնելու այսօր ուշ երեկոյան: Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում գնահատական տալ, թե որքանով են հիմնավոր դաշինքի փաստարկները: Ասում է՝ դա կարվի վարչական վարույթի շրջանակներում. « Վարչական վարույթի ժամանակ բոլոր փաստական հանգամանքները կներկայացվեն և դրանց վերաբերյալ հանձնաժողովը իրավական դիրքորոշում կհայտնի»:

Բայց մի փաստարկի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը դիրքորոշում արդեն հայտնում է: Բացառում է, որ նախընտրական շտաբում քվեաթերթիկներ բաժանված լինեն, ինչպես պնդում են դաշինքի ներկայացուցիչները:

Տիգրան Մուկուչյանն ասում է, որ  շտաբից հետևյալ պարզաբանումն են ստացել.  այդ թերթիկների  նմուշը նույնն է, բայց դրանք այն քվեաթերթիկները չեն, որոնք տրամադրվելու են քաղաքացիներին քվեարկության օրը: Դրանք  քարոզչական բնույթի թերթիկներ են , որոնցով  շտաբներում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզաբանում են,  թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։

Հավատում է այս պարզաբանմանը, թե՞ ոչ և ընդհանրապես ինչպես է ԿԸՀ-ն գնահատում «Ելք»-ի փաստարկները, պարզ կդառնա ավելի ուշ, ժամը 20-ին գումարվելիք նիստի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button