ԿարևորՀասարակություն

Հայաստանում է ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հանդիպումներ նաեւ նախագահի թեկնածուների հետ

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ Դիտորդական առաքելության ղեկավար տիկին Կարին Վոլդսեթին և նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի և նրա Խորհրդարանական վեհաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց այդ կառույցների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի գործում։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքը:

Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց ՀՀ ԱԳՆ պատրաստակամությունը` իր իրավասությունների շրջանակներում աջակցելու դիտորդական առաքելություններին։

+++

Հանդիպում Սերժ Սարգսյանի հետ

ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանունն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ:
Նախագահի խոսքով՝ այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաև Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված մոնիտորինգը, որի համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպությանը և ընդգծել, որ ակնկալում է համագործակցության հետագա խորացում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք գործադրվել և գործադրվելու է, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն էլ ավելի լավ, քան որևէ այլ ընտրություն անկախ Հայաստանի պատմության ընթացքում:

+++

Հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների հետ

ԵԽԽՎ դիտորդներն այսօր հանդիպել են նաեւ  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ։
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ուրվագծեցին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես եւ ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում իշխանությունների հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ նախընտրական շտաբի իրականացնելիք գործողությունները:
Դիտորդներին տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին որոշակի քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:

Թողնել պատասխան

Back to top button